Գառնիկ Իսագուլյան. «Հայաստանում հնարավոր են հուզումներ, որոնք կարող են վերաճել հեղափոխական շարժման» (տեսանյութ)
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ անդրադառնալով Ուկրաինայում ընթացող քաղաքացիական անհանգստություններին՝ ասաց, որ երկրում տիրող հետագա զարգացումներն ապացուցեցին այն, որ ուկրաինացիներին այնքան չի հետաքրքրում իրենց իշխանությունների արևմտամետ կամ ռուսամետ լինելը, որքան այդ իշխանությունների վարած ներքին քաղաքականությունը:
Գ. Իսագուլյանի հավաստմամբ` ուկրաինական անհանգստությունը պայմանավորված է իշխանականների վարած կոռուպցիոն քաղաքականությամբ: «Ուկրաինայում ամբողջ իշխանությունը թաղված է կոռուպցիայի մեջ: Երկրի նախագահը, ըստ էության, բացառապես անձնական խնդիր էր լուծում: Իր սիրախաղերը թե Արևմուտքի, թե Ռուսաստանի հետ պայմանավորված էր բացարձակապես իր ընտանեկան վիճակի բարելավմամբ, որից դժգոհ էր ամբողջ ուկրաինացի ժողովուրդը»: Գ. Իսագուլյանի պնդմամբ` սա բարեհաջող պայման հանդիսացավ, որ Ուկրաինայում գործող աջ ծայրահեղականները կարողանան հաստատել իրենց դիրքն ու իշխանությունը:
Խոսելով այն մասին, թե արդյոք Մայդանում տեղի ունեցող իրադարձությունները կարո՞ղ են կրկնվել Հայաստանում, Գ. Իսագուլյանը վստահությամբ բացառեց այդ տեսակետը` բերելով մի քանի պատճառ. «Հայաստանում չկան այն աջ ծայրահեղականները, որոնք կան Ուկրաինայում: Հայաստանում չկա արևմտականություն կամ ռուսամետականություն, քանի որ հայ հասարակությանն այս հարցն այնքան էլ չի մտահոգում, և, երրորդ, ըստ էության, Հայաստանը չունի այն ռեսուրսները կամ իրավունքը, որ թույլ տա, որ փողոցը դարձնեն պետությունը ղեկավարող տեղ, միջավայր»:
Այնուամենայնիվ, Գ. Իսագուլյանը շեշտեց այն փաստը, որ այս պատճառները չեն նշանակում, որ Հայաստանի իշխանություններն անձնական շահը պետական և ազգային շահերից գերադասելու առումով հետ են մնում ուկրաինական իշխանություններից: «Այս առումով մեր իշխանությունները դեռ ավելին են անում, քան անում էին ուկրաինացի իշխանությունները, և այս ֆոնի վրա Հայաստանում հնարավոր են հուզումներ, որոնք այնուհետև կարող են վերաճել հեղափոխական շարժման և հանգեցնել իշխանափոխության: Սա ամենևին բացառել չի կարելի»,- ասաց նա:
Գառնիկ Իսագուլյանը հավաստիացնում է, որ Հայաստանում կարող է լինել Մայդան, սակայն դրա ուղղվածությունը կլինի այսօրվա անարդարությունը, կոռումպացված համակարգը և ծանր սոցիալական վիճակը. «Իսկ եթե որևէ շարժում չլինի, բոլորը համաձայնեն իշխանությունների տեսակետին, Հայաստանը կտանեն կործանման կամ առնվազն, գոնե, անկախության կորստի»:
Բանախոսը, անդրադառնալով Երկրապահ կամավորականների միության վերջին համագումարին, նշեց, որ երկակի տպավորություն է ստեղծվել իր մոտ, քանի որ այնտեղ առկա էր երկու միջավայր` իրական ազատամարտիկներ, այսինքն՝ նրանք, ովքեր իրապես մասնակցել են Արցախյան ազատամարտին, և երկրապահներ, որոնք ազատամարտի հետ բացարձակ կապ չունեն.
«Երկրորդ կարգի մարդկանց թիվը համագումարին ավելի շատ էր, քան իրական ազատամարտիկներինը, որոնք ունեին այն նույն մտահոգությունը, խնդիրները, ինչն ունի Հայաստանի Հանրապետության բնակչության մեծամասնությունը: Էնտեղ մարդիկ էին, ովքեր հավաքվել էին գոտեպնդվելու երկրապահների ներկայությամբ: Ընտրեցին մի վարչություն, որը, կարծում եմ, բացարձակապես կապ չունի սպարապետ Վազգեն Սարգսյանի ստեղծած Երկրապահի հետ և, ամենևին նրանց առջև դրված չեն նույն խնդիրները, ինչը Վազգեն Սարգսյանի ժամանակ»:
Գ. Իսագուլյանը նաև շատ տարօրինակ համարեց Երկրապահ կամավորների միության վերջին համագումարի ժամանակ ՀՀ նախագահի ելույթը` կապված պարտադիր կուտակային կենսաթոշակի հետ: Նախագահը նշել էր, թե այս առումով նա ունի երկրապահների աջակցության կարիքը, մինչդեռ հատկանշական է այն փաստը, որ երկրապահների վրա այս օրենքը չի ազդելու, քանի որ նրանք ծնվել են 1974 թվականից առաջ:
Գ. Իսագուլյանը, հայտնելով իր տեսակետը Ռոբերտ Քոչարյանի` Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու մասին մեկնաբանությանը, ասաց, որ երկրորդ նախագահը շատ ճիշտ և ժամանակին արձագաքեց: Նա բոլորի ուշադրությունը հրավիրեց հատկապես ելույթի հետգրության վրա. «Հետգրության բովանդակությունը, չնայած մեկ նախադասություն է, բայց չի զիջում նախորդ ասված մտքին»: Նա նշեց, որ անձամբ կիսում է բոլոր տեսակետները, որոնք արտահայտված են Ռ. Քոչարյանի պատասխանի մեջ: «Սա կոչ էր բոլորին, որ ոչ թե իրենց ձախողումների մեջ մեղավորներ փնտրեն ու փորձեն իրենց մեղքն այլոց վրա բարդել, այլ ճիշտ գնահատել իրավիճակը: Եվ իրավիճակից դուրս գալու համար կարողանան համախմբվել»,- ասաց Իսագուլյանը: