Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ-ի՝ Մաքսային միությանն անդամակցության մասին
Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքը՝ 2.rd.am-ը հարցազրույց է հրապարակել նախկին նախագահի հետ, որտեղ վերջինս ներկայացրել է իր տեսակետը՝ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության վերաբերյալ: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև:
– Պարոն նախագահ, հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային Միությանը՝ Հայաստանի անդամակցության վերաբերյալ:
– Թեման չափազանց կարևոր է, բայց դրա էությունը հասկանալու համար պետք է ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում ու Ռուսաստանում իրագործվող մաքսային քաղաքականության մոտեցումների համեմատական վերլուծություն կատարել:
Սկսեմ Ռուսաստանից:
Ռուսաստանը ԽՍՀՄ-ից ժառանգեց գործնականում տնտեսության բոլոր ոլորտներն ընդգրկող հզոր արդյունաբերական ներուժ` ռազմաարդյունաբերական համիլիրի վրա արտայատված շեշտադրումով: Բայց այդ ներուժը ինտեգրված չէր համաշխարհային տնտեսությանը և գերակշիռ մեծամասնությամբ պարփակված էր ներքին շուկայում ու սոցիալիստական ճամբարի երկրներում: ԽՍՀՄ արտահանման հիմնական հոդվածը /65 տոկոս/ կազմում էր նավթի ու գազի արտահանումը: Որպեսզի պաշտպանի իր տնտեսությունը ավելի մրցունակ ներմուծումից, Ռուսաստանը կիրառում էր բարձր մաքսատուրքեր, իսկ ներքին շուկայի ծավալները թույլ էին տալիս գործել նրա արդյունաբերությանը: Կիրառելով արտահանման տուրքեր և քվոտաներ էներգակիրների արտահանման վրա՝ կառավարությունը պահպանում էր դրանց ներքին ցածր գները, ինչը պահում էր ռուսական տնտեսության որոշակի մրցունակությունը: Իմիջիայլոց, դա թույլ տվեց խուսափել այն կոլապսից, որ տեղի ունեցավ Հայաստանի տնտեսության հետ 90-ական թվականների սկզբին: Այժմ, անդամակցելով Առևտրի Համաշխարհային Կազմակերպությանը, Ռուսաստանը համաշխարհային տնտեսությանը լիարժեքորեն ինտեգրվելու համար աստիճանաբար վերանայում է արտաքին առևտրի կանոնները: Դա կարճաժամկետ հեռանկարում որոշակի դժվարություններ կստեղծի, սակայն երկարաժամկետ առումով երկիրն անկասկած շահելու է:
Իսկ ի˚նչ կատարվեց Հայաստանում:
Մենք ժառանգեցինք լուրջ արդյունաբերական ներուժ՝ կողմնորոշված դեպի ԽՍՀՄ շուկա, որն արդեն գոյություն չուներ: Ներքին շուկայի ծավալներն այդ արդյունաբերության համար չնչին էին, իսկ մի շարք ոլորտների համար՝ պարզապես զրոյական: Ռուսաստանի հետ ընդհանուր սահմանի և երկաթուղային հաղորդակցության բացակայությունը ի չիք էր դարձնում նախկին կոոպերացիայի վերականգնման ջանքերը: Ռուսական տնտեսության մի շարք ոլորտների աղետալի վիճակը 90-ականների կեսերին նույնպես լավատեսություն չէր ավելացնում: ԽՍՀՄ փլուզման հետ մեկտեղ Հայաստանի արդյունաբերության զգալի մասը անմիջապես դարձավ էքսպորտային՝ ավանդական վաճառահանման շուկայի և տեխնոլոգիական կոոպերացիաների գծով գործընկերների կորուստի պայմաններում: Ըստ էության, բացի գյուղատնտեսությունից ու վերամշակումից, արդյունաբերության բազմաթիվ ճյուղերի պաշտպանությունը մաքսատուրքերով անիմաստ էր: Հովանավորչությունը կարող էր արտահայտվել բոլորովին այլ գործիքների կիրառմամբ, բայց ոչ մաքսային արգելքներով: Գումարեք դրան նաև Հայաստանի շրջափակումը, որը բերում էր տրանսպորտային ծախսերի թանկացման գրեթե բոլոր ապրանաքատեսակների համար: Այդ պատճառով էլ ՀՀ կառավարությունը 90-ականների կեսերին գնաց արտաքին առևտրի ազատականացման, և Հայաստանը մտավ ԱՀԿ 2003թ.՝ համաշխարհային տնտեսության մեջ լիարժեք ինտեգրացիայի գործընթացն արագացնելու համար:
Այսպիսով, Հայաստանն ու Ռուսաստանը, օբյեկտիվ հանգամանքներից ելնելով, երկար ժամանակ մաքսային քաղաքականության մեջ տարբեր մոտեցումներ էին իրականացնում, և այդ մոտեցումները մեր երկրների մաքսային օրենսգրքերի հիմքը դարձան: Իսկ քանի որ Մաքսային Միության մոտեցումներում ընկած է ՌԴ մաքսային օրենսգիրքը, հարց է առաջանում, թե ի՞նչ խնդիր է լուծում Հայաստանն իր տնտեսության համար՝ բարձրացնելով մաքսատուրքերը ռուսաստանյան մակարդակի, և կհաջողի՞ արդյոք անցնցում վերափոխել իր մոտեցումները:
Այս հարցում ես չեմ կիսում մեր պաշտոնատար անձանց լավատեսությունը, քանի որ տնտեսությունը իներցիոն բնույթ ունի, և կտրուկ շրջադարձերն այստեղ հակացուցված են: Մարդիկ տարիներով կառուցում են իրենց բիզնեսը գործող կանոների տրամաբանությամբ, և այն վերահարմարեցնելու համար ժամանակ է հարկավոր: Ակնհայտ է, որ բիզնեսի որոշ տեսակներ կբարելավեն իրենց դիրքերը, որոշները կտուժեն, իսկ որոշները՝ ուղղակի կմեռնեն: Անհրաժեշտ է խորը և բիզնեսի համար բաց վերլուծություն ՄՄ երկրների շուկաների բոլոր ապրանքային խմբերի գծով՝ կանխատեսելու համար բոլոր հնարավոր հետևանքները: Գործարարներն ու ֆերմերները պետք է իմանան, թե որ ճյուղերում են իրենց դժվարություններ սպասում, և հակառակը՝ որում իրենք կարող են ավելացնել իրենց հնարավորությունները: Դա կօգնի նաև բանկերին ու վարկային կազմակերպություններին՝ ավելի արդյունավետ և փոքր ռիսկայնությամբ տնօրինել ֆինանսական ռեսուրսները:
Բացի այդ, ամենայն հավանականությամբ, Եվրամիությունը Հայաստանի հետ առևտրում կվերանայի արտոնությունների համակարգը (GSP+), ինչի մասին արդեն ակնարկում են ԵՄ երկրների դեսպանները: Հարցեր կառաջանան նաև ԱՀԿ շրջանակներում արդեն պայմանավորված մաքսատուրքերի փոփոխության վերաբերյալ, ինչից դժվար թե հաջողվի խուսափել: Դա կբերի մեր ապրանքների նկատամամբ պատասխան միջոցների կիրառմանը: Թե ինչպես դա կազդի Հայաստանի տնտեսության և մեր երկրի երկարաժամկետ ներդրումային գրավչության վրա՝ դժվար է գնահատել:
Մեկ այլ՝ արդեն բարձրաձայնված խնդիր. ՄՄ շրջանակներից դուրս գտնվող երկրներից ներմուծվող ապրանքների գների բարձրացումը: Հաշվի առնելով սպառողական շուկայում այդպիսի ապրանքների գերակայությունն ու Հայաստանի առևտրային բալանսի դեֆիցիտի մակարդակը՝ խոսք է գնում բավականին էական ծավալների մասին: Այստեղ բանաձևը շատ պարզ է. բարձացնում ես մաքսատուրքերը՝ բարձանում է նաև ապրանքի գինը խանութում: Կամ էլ տեղի է ունենում այդ ապրանքների փոխարինումը համանման ապրանքներով՝ Մաքսային Միության անդամ երկրներից, եթե այդպիսիք այնտեղ արտադրվում են:
Օրինակ, ասենք, Բելառուսի մսամթերքները և կաթնամթերքները կարող են էժանանալ Հայաստանում, իսկ մեր գինին ու կոնյակը՝ Բելառուսում: Ինչպե՞ս կդիմանա այս մրցակցությանը մեր անասնապահությունը, ցույց կտա ժամանակը: Այլ երկրներից ներմուծվող կենցաղային տեխնիկայի, էլեկտրոնիկայի ու մեքենաների զգալի մասը կթանկանա, եթե չլինեն համպատասխան բացառություններ: Այստեղ ամեն ինչ հնարավոր է հաշվարկել և կանխատեսել, և այդ հաշվարկները պետք է մատչելի լինեն հասարակությանը:
Գների էական ավելացումը կարելի է զսպել միայն ներդնելով բացառությունների ծավալուն ցուցակ, ներդաշնակելով այն ԱՀԿ առջև Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների շրջանակում մաքսային գանձումների աստիճանական նվազեցման հետ: Իսկ դա կախված է անցկացվելիք աշխատանքային բանակցությունների արդյունքներից՝ ՄՄ բոլոր երկրների հետ, որոնք էլ իրենց հերթին կներկայացնեն փոխադարձ պահանջներ: Դա շահերի համաձայնեցման աշխատատար գործընթաց է, և շտապողականությունը կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների:
Ես գիտակցաբար կանգ չեմ առնում այն բանի վրա, թե Հայաստանի համար ինչ վարկանիշային կորուստներով սկսվեց միացումը Մաքսային Միությանը՝ տարակուսանքի առիթ դառնալով մեր եվրոպացի գործընկերների համար: Դա այլևս չես շտկի: Չարժեր գնալ ԵՄ-ի հետ Ասոցիացման համաձայնագրի ստորագրմանը ՎՈՒԱՄ-ի երկրների ընկերակցությամբ, այն էլ ակտիվ քարոզչությամբ: Դա գործընթացին ավելորդ աշխարհաքաղաքական երանգ հաղորդեց: Ռուսաստանի արձագանքը միանգամայն կանխատեսելի էր:
Այսպես թե այնպես՝ ունենք այն, ինչ ունենք: Ցանկալի է, որ անդամակցությունը Մաքսային Միությանը ընթանա հանգիստ, լինի նվազագույնս քաղաքականացված և առավելագույնս հաշվի առնելով երկրի տնտեսության երկարաժամկետ շահերը: Ցանկացած սխալ հաշվարկ բացասական հետևանքներ կունենա Հայաստանի բոլոր բնակիչների համար:
Հ. Գ. Նրանց, ովքեր չեն կարող տեղի-անտեղի չարտահայտվել, առաջարկում եմ ուշադիր կարդալ, որպեսզի չստացվի այնպես, ինչպես միշտ: