Ստեփան Սաֆարյան. «Ինչո՞ւ Ղարաբաղի հարցը «без пяти минут» չլուծվեց Աբխազիայից և Հարավային Օսիայից հետո»

«Մենք պիտի հաշվի առնենք, որ Ռուսաստանն, ըստ էության, այս ամենը սանձազերծել է իր ազդեցության գոտիները պահելու համար, և մենք պետք է հաշվի առնենք, որ Ռուսաստանը նման կերպ կարող է վարվել նաև Հայաստանի հետ»,- 168.am-ի հետ զրույցում Ռուսաստանի գործողությունները Ղրիմի ինքնավարությունում այսպես գնահատեց «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ այժմ իրավիճակն Ուկրաինայում հատկապես սրված է Ղրիմի խնդրի շուրջ. մարտի 1-ին Ռուսաստանի Դաշնային խորհուրդը հավանություն տվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայցին` թույլատրել Ռուսաստանի զինված ստորաբաժանումներ մտցնելու Ղրիմի տարածք` ՌԴ սևծովյան նավատորմի և ռուսաստանցիների անվտանգությունն ապահովելու նպատակով:

Իսկ մինչ այդ զինված անձինք, ովքեր ենթադրաբար հենց ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչներ են, գրավել էին Ղրիմի Կիրովի ռազմական օդանավակայանը, տեղի Ռադան և այլ կարևոր ռազմավարական օբյեկտներ:

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը Ռուսաստանի Դաշնության գործողությունները որակեց որպես «չքողարկված ագրեսիա» Ուկրաինայի դեմ` հայտարարելով, թե Ռուսաստանը ցանկանում է կրկնել աբխազական սցենարը:

Կարդացեք նաև

Արևմտյան պետությունները ևս դատապարտել են Ռուսաստանի գործողությունները: Մասնավորապես, Մեծ յոթնյակի (G7) երկրները` ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Կանադան և Ճապոնիան, սառեցրել են Սոչիում Մեծ ութնյակի (G8, ԱՄՆ, Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Կանադա, Ճապոնիա, Ռուսաստան) գագաթաժողովի նախապատրաստումը և հանդես են եկել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողությունների քննադատությամբ: Մեծ յոթնյակի հայտարարության համաձայն՝ երկրները Ռուսաստանի գործողությունները համարում են Ուկրաինայի ինքնիշխանության ակնհայտ խախտում: Հայտարարությունում ասված է, որ Մոսկվայի գործողությունները համատեղելի չեն Մեծ ութնյակի գործողություններին:

Ուկրաինայի իշխանությունները և Արևմուտքը հայտարարել են, որ զորքեր մտցնելով Ղրիմ` Ռուսաստանը խախտել է 1994 թ. Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև կնքված հուշագիրը, որը վերաբերում էր Ուկրաինայի անվտանգության և ինքնիշխանության պահպանմանը:

Անդրադառնալով այն հարցին, որ մինչ օրս պաշտոնական Երևանը որևէ դիրքորոշում չի հայտնել և չի արձագանքել Ուկրաինայում կատարվող դեպքերի առնչությամբ, Ստեփան Սաֆարյանը նշեց. «Արձագանքի, գնահատականի բացակայությունն ինքնին ցույց է տալիս Հայաստանի անկախության աստիճանը: Ըստ էության, այն աստիճանի ազատություն չունենք, որպեսզի կարողանանք գնահատական տալ տեղի ունեցողին, հատկապես երբ մի կողմում Հայաստանի ռազմավարական գործընկերն է խախտում միջազգային իրավունքը, և մյուս կողմից` այդ ամենը կատարվում է Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի գործընկեր պետության հետ: Հետևաբար, իհարկե հասկանալի է, որ այսպիսի իրավիճակում Հայաստանից բավական մեծ ճկունություն է պահանջվում, բայց դա ամենևին չի նշանակում լռություն»:

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցչի խոքերով` ունենալ ռազմավարական գործընկեր չի նշանակում լռել նրա բոլոր քայլերի կապակցությամբ, դա նշանակում է ազնիվ, բաց երկխոսություն, նշանակում է ազդել:

«Իսկ միգուցե Հայաստանը լիներ այնպիսի ազդեցիկ պետություն, որ ինքը կարողանար փրկել իրավիճակը: Եթե Հայաստանն այս աստիճան թուլացրած չլինեին` իշխանությունները` ներսից, իսկ Ռուսաստանը` դրսից, այդ դեպքում, իհարկե, միանգամայն այլ պահվածք կսպասեի Հայաստանից, բայց քանի որ թուլացրել են, առնվազն կարող եմ հասկանալ իշխանական կուսակցությունների զգուշավորությունը, բայց, ներեցեք, չեմ կարող հասկանալ ընդդիմադիր կուսակցությունների լռությունը»,- շարունակեց Սաֆարյանը:

Մեր խնդրանքով Ստեփան Սաֆարյանը նաև խոսեց այս օրերին Ղրիմի խնդրի և ղարաբաղյան հիմնահարցի միջև տարվող որոշ համեմատություններին` այն իմաստով, թե մենք ունենք Լեռնային Ղարաբաղի հարց, և ճիշտ չէ հանդես գալ տարածքային ամբողջականության սկզբունքի պաշտպանության դիրքերից: Մասնավորապես, այսօր հրավիրված ասուլիսում քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը հայտարարել է. «Եթե Ղրիմը անկախանա կամ վերադարձվի Ռուսաստանին, ապա Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումից 5 պակաս կլինի»:

Ստեփան Սաֆարյանը նման կարծիքները գնահատեց «բոլորովին հիմնազուրկ»:

«Իսկ այդ նույն քաղաքագետները կարո՞ղ են ասել, թե ինչո՞ւ Ղարաբաղի հարցը «без пяти минут» չլուծվեց Աբխազիայից և Հարավային Օսիայից հետո: Ինչո՞վ է Ուկրաինան, Ղրիմը այն բացառիկ դեպքը, որ դրանից հետո Ռուսաստանը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը,- ի պատասխան` հարց հնչեցրեց Ստեփան Սաֆարյանը: – Իհարկե, ոչնչով: Ես հասկանում եմ, որ Ռուսաստանի գործողություններով քաջալերված մարդիկ կարող են նման անհիմն պնդումներ անել, բայց Ռուսաստանը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, ավելին` Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ երկիր է և ի պաշտոնե պարտավոր է պահպանել հավասարություն և չեզոքություն` անկախ նրանից, թե Ղրիմ է ճանաչում, պոկում, թե ինչ է անում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31