Քոչարյանի ուղերձը Պուտինին

Այսպիսով, ընդամենը մի քանի ամիս սպասելուց հետո նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ներկայացրել է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ իր տեսակետը: Միանգամից նշենք, սա միանգամայն կանխատեսելի է. Ռոբերտ Քոչարյանը կողմ է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցությանը: Համենայնդեպս, ողջ հարցազրույցում նա հակառակի մասին որևէ ակնարկ անգամ չի անում: Քոչարյանն ընդամենը ներկայացրել է Մաքսային միությանն անդամակցության «տեխնիկական բացթողումները», նշել է, թե ցանկալի չէր, որ գործընթացն իրականանար այնպես, ինչպես տեղի ունեցավ, քանի որ դա մեծացրել է անորոշությունները, դժվարացրել է գործարարների ու ֆերմերների աշխատանքը, և այդպես շարունակ:

Ռոբերտ Քոչարյանն իր երկար շարադրանքում խոսել է միայն ու առավելապես Մաքսային միությանն անդամակցության՝ տնտեսական ասպեկտների մասին, վերլուծել ու համեմատել է Ռուսաստանի ու Հայաստանի մաքսային օրենսդրությունների ու դրույքաչափերի տարբերությունները, ինչ-որ հարցեր է բարձրացրել այն մասին, թե ինչպես պետք է հայ գործարարները հարմարվեն նոր կանոններին, և այլն: Բայց ամենակարևորը՝ Քոչարյանը որևէ բառով չի անդրադարձել Մաքսային միությանն անդամակցության որոշման քաղաքական, քաղաքակրթական ասպեկտին: Բայց չանդրադառնալով՝ նա արդարացրել է Մաքսային միության ընտրությունը:

Ավելին, Քոչարյանի հանդիմանանքը՝ թե՛ արտահայտված մտքերով, թե՛ հարցազրույցի տոնով, ամբողջությամբ վերաբերում է Հայաստանի իշխանությանը, բնականաբար, առանց անուններ տալու: Իսկ Ռուսաստանի պահվածքին Քոչարյանը ոչ միայն չի անդրադառնում, այլև, ըստ էության, արդարացնում է այն:  «Ես գիտակցաբար կանգ չեմ առնում այն բանի վրա, թե Հայաստանի համար ինչ վարկանիշային կորուստներով սկսվեց միացումը Մաքսային Միությանը՝ տարակուսանքի առիթ դառնալով մեր եվրոպացի գործընկերների համար: Դա այլևս չես շտկի:

Չարժեր գնալ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը ՎՈՒԱՄ երկրների ընկերակցությամբ, այն էլ՝ ակտիվ քարոզչությամբ: Դա գործընթացին ավելորդ աշխարհաքաղաքական երանգ հաղորդեց: Ռուսաստանի արձագանքը միանգամայն կանխատեսելի էր»: «Ռուսաստանի արձագանքը միանգամայն կանխատեսելի էր»,- մեծ հաշվով հենց այս նախադասության համար է Ռոբերտ Քոչարյանը հանդես եկել իր ծավալուն հարցազրույցով:

Այսինքն՝ Քոչարյանը Հայաստանի իշխանությանը, իմա՝ Սերժ Սարգսյանին, մեղադրում է «Եվրոպայի հետ խաղեր տալու համար» («Չարժեր գնալ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը ՎՈՒԱՄ երկրների ընկերակցությամբ, այն էլ՝ ակտիվ քարոզչությամբ») և համարում է, որ Ռուսաստանը ցուցաբերել է «կանխատեսելի», ասել է թե՝ արդարացված արձագանք:

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը բովանդակությունից ավելի ուշագրավ է հրապարակման ժամկետի առումով: Այսօր, երբ ողջ աշխարհը կասկածի տակ է դնում Պուտինի նախաձեռնած Մաքսային միության, առավել ևս՝ Եվրասիական տնտեսական միության կայացումը, ու ընդհանրապես Ռուսաստանի կայսերապաշտական նկրտումները ժամ առ ժամ փոշիանում են, Քոչարյանն իր աջակցությունն է հայտնում այդ նկրտումներին ու դրա կնքահորը՝ Պուտինին:

Թե որն է Քոչարյանի հաշվարկը՝ հատկապես այս պահին հանդես գալ Մաքսայինի, իմա՝ Պուտինի պաշտպանությամբ, դժվար է ասել: Համենայնդեպս, այսօրվա հարցազրույցով Քոչարյանը Պուտինին առնվազն «հանգիստ լինելու» ուղերձ է հղում: Հիմա ՌԴ նախագահի «գլուխը խառն է» Ուկրաինայով, ու հաստատ Հայաստանում նոր խնդիրներ նրան պետք չեն: Քոչարյանի ուղերձը հենց այդ մասին է՝ Հայաստանում Մաքսայինի հետ կապված խնդիրներ չեն առաջանա առնվազն փողոցի մասով: Ըստ ամենայնի, դատելով ոչ իշխանական քաղաքական ուժերի ներկայիս դասավորությունից, Քոչարյանը համարում է, որ կարող է վերահսկել փողոցը, ու երաշխիքներ է տալիս այդ առնչությամբ:

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Հայաստանի «նախագահների ակումբը»՝ ի դեմս երեք նախագահների, «վավերացրեց» Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը: Սերժ Սարգսյանը դա արեց՝ որպես գործող նախագահ, Լևոն Տեր-Պետրոսյանը դա արեց՝ հայտարարելով, թե չի հասկանում՝ ինչ է իրենից ներկայացնում Մաքսային միությունը (իսկ ՀԱԿ-ն իրավունք չունի հայհոյել Պուտինին), Քոչարյանն էլ հայտարարեց, որ լավ էլ հասկանում է՝ ինչ է իրենից ներկայացնում Մաքսային միությունը, ու որոշակի վերապահումներ ունի միայն դրան անդամակցելու ձևի հետ կապված:

Արդյո՞ք Հայաստանի հասարակությունը «նախագահական» այս ուղերձներից տարբերվող դիրքորոշում կարող է հայտնել՝ ազդելով իրադարձությունների ընթացքի վրա: Տեսականորեն կարող է՝ մերժելով նախագահներին սպասարկող քաղաքական ուժերի մաքսահպատակ դիրքորոշումը: Բայց հասարակությունը, գոնե դրա ակտիվ հատվածն այսօր զբաղված է «շատ ավելի կարևոր գործով»՝ պայքարում է ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի:

Տեսանյութեր

Լրահոս