Բաժիններ՝

Ինչի մասին չխոսեց Տիգրան Սարգսյանը

Երևանում երեկ տեղի էր ունենում կենսաթոշակային երրորդ տարեկան համաժողովը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նույնպես մասնակցում էր դրան։ Չէ՞ որ սա հենց իսկական տեղն էր` խոսելու աղմուկ հանած կուտակային կենսաթոշակի մասին և ջախջախելու այդ բարեփոխման դեմ հանդես եկողների բոլոր փաստարկները։

Եվ Տիգրան Սարգսյանը խոսեց։ Տեքստային տարբերակով ելույթը կազմում էր ուղիղ 7 էջ (A4 ֆորմատով, Sylfaen տառատեսակով, 12 չափսով և առանց միջտողային տարածության)։ Սա նշանակում է` ծավալուն ելույթ, որի մեջ կարելի է տալ բոլոր հարցերի պատասխանները։

Թվում է` հենց այդպես էլ կա` վարչապետը նախ` ներկայացրեց կուտակային համակարգի ներդրման անհրաժեշտությունը` հիմնավորելով դա ծերացող հասարակությամբ։ Նա ասաց, որ մոտ կես միլիոն աշխատող ու հարկեր վճարող աշխատողները չեն կարողանում ապահովել ավելի քան կես միլիոն թոշակառուների բեռը։ Վարչապետն ասաց, որ մեծացել է նաև կյանքի միջին տևողությունը. Այսինքն` թոշակառուներն ավելի երկար ժամանակ թոշակ ստանալու կարիք ունեն։ Նա խոսեց կառավարության նկատմամբ անվստահության, գնաճի ու սնանկացումների հետ կապված ռիսկերի, այսօրվա անհրաժեշտ ծախսերի և այլնի մասին։ Մի խոսքով` խոսեց բոլոր հարցերի մասին, սակայն դրանց մի մասի պատասխանները, այդուհանդերձ, չլսեցինք։

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն արդեն հասցրել է անդրադառնալ այդ ելույթին, մասնավորապես` ծերացող հասարակության մասին հիմնավորումներին։ Ավելի ճիշտ` դրանց չհիմնավորվածությանը։ Ինչևէ, եթե ընդունենք, որ Հայաստանում հասարակությունը ծերանում է և անհրաժեշտություն առաջացնում անցնել կենսաթոշակային այլ համակարգի, դարձյալ մի բան այն չէ։ Ինչո՞ւ Հայաստանում մենք ունենք ծերացող հասարակություն, որտեղ թոշակառուների թիվն ավելի արագ է աճում, քան աշխատունակ երիտասարդության թիվը:

Իհարկե, կարելի է դա բացատրել համաշխարհային միտումներով, հոգեբանության փոփոխություններով կամ սոցիալական վիճակով (երբ մարդիկ չեն կարող մեկ երեխայից ավելի շատ երեխաների հոգսի տակ մտնել)։ Կարելի է, սակայն մեր դեպքում դա շատ քիչ է։ Որովհետև Հայաստանում բնակչության ծերացման հիմնական պատճառն արտագաղթն է։ Հայաստանից արտագաղթում են հիմնականում աշխատունակ երիտասարդները։ Ահա այս մասին վարչապետը ոչ մի խոսք չասաց։
Փոխարենը` նշեց, որ պետությունը 2010 թվականից պատրաստվում է այս փոփոխությանը` այդ ընթացքում բարձրացրել է մարդկանց աշխատավարձը և միջոցներ կուտակել իր կողմից տարեկան 20 միլիարդ դրամ կուտակային ֆոնդին հատկացնելու համար։ Սակայն չասաց, թե այս 2010 թվականից ի վեր գները որքանով են աճել։

Ավելին` նա հպարտությամբ նշեց, որ առաջին անգամ ճգնաժամից հետո 2013 թվականին մեզ հաջողվել է հաղթահարել ֆունդամենտալ մի խնդիր, որպեսզի մեր քաղաքացիների իրական եկամուտներն աճեն, այսինքն` աշխատավարձերի աճը լինի ավելի բարձր, քան գնաճը։ «2013 թվականին աշխատավարձերի իրական աճը կազմեց 6,5 տոկոս, գնաճը` 5,8»,- ասաց նա` շեշտելով, որ թվերն այսօր դրա մասին են վկայում։ Ազգային վիճակագրական ծառայության թվերը` դեկտեմբերյան ճշգրտումներով, իրոք այդ մասին են վկայում։ Չափազանց համոզիչ փաստարկ է։

Վարչապետը հարցնում է` լավ, երիտասարդ սերնդի թոշակների խնդիրը մենք ինչպե՞ս ենք լուծելու, եթե ծերացող բնակչություն ենք, և, եթե կյանքի տևողությունը երկարում է, եթե գոյություն ունեն դեմոգրաֆիական ալիքներ, որոնք բերում են նրան, որ 15-20 տարի հետո աշխատողների թիվը լինելու է շատ ավելի ցածր: Սակայն բաց տեքստով չի ասում, որ այս բարեփոխմամբ պետությունը ոչ թե լուծում է այդ խնդիրը, այլ դրա լուծումը դնում է հենց աշխատողի ուսերին։

Ընդ որում, վարչապետը համոզիչ ոչ մի փաստարկ չբերեց, թե ինչո՞ւ է պետությունը պարտադրում մարդուն այս համակարգը, եթե այն այդքան լավն է։ Չխոսվեց նաև Սահմանադրական դատարանի որոշման մասին, որը բանի տեղ դնող չկա։ Գործատուներն այդպես էլ չհասկացան` վարչապետի՞ն լսել, թե՞ Սահմանադրական դատարանին։

Եվ վերջապես, Տիգրան Սարգսյանը փորձեց համոզել երիտասարդներին, որ այս բարեփոխումը նրանց հնարավորություն է տալու իրենց բարեկեցությունը բարելավել ոչ թե 30-40 տարի հետո, այլ հենց այսօր, «որովհետև մենք կունենանք երկար փողեր և կկարողանանք հիպոթեքային հիմնադրամներին տալ երկար փողեր, որպեսզի նրանք կարողանան ձեզ տրամադրել երկար փողեր, որպեսզի հենց այսօր կարողանաք ձեռք բերել բնակարան»:

Այս պնդումն առավել քան անհասկանալի է։ Ստացվում է` երիտասարդները երկար փողեր պետք է ստանան իրենք իրենց հաշվին։ Ու ոչ մի հաշվարկ չի ներկայացվել, թե 275 հազար երիտասարդ ընտանիքներից քանի՞ տոկոսն են հիպոթեքով տուն գնելու հնարավորություն ունենալու, եթե գումարների ընդամենը 10-15%-ն է գնալու ՀՀ բանկային համակարգ։

Անպատասխան մնացած հարցերը շատ են, սակայն թերթի ծավալները թույլ չեն տալիս վարչապետի ելույթի չափ հոդված տպագրել։

Նման դեպքերում ասում են` կապրենք` կտեսնենք, թե այս փաստարկները որքանով են հիմնավորվելու։ ՍԴ-ն, ամենայն հավանականությամբ, ուժի մեջ կթողնի օրենքը, և հարկ կլինի սպասել 20-30 տարի։ Տա Աստված, որ Տիգրան Սարգսյանն այդ ժամանակ առողջ լինի և գտնվի Հայաստանում։ Որպեսզի կուտակային կենսաթոշակ ստացած առաջին քաղաքացին հնարավորություն ունենա կամ նրան անարգանքի սյունին գամել, կամ էլ հակառակը` գովեստների արժանացնել այս դարակազմիկ բարեփոխմանը ծնունդ տալու համար։

Լուսանկարը՝ ՖոտոԼուրի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս