Վադիմ Դուբնով. Ուկրաինան Պուտինի անձնական պարտությունն էր
Ուկրաինայում շուրջ երեք ամիս տևած հեղափոխական գործընթացների տրամաբանական հանգուցալուծումը դարձավ նախագահ Վիկտոր Յանուկովիչի իշխանության տապալումը, այս դեպքում` նրա անհետանալը: Այլ խնդիր է, որ այժմ վտանգված է երկրի տարածքային ամբողջականությունը: Ինչպես հայտնի է, երկրի Գերագույն ռադան արդեն նշանակել է նախագահի պաշտոնակատար, իսկ նոր նախագահական ընտրությունները կկայանան մայիսի 25-ին:
Մոսկվայի «Նովոստի» լրատվական գործակալության քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը 168.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Ուկրաինայի վերջին իրադարձությունները և Յանուկովիչի փախուստը, ասաց. «Այն, ինչ տեղի ունեցավ, միանգամայն օրինաչափ և տրամաբանական է, որովհետև Յանուկովիչին վաղուց էին զգուշացնում` Ուկրաինայում չի կարելի կառավարել այնպես, ինչպես կառավարում են Ռուսաստանում: Սա այլ երկիր է` այլ քաղաքական ավանդույթներով: Նա չհասկացավ, ինչի համար հատուցեց»:
Վերլուծաբանը չհամաձայնեց, թե Մոսկվան միանշանակ պաշտպանել է Յանուկովիչին: Նրա խոսքերով `Մոսկվան Յանուկովիչի ռեժիմին բավական զգույշ էր վերաբերում, և Յանուկովիչը տեղիք տալիս էր այդպիսի զգուշության համար, որովհետև ինչպես ցանկացած ուկրաինացի նախագահ, նա ևս չէր կարող իրեն թույլ տալ` միակողմանի խաղ խաղալ:
Մյուս կողմից նա ավելացրեց. «Իսկ եթե խոսում ենք Մայդանի մասին, ապա անշուշտ Ռուսաստանը ցանկանում էր, որ Յանուկովիչը ճնշի այդ ապստամբությունը: Բայց սա կապված չէ Յանուկովիչին աջակցելու հետ: Պարզապես Ռուսաստանը բավական խանդոտ է իր հարակից երկրների, այդ թվում` Հայաստանի ընտրության նկատմամբ: Եվ եթե Հայաստանին հաջողվեց, այսպես ասած, համոզել` մնալու ռուսական օրբիտայում, ապա Ուկրաինայի դեպքում այդ գործն ամենասկզբից էլ շատ դժվար էր:
Այլ հարց է, թե Ռուսաստանի ինչին է դա պետք, որովհետև Ուկրաինայի` ռուսական օրբիտայում մնալուց որևէ գործնական օգուտներ իրականում չկան, այդ օգուտների մասին պատկերացումները բացարձակապես վերացական են, դա հաշվարկված է ներքին պահանջարկի, ռուսաստանցի քաղաքացու վրա, որը, ռուսական իշխանությունների կարծիքով, պետք է համոզված լինի, որ Ռուսաստանի ընտրած ճանապարհի ճիշտ է: Եվ այն, որ Ուկրաինան հեռանում է, մեծացնում է այդ համոզմունքի նկատմամբ կասկածները:
Ռուսաստանի իշխանությունների համոզմամբ` Ռուսաստանի քաղաքացին ոչ մի դեպքում չպետք է հասկանա, որ այդ ընդվզումն Ուկրաինայում բացարձակապես կոռումպացված և ոչ ադեկվատ իշխանության դեմ է: Այն միտքը, որ սա իսկական ապստամբություն է, և ժողովրդին, ցավոք սրտի, հասցրել են ընդվզելու իրավունքին, ոչ մի դեպքում չպետք է հասնի ռուսաստանյան հասարակությանը, որն այդ երևույթը պետք է ընկալի, առաջին հերթին, որպես «ֆաշիստական հեղաշրջում», երկրորդը` որպես «ֆաշիստական հեղաշրջում, որը կազմակերպել է Արևմուտքը, որը ո´չ մեզ, ո´չ Ուկրաինային լավ բան չի ցանկանում»: Հենց այս սցենարն է իրականացվում, որպեսզի թաքցվի Պուտինի այդ անձնական պարտությունը»:
Արդյոք սա ինչ-որ առումով կարելի՞ է համարել Ռուսաստանի պարտությունը: Պատասխանելով մեր այս հարցադրմանը` Վադիմ Դուբնովը նշեց. «Ուկրաինան ոչ թե Ռուսաստանի պարտությունն էր (ոչ մի դեպքում), Ուկրաինան Պուտինի անձնական պարտությունն էր, Պուտինի և իր վիրտուալ քաղաքականության պարտությունը»:
Իսկ հարցին, թե ինչպե՞ս Մայդանի հեղափոխությունը կարող է ազդել մեր տարածաշրջանի և Մաքսային/Եվրասիական ինտեգրացիոն նախագծերի վրա, ռուս վերլուծաբանն այսպես պատասխանեց. «Վախենամ, թե Հայաստանի համար կանխատեսումն այնքան էլ բարենպաստ չէ, որովհետև Հայաստանն արդեն մեկ անգամ պատասխանել է Ուկրաինայի սանձարձակության համար. որքան չի հաջողվել Ուկրաինայից ինչ-որ մի բան վերցնել, այնքան ուժեղացել է ճնշումը Հայաստանի վրա: Ուստի կարծում եմ, որ այժմ կուժեղանա Ռուսաստանի ճնշումն այն գործընկերների վրա, որոնք մնացել են նրա հետ: Հայաստանն ավելի շատ է ընկղմվելու ինտեգրացիոն նախագծերի մեջ, և ես շատ մեծ մտավախություն ունեմ, որ Հայաստանը չի կարողանա դրան դիմակայել»: