Պոլիկլինիկաների որոշ ծառայություններ կդառնան վճարովի
ՀՀ կառավարությունը կրկին քնել-զարթնել է վատ տրամադրությամբ՝ այս անգամ էլ հերքելով տարիներ առաջ ամրագրած ամբուլատոր պոլիկլինիկ ծառայություններն անվճար դարձնելու մասին կայացրած որոշումը:
Դեռ տարիներ առաջ հաշվի առնելով Վիճակագրական վարչության կողմից կատարված հետազոտության ողբալի արդյունքները, համաձայն որի՝ առողջության հետ կապված խնդիր ունենալու դեպքում բուժհաստատություն է դիմում երեք մարդուց միայն մեկը, ՀՀ առողջապահության ոլորտի վերնախավն այդ փաստն ընդունեց` իբրև ահազանգ: Բացի այդ, նույն վիճակագրական վարչությունն ամեն տարի մահացության թվի աճ էր արձանագրում, և, բնականաբար, փորձագետներն ու առողջապահության ոլորտի մասնագետները չէին դադարում աղաղակել ժողովրդագրական վտանգների մասին:
Այլ կերպ ասած՝ բուժհաստատություն չդիմող քաղաքացիների խնդիրը մասամբ կապվում էր աճող մահվան ելքերի հետ: Իրենք՝ մասնագետները, հայտարարում էին, որ Հայաստանի ազգաբնակչության առողջապահական հիմնական ցուցանիշների բացասական տեղաշարժի միտումներն անհանգստացնող են, և այդ բացասական տեղաշարժն, ըստ էության, պայմանավորվում էր նաև առողջության առաջնային պահպանման անարդյունավետ աշխատանքով:
Օրինակ, 2003թ. կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նկատելիորեն աճել է ընդհանուր մահացության ցուցանիշը, որը մոտ 1,5 անգամ ավելին էր, քան զարգացած երկրներում և, որը հիմնականում պայմանավորված էր արյան շրջանառության, ուռուցքային հիվանդություններով և շաքարային դիաբետի բարդություններով: «Նշանակալիորեն կրճատվել է կյանքի միջին տևողությունը՝ հատկապես տղամարդկանց շրջանում, իսկ որակյալ կյանքի միջին տևողությունը 10-15 տարով պակաս է միջին եվրոպական ցուցանիշից: Հասարակության համար լրջագույն խնդիր է դարձել այնպիսի սոցիալական հիվանդությունների աճը, ինչպիսիք են՝ տուբերկուլյոզը, սեռական ճանապարհով տարածվող հիվանդությունները, իսկ նախկինում տարածվածությամբ աչքի չընկնող ալկոհոլամոլությունն ու թմրամոլությունը սկսել են դասվել հասարակության համար խնդիր դարձած ախտերի շարքին»,- հայտարարում էին մասնագետները՝ խոստովանելով, որ ազգաբնակչության առողջության իրավիճակային վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՀ քաղաքացիների առողջական խնդիրներն ուղիղ կապ ունեն երկրում տիրող սոցիալ-տնտեսական, մեղմ ասած, վատ վիճակի հետ: Քաղաքացին վճարունակ չէ, իսկ բուժհաստատություններում ծառայությունները թանկ են, կոռուպցիոն ռիսկերն էլ՝ անվերահսկելի:
Դեռ տարիներ առաջ ինչպես` Առողջապահության նախարարության, այնպես էլ՝ Երևանի քաղաքապետարանի Առողջապահության վարչության մասնագետները երկարատև ուսումնասիրություններից, մասնագիտական վերլուծություններից հետո արեցին այդ «գյուտը», գտան ՀՀ քաղաքացիների առողջության պահպանման բանալին՝ հայտարարելով, որ ամբուլատոր պոլիկլինիկ ծառայությունները դարձնում են անվճար:
Ընդ որում, պաշտոնյաները Կառավարության այդ որոշումը հանրությանը մատուցեցին ՀՀ իշխանությունների «հումանիտար», ազգապահպան, առողջ հասարակություն ունենալու և անվճարունակ շերտի առաջ պոլիկլինիկ ծառայությունների դռները բացելու ֆոնի ներքո: Այսինքն՝ հասարակության մեջ անվճար պոլիկլինիկ ծառայություններից օգտվելու հնարավորությունն ընկալվեց` որպես իշխանությունների կողմից ցուցաբերված բարի կամքի դրսևորում: 2006թ. ՀՀ կառավարության որոշմամբ առողջության առաջնային պահպանման օղակը՝ պոլիկլինիկ ծառայությունները, բնակչության բոլոր խմբերի համար, անկախ մարդկանց սոցիալական շերտերի պատկանելությունից՝ դարձան անվճար: Առողջապահության նախարարության
Առաջնային բուժօգնության բաժնի այն ժամանակվա պետ Ռուզաննա Յուզբաշյանը Կառավարության այս որոշումը բնութագրում էր` որպես «փրկություն» ազգաբնակչության մեջ տարածված որոշակի հիվանդությունների կանխարգելման համար: Նույն թվականին Առողջապահության նախարարության կատարած ուսումնասիրության արդյունքները ցույց տվեցին, որ պոլիկլինիկ ծառայություններն անվճար դարձնելուց հետո այդ հաստատություններ քաղաքացիների դիմելիությունը կտրուկ աճեց, մասնավորապես` մարզերում մասնագետներն աշխատում էին գերծանրաբեռնվածության պայմաններում:
Այսինքն՝ ըստ էության, փաստարկվեց այն հիմնավորումը, որ ՀՀ քաղաքացիների բուժհաստատություն չդիմելու հիմնական շարժառիթն անվճարունակ կարգավիճակն է:
2003թ. հուլիսի 4-ին ՀՀ կառավարությունը 2014-2016թ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին որոշում է կայացրել, որտեղ անդրադարձ է կատարվում բնակչության առողջության առաջնային պահպանման ապահովման ոլորտին:
Կառավարության ուշադրության կենտրոնում է առողջության առաջնային պահպանման ոլորտի հետագա զարգացման ապահովումը, կանխարգելիչ ուղղվածության ուժեղացումը, բժշկական օգնության և ծառայություններ ստանալու մատչելիության ու որակի պահպանումը բնակչության բոլոր խմբերի (հատկապես՝ սոցիալապես խոցելի խմբերի) համար, ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության նյութատեխնիկական բազայի ամրապնդումը և մի շարք հարցեր, որոնք, սակայն, բարեփոխման, հատկապես` ներդրումների կարիք ունեն հենց պետության կողմից:
Բայց, ինչպեսև սպասվում էր, Կառավարությունն առողջության առաջնային պահպանման ոլորտում բարեփոխումներ է իրականացնելու ՀՀ քաղաքացիների գրպանի հաշվին: Մարտի 1-ից պոլիկլինիկաների որոշ ծառայություններ կդառնան վճարովի:
ՀՀ առողջապահության նախարարության Բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Ծաղիկ Վարդանյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ մարտի 1-ից ամբուլատոր պոլիկլինիկ օղակներում կիրառվելու է համավճարի սկզբունքը, հատկապես` լաբորատոր գործիքային հետազոտությունների ոլորտում: Ըստ վարչության պետի՝ այս փոփոխության միտումը պոլիկլինիկական ոլորտում ակտիվություն ապահովելն է: «Լաբորատոր գործիքային հետազոտությունների վճարովի ծառայության 50%-ը կգնա որպես աշխատավարձ, և նաև հիմնարկներում կան խնդիրներ որակի հետ կապված, որը պետք է բարձրացվի: Որքան հնարավոր է՝ պետք է շնչի այդ ոլորտը, պոլիկլինիկական մասը պետք է սկսի ավելի ռեալ աշխատել, որպեսզի հիվանդանոցները բեռնաթափենք:
Վերջին 1-2 տարիներին հիմնական ծանրաբեռնվածությունն ընկնում է հիվանդանոցային ծառայությունների վրա, իսկ առաջնային օղակն ակտիվացման մեխանիզմի կարք ունի»,- պարզաբանեց Ծ. Վարդանյանը, ում պոլիկլինիկ ծառայություններում համավճար կիրառելու բացատրությունը, մեղմ ասած, տարակուսելի է:
Եթե վերջին 1-2 տարվա ընթացքում հիվանդանոցները ծանրաբեռնված են, ապա մեր պետությունն ամեն ինչ պետք է անի, ընդհուպ` մինչև պոլիկլինիկ ծառայությունների որակը բարձրացնի, վերազինի, լաբորատոր, գործիքային սարքավորումներ գնի և, վերջապես, պոլիկլինիկաների շենքերը վերանորոգի, որպեսզի ազգաբնակչության վստահությունն այդ հաստատությունների նկատմամբ վերականգնի:
Մինչդեռ, ստացվում է՝ ճիշտ հակառակ քաղաքականություն է կիրառվում՝ լաբորատոր-գործիքային հետազոտությունը դառնում է վճարովի, ինչի արդյունքում, բնականաբար, քաղաքացին ավելի շատ է նախընտրելու օգտվել կլինիկաների ծառայություններից: Ի դեպ, նշենք, որ թեև աշխարհում բժշկությունը, բժշկական սարքավորումներն ու մեթոդներն օր օրի զարգանում, նվաճումներ են արձանագրում, այդուհանդերձ, Հայաստանի պոլիկլինիկաներից շատերում կիրառվում են Սովետական Միությունից մնացած մաշված սարքավորումները: Ավելին, պոլիկլինիկաները գործում են շենքային անմխիթար պայմաններում:
Մեր հարցին, թե՝ չե՞ք կարծում, որ ՀՀ քաղաքացիները չեն վստահում պոլիկլինիկ ծառայություններին, Ծ. Վարդանյանը պատասխանեց. «Մենք որոշակի շանս ենք տալիս պոլիկլինիկաներին և կարծում ենք` այդ խնդիրն էլ է լուծվելու: Ի վերջո, վստահությունն էլ կապված է մի շարք խնդիրների հետ: Ես հակված չեմ մտածել, որ պոլիկլինիկաներում վատ բժիշկներ են աշխատում, ուղղակի մեխանիզմը և՛ բուժաշխատողներին շահագրգռող, և՛ որակը բարելավելու միտում ունի»:
Դատելով Ծ. Վարդանյանի մեկնաբանությունից՝ պետք է կանխատեսել, որ քաղաքացուց գումար գանձելու` բուժաշխատողին շահագրգռելու մեխանիզմը բերելու է նրան, որ որևէ մասնագետ պատեհ-անպատեհ առիթով պոլիկլինիկա դիմած մարդուն լաբորատոր-գործիքային հետազոտության ցուցում է տալու:
Ստացվել է այնպես, որ բժշկի աշխատավարձը կախված է պոլիկլինիկա դիմողների վճարունակությունից, հետևաբար` կարելի է կանխատեսել, թե մասնագետներն ինչ մանիպուլյացիաներ են կիրառելու «փող պոկելու» համար:
Ինչևէ, 2006թ. Կառավարության որոշմամբ պոլիկլինիկ ծառայությունը դարձավ անվճար` հաշվի առնելով ազգաբնակչությանը սպառնացող մի շարք վտանգներ, սակայն այսօր, թեև մասամբ, բայց կրկին դառնում է վճարովի: Կառավարության այս որոշման տրամաբանությունն ուղիղ համեմատական է վերջին շրջանում որևէ բարեփոխում, ներդրում կատարելու համար քաղաքացու գրպանը մտնելու ավանդույթի հետ: Միայն թե, ի տարբերություն 2006թ. Հայաստանի ժողովրդագրական խնդիրներին, բնակչության առողջությանը սպառնացող վտանգներին՝ այսօր Հայաստանում իրավիճակն ավելի սուր է: Մարդիկ ավելի աղքատ են, բնակչության առողջությունն` ավելի խոցելի, իսկ ժողովրդագրական պատկերը` ողբալի: Այնպես որ, մարտի 1-ից պոլիկլինիկ ծառայությունները վճարովի դարձնելու Կառավարության որոշումը հերթական հակամարդկային, հակասոցիալական քայլն էր, որի հետևանքը զգալու համար շատ ժամանակ պետք չի գա:
ԼՈՒՍԻՆԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ