Նիկոլ Փաշինյանը՝ Արմեն Աշոտյանին. Ձեզ թվում է՝ ձեր բուհերում պինդ հանրապետական տղերք կա՞ն, ու ուրիշ պինդ ՀՀ քաղաքացիներ չկա՞ն, որ դրանց իրենց տեղը կդնեն
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ խորհրդարանական ամբիոնից անդրադարձավ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանութան ժամանակ տեղի ունեցած միջադեպին:
«Անակնկալ չէ, հարցս ուղղված է Արմեն Աշոտյանին՝ որպես ԿԳ նախարար, որպես Տնտեսագիտական համալսարանի խորհրդի անդամ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ: Դեկտեմբերի 26-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, այսպես կոչված, ատենախոսության պաշտպանությունն էր, որը վերածվեց խայտառակ սկանդալի:
Խուլիգանական մի խումբ կատարեց Քրեական օրենսգրքի 164 հոդվածով նախատեսված հանցագործություն, այսինքն՝ խոչընդոտեց լրագրողների օրինական մասնագիտական գործունեությանը: Սրանից հետո փոխանակ Տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհուրդը, ԿԳ նախարարությունը պատժեին այդ երիտասարդներին, մենք իմանում ենք, որ այդ երիտասարդները Հայաստանի երիտասարդական հիմադրամի կողմից պարգևատրվում են լավագույն ուսանողական մարմնի տարեկան տիտղոսով, որին ներկա է գտնվում նաև Սերժ Սարգսյանը: Որպես հետևանք, երևի, պարգևատրումներից ոգևորված, Ագրարային համալսարանի ուսանողական խորհուրդն է ծեծկռտուք ու միջադեպ հրահրում»,- հայտարարեց նա:
Ն. Փաշինյանը հարցրեց, թե ի՞նչ է կատարվում կրթության համակարգի հետ: Նա նշեց, թե իր տպավորությամբ Ա. Աշոտյանը կրթության համակարգում ձևավորել է Հանրապետական խմբակներ և քրեակատարողական հիմնարկների օրինակով այդ խմբերին գործադրում է՝ բուհերը վերահսկողության տակ պահելու համար:
«Ձեզ ի՞նչ ա թվում, Ձեզ թվում է, Ձեր բուհերում պինդ հանրապետական տղերք կա՞ն, ու ուրիշ պինդ Հայաստանի քաղաքացիներ չկա՞ն, որ դրանց իրենց տեղը կդնեն: Ես Ձեզ հավաստիացնում եմ, որ կան ու եթե այդպես շարունակեք, Դուք տեսնելու եք այդ տեսարանները նորից: Ու էս անգամ բոլորովին ուրիշ արդյունքով»,- նախազգուշացրեց ՀԱԿ պատգամավորը:
Ի պատասխան Արմեն Աշոտյանը նախ ասաց. «Վերջապես մենք հանդիպեցինք: Ինչպես ես հիշում եմ, դեռևս անցյալ քառօրյային քիչ պակաս բոցաշունչ, հռետորական հարցադրումներով, երբ այս հարցը կրկին արծարծել էիք:
Կրթության մասին խոսելիս հայոց խորհրդարանում պետք է ուրիշ տոնով խոսել, որովհետև կրթության համակարգը չի ներում չափից ավելի մեծ հռետորաբանություն, անգամ եթե դրա կարիքը կա՝ հաշվի առնելով, որ Մարտի մեկի նախաշեմին երկու ճամբարների որոշակի պայքար է գնում՝ ով ավելի շատ մարդ կհավաքի՝ Ազատության հրապարա՞կը, թե՞ Դուք՝ Մյասնիկյանի հրապարակում»:
Նա նշեց, թե կրթության համակարգը Հայաստանում ավելի քան ապաքաղաքականացված է, ապա հիշեցրեց, որ ուսխորհուրդը ներողություն է խնդրել լրագրողներից, որոնց վիրավորել է: Նախարարն ասաց, թե չի ցանկանում գնահատական տալ գիտական ատենախոսությանը, լինի դա քաղաքապետ, նախարար, թե շարքային քաղաքացի:
«Իսկ, այսպես կոչված, ատենախոսություն եզրույթի կիրառումը կարող է իրեն թույլ տալ միայն համապատասխան գիտնականը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է կրթության համակարգի քաղաքականացվածությանը, ապա Ա. Աշոտյանը հարցրեց. «Հարգելի պատգամավոր, չե՞ք կարծում, որ շատ ճիշտ է վարվել նախարարությունը, որ քաղաքական դրդապատճառով չի հեռացրել ոչ մի ուսանողի: Կարծում եմ, որ Դուք, որպես անձնավորություն, որը քաղաքական դրդապատճառներով հեռացվել է համալսարանից, պիտի ողջունի, որ քաղաքական դրդապատճառով հիմա համալսարանից ոչ մի ուսանող չի հեռացվում»:
Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց՝ նշելով, որ եթե ինքը ցանկանա «մարդ հավաքել» դա կանի: «Էնքան մարդ կհավաքեմ, որ հավատացեք, այդ օրը Ձեզ հաստատ դուր չի գա,- զգուշացրեց պատգամավորը, ապա շեշտեց,- Դուք խոսում եք հանցագործություն կատարած մարդկանց մասին: Էդ կարող ա՞ Մարտի մեկի հանցագործներն էլ են ներողություն խնդրել, դրա համար մինչև հիմա ձեր իշխանությունը գործը չի բացահայտում»:
Ինչ վերաբերում է գիտական գործունեությանը, ապա Ն. Փաշինյանը հետաքրքրվեց. «Դուք այդ գործունեությունը՝ լրագորղին հայհոյելը, գիտակա՞ն եք համարում, գյուղատնտեսական համալսարանի ուսանողական խորհրդի անդամները փողոցում հայհոյանքներ են հնչեցնում, Դուք դա համարում եք գիտակա՞ն: Ձեր գործունեության ընթացքում ՀՀ-ում դա համարվում է գիտական:
Ինչ վերաբերում է Տ. Մարգարյանի ատենախոսությանը՝ ես ասել եմ: Ասում են, թե Տ. Մարգարյանի ատենախոսությունը կարող եք կարդալ, լավ ատենաոսություն է, ես ասում եմ՝ իհարկե, լավ ատենախոսություն է, մենակ պետք է պարզել՝ ո՞վ է գրել այդ ատենախոսությունը: Պրոբլեմը հենց նրա մեջ է, որ երբ ձեր հանրապետական բրիգադներով փակում եք, որ լրագրողները հնարավորություն չունենան տեսնել, թե Տարոն Մարգարյանը ինչպիսի դժվարությամբ է կարդում այդ ատենախոությունը, ձեռքերի ինչպիսի դողով… »:
Անդրադառլով Ա. Աշոտյանի հորդորին՝ նման տոնով չխոսելու մասին, Ն. Փաշինյանն ասաց. «Ձեզ հետ խոսելու են այն տոնով, ինչպիսի տոնով Դուք եք խոսում քաղաքացու հետ»:
Արմեն Աշոտյանն էլ պատասխանեց. «Ի՞նչ եք ուզում ասել, ի՞նչքան մարդ պիտի հավաքեք, որ ես վախենամ: Ինչքան մարդ պիտի հավաքեք, որ մարտի մեկի կրկնություն փորձեք բերել, որ կրկնեք այն դեպքերը, որոնց վրա մինչ օրս փորձում եք կապիտալ հավաքել Դուք և Ձեր կողմից ներկայացվող քաղաքական ուժը: Ինչքա՞ն մարդ պիտի հավաքեք, որ Մարտի մեկը դարձնեք քաղաքական նոր կալիբր, մարտի մեկից առաջ դրա մասին հիշել, մարտի մեկից հետո մոռանալ»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Ինչ վերաբերում է քաղաքականացված ուսանողներին, ապա Արմեն Աշոտյանը նկատեց. «Ամենաքաղաքականացված ուսանողը, ուսանողուհին, ձեր խմբակցության անդամ հարգելի տիկին Լյուդմիլա Սարգսյանն է, ամենաընդդիմադիր խմբակցություններից մեկի միակ կին պատգամավորն է»: