Բաժիններ՝

Ակտիվիստ. «Մեր պետությունն այն սոցիալական պայմաններում չէ, որ մենք կարողանանք մեզ նման շռայլություն թույլ տանք» (տեսանյութեր)

Այսօր Առողջապահության նախարարության դիմաց մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ դժգոհելով մարտի 1-ից բուժհաստատություններում նախկինում անվճար որոշ ծառայությունները վճարովի դարձնելու ՀՀ ԱՆ որոշումից: Հիշեցնենք, որ դրանց թվում է նաև հղիության ախտաբանությունը:

Նշենք, որ երեկ ԱՆ-ի պաշտոնական կայքում հայտարարություն տեղադրվեց, ըստ որի՝ հղիության ախտաբանության համար վճար չի կիրառվի` հաշվի առնելով հղիության ախտաբանության ստացիոնար բուժման համավճարի ներդրման մեխանիզմների հստակեցման անհրաժեշտությունը:

Սակայն այսօրվա ակցիան, այնուամենայնիվ, կայացավ, որի կարգախոսն էր՝ «Ձեռքներդ հեռու պահեք հղիների գրպաններից»: Ակտիվիստները ցանկանում էին լսել Առողջապահության նախարարության աշխատակիցների՝ այդ որոշումը չեղյալ համարելու մասին պաշտոնական հայտարարությունը:

Ակտիվիստ Էլվիրա Մելիքսեթյանի խոսքով՝ իրենք անընդունելի են համարում, որ, առհասարակ, հղիների ախտաբանության ծառայությունները և բուժօգնությունը պետք է լինի վճարովի.

Կարդացեք նաև

«Նաև բոլոր այն սպասարկումները, որոնք նախկինում անվճար էին, սխալ ենք համարում, որ լինեն վճարովի, քանի որ համարում ենք ու վստահ ենք, որ մեր պետությունն այն սոցիալական պայմաններում չէ, որ մենք կարողանանք մեզ նման շռայլություն թույլ տանք և ծախսենք նման փողեր: Մենք ենթադրում են, որ դա հակասահմանադրական որոշում է, որովհետև հենց մեր՝ ՀՀ սահմանադրության 48-րդ կետում նշվում է, որ, առհասարակ, պետությունը պարտավորություններ ունի ընտանիքի, մոր և մայրության  հետ կապված, նա պետք է համապատասխան միջոցներ իրականացնի, որպեսզի մատչելի բուժսպասարկման ծառայություններ իրականացնի պետության համար: Սակայն այդ որոշումը ամբողջովին հերքում էր Սահմանադրության նշված կետերը և մենք վստահ ենք, որ այդ որոշումը հակասահմանադրական է իր էությամբ՝ այդ պատճառով էլ պայքարում ենք դրա դեմ»,- նշեց Էլվիրա Մելքիսեթյանը:

Նշենք, որ Առողջապահության նախարարության աշխատակիցներն ակցիայի մասնակիցներից մի քանիսին և լրագրողներին հրավիրեցին նախարարություն, որտեղ Առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը և աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը պատասխանեցին նրանց հարցերին:

Վահան Պողոսյանը նշեց, որ համավճար հասկացությունն, ընհանրապես, առողջապահության մեջ ֆինանսաորման եղանականերից մեկն է. «Կա պետական ֆինանսավորում, կա համավճարային եղանակ, կա վճարովի եղանակ, կան ապահովագրական վճարներ և կան այլ մեխանիզմներ: Համավճար հասկացողությունը տարբեր երկրներում տարբեր եղանակներով դրված է: Ինչո՞ւ հղիության ախտաբանության մեջ որոշվեց այս համավճարի մեխանիզմը օգտագործել: Մենք համավճարի միջոցով պայքարում ենք ստվերայնության դեմ: Սա ոչ թե հղիին է վերաբերում, այլ այն գումարներին, որոնք հղիները պառկելով հիվանդանոցներում վճարում են ստվերային ձևով: Մենք ընդամենը փորձել ենք լեգալացնել դա: Այսինքն՝ գրպանի վճար հասկացողությունը հանել, դարձնել պաշտոնական»:

Իսկ Սուրեն Քրմոյանը նշեց, որ նախարար Դերենիկ Դումանյանը հիմնավորում է ներկայացրել նախարարության պաշտոնական կայքէջում, որ նախարարությունը  ոչ միայն համավճարի համակարգում, այլ ֆինանասական հարցերի հստակեցման կարիք ունեն:

Ակտիվիստներին, սակայն, չգոհացրեցին Առողջապահության նախարարության աշխատակիցների պատասխանները: Նրանք նշեցին, որ ցանկանում են հստակ քայլեր, որպեսզի հասկանան, որ նման որոշումներ չեն ընդունվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս