Ինչպես է տեղի ունեցել ավտովթարը՝ ըստ մեղադրական եզրակացության
2013թ. հոկտեմբերի 20-ին Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով հարուցված գործով իրեղեն ապացույցներ են ճանաչվել երկու ցայտապաշտպանիչները, հողը, պլաստմասե դետալների բեկորները, սպիտակ ներկանյութը, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի հայելիները, բջջային հեռախոսը: Այս մասին տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ datalex-ում տեղադրված մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10-ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երևան քաղաքի ուղղությամբ։
Համաձայն մեղադրանքի՝ հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին, իրականացրել է ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն 71 կմ/ժ արագությամբ և երթևեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել Ճանապարհային երթևեկության կանոնների 65 և 66 կետերի, ինչպես նաև «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթևեկելի մասից դեպի աջ և առջևի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայի հետևի մասին:
Ըստ մեղադրանքի՝ արդյունքում «Վազ-21214» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ էդվարդ և էդգար Հակոբյաններին անզգուշությամբ պատճառվել է մահ, Տաթևիկ Հակոբյանի առողջությանը՝ ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ, էմմա Հակոբյանների, ինչպես նաև ավտովարորդ Արթուր Հակոբյանի առողջությանը՝ միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, քրեական գործը քննելու է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը: