
Մատուցողուհու սպանության մեջ մեղադրվողն ասում է, որ ինքը սատանիստ չէ

Մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Թամրազյանը, ով նախաքննության ընթացքում հարցաքննություններից մեկի ընթացքում ընդունել էր իր մեղքը, այժմ իրեն մեղավոր չի ճանաչում: Նախորդ դատական նիստի ընթացքում Դավիթ Թամրազյանը ցուցմունք էր տվել, որ տեղեկություն չունի՝ ով է սպանել Մարիամին:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Դավիթ Բալայանը հրապարակեց Դավիթ Թամրազյանի նախաքննական ցուցմունքները:
Նախաքննության ընթացքում Դ. Թամրազյանը հարցաքննվել է որպես կասկածյալ: Նա պատմել է, որ ինքը ֆիզիկապես առողջ է, հոգեկան հիվանդությամբ չի տառապել և չի տառապում: Նա նշել էր, որ ավարտել է միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը, ինչից հետո խոհարարություն է սովորել:
Ըստ ցուցմունքի՝ ինքը Մարիամի Հունայանին ճանաչել է հյուրանոցում միասին աշխատելու ընթացքում. ինքը այնտեղ աշխատել է որպես խոհարար, իսկ Մ. Հունանյանը՝ մատուցողուհի:
«Մոտ մեկ ամսվա ընթացքում մեր հարաբերությունները մտերմացան, և ունեցանք ինտիմ հարաբերություններ: Կարճ ժամկետում նա հեռացվեց, քանի որ հյուրանոցային համալիրի ղեկավարությունը տեղեկացավ մեր ինտիմ հարաբերության մասին»,- իր ցուցմունքում ասել էր Դ. Թամրազյանը:
Ըստ նրա՝ մոտ երկու ամիս իրենց հեռախոսային կապը պահպանվել է, Մարիամը խնդրել է հանդիպել, բայց ինքը հրաժարվել է:
Ըստ Դ. Թամրազյանի ցուցմունքի՝ որոշ ժամանակ անց Միլենա Միրջանյանն առաջարկել է ղեկավարել իր վարձակալած հացատունը, որտեղ ինքն աշխատել է մոտ մեկ ամիս և նրա հետ գտնվել է ինտիմ կապի մեջ:
Այդ ընթացքում Մարիամը, ըստ ցուցմունքի, զանգահարել է իրեն և խնդրել է հանդիպել, սակայն ինքը մեժել է՝ ասելով, որ երեխա ունի, «ինձնից յան տուր»:
Ըստ Դ. Թամազյանի ցուցմունքի՝ դեպքից որոշ ժամանակ առաջ մի անգամ, երբ Մարիամը զանգել է իրեն և խնդրել հանդիպել, ինքն այդ առաջարկը չի մերժել՝ մտածելով, որ նրան ցույց կտա իր ընկերուհուն և վերջնականապես կհամոզի Մարիամին: Նրանք հանդիպել են, որի ընթացքում Միլենան Մարիամին փորձել է համոզել, որ «իրենից ձեռք քաշի», այդ ընթացքում նրանց միջև վիճաբանություն է ծագել, ապա ինքը լսել է, որ Մարիամն իր մոր հասցեին ինչ-որ արտահայտություններ է հնչեցրել:
Ըստ Դ. Թամազյանի ցուցմունքի՝ դեպքի օրը՝ մայիսի 7-ին, առավոտյան իրեն է զանգահարել Մարիամ Հունանյանը և խնդրել հանդիպել, ինքը չի համաձանել, սակայն որոշել է նրան վնասել:
Կասկածյալ Դ. Թամրազյանը նշել էր, որ ինքը աշխատանքի վայրից վերցրել է երկսայր դանակ, որը նախատեսված է մսի ֆիլե կտրելու համար: Նա նշել է, որ դանակը դրել է իր գրպանը, զանգել իր ընկերուհի Միլենա Միրիջանյանին և առաջարկել գնալ գինի խմելու, խնդրել է տաքսիով գալ իր ետևից: «Արդեն իմ մեջ պլանավորել էի, որ Միլենայի հետ հանդիպումն իմ ալիբին կլիներ՝ կատարվածը թաքցնելու համար»,- ասել էր Դ. Թամրազյանը:
Դ. Թամրազյանը պատմել է, որ Միլենային զանգահարելուց և պայմանավորվելուց հետո ինքը գնացել է Մարիամ Հունանյանի շենքի մոտ, բայց նրան չի ասել, որ ինքն այնտեղ է: Եվ երբ Մ. Հունանյանը հասել է շենքի մուտքի մոտ, զարմացել, ուրախացել է, իրենք գրկախառնվել են ու բարձրացել բնակարան:
Ըստ նրա ցուցմունքի՝ բնակարան ներս մտնելուց հետո Մարիամը սկսել է հավաքել թափթփված իրերը, ապա իրենք նստել են մահճակալի վրա և սկսել զրուցել:
Կասկածյալ Դ. Թամրազյանը պատմել էր, որ այդ ընթացքում զանգահարել է Մարիամի բջջային հեռախոսը, սակայն Մարիամը անջատել է, և ինքը չգիտի՝ ով էր զանգահարում Մարիամին: Ըստ Դ. Թամրազյանի նախաքննության ընթացքում տված ցուցմունքի՝ իրենք պառկել են անկողնու վրա և սկսել համբուրվել:
Դ. Թամրազյանը ասել էր, թե ինքը մի պահ շուռ է եկել և նստել նրա վրա, դեմքով դեպի իրեն, խնդրել աչքերը փակել՝ ասելով, թե նրա համար անակնկալ ունի: «Ես անմիջապես իմ հագին եղած կտորե բաճկոնի գրպանի ձախ կողմից հանեցի դանակը, աջ ձեռքով, իսկ միաժամանակ ձախ ձեռքով փակեցի բերանը, որ չբղավի և արագ-արագ կտրեցի կոկորդը և շատ արագ ձևով, որ նա չտանջվի:
Դանակով կոկորդը կտրելու ընթացքում, քանի որ դանակը երկսայր էր, կպավ նաև աջ և ձախ ուսերի հատվածին: Պարանոցը կտրելուց հետո ես դանակը դրեցի գրպանս, նա մնաց պառկած և նրա աջ ձեռքը մնաց փորի վրա, իսկ ոտքերը կախ ընկած վիճակում էր»,- այսօր դատարանում կասկածյալի այս ցուցմունքները հրապարակեց դատավորը:
Հետո, ըստ այդ ցուցմունքի՝ Դ. Թամրազյանը կրակայրիչով այրել է Մարիամի մահճակալի, ինչպես նաև կողքի մահճակալի սավանը, ապա կատարվածի մասին պատմել է Միլենային, ցույց տվել արյունոտված դանակը:
Քննիչի հարցին պատասխանելով՝ Դ. Թամրազյանն ասել էր, որ դեպքի օրը Մ. Հունանյանը եղել է «տիգրովկա» շորով:
Նշենք, որ այժմ Դավիթ Թամրազյանը չի ընդունում իր մեղքը: Այսօր դատական նիստի ընթացքում նա հայտարարեց, որ իր ցուցմունքները չեն համապատասխանում իրականությանը: «Քննչականի պետը ինչ-որ թելադրել ա, դա գրել եմ»,- ասաց նա:
Դ. Թամրազյանի՝ հարցաքննության արձանագրությունների հրապարակումից պարզ դարձավ, որ նա «Նուբարաշեն» ՔԿՀ-ից դիմում է ուղարկել ոստիկանության քննիչին, ասել, որ ցուցմունք տալիս իր նկատմամբ «բռնություն և ստորացումներ» են կիրառվել, իր ցուցմունքում որոշ փաստեր չեն համապատասխանում իրականությանը, ներկայումս մտահոգություն չունի, որ բռնություն կկիրառվի իր նկատմամբ, այդ պատճառով հիմա է ասում դրա մասին:
Մեկ այլ հարցաքննության ընթացքում քննիչը նրանից հետաքրքրվել է՝ ո՞վ է բռնություն կիրառել, ինչին ի պատասխան Դ. Թամրազյանն ասել է, որ այդ պահին հրաժարվում է դրա մասին խոսել:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մեկ այլ հարցաքննության ընթացքում Դավիթ Թամրազյանն ասել էր, որ ինքը 2011թ. նոյեմբերին հետաքրքրվել է սատանիստական և հակաքրիստոնեական «ոհմակով»: Դ. Թամրազյանը նշել էր, թե «odnoklassniki» կայքից ծանոթացել է Խաչիկ անունով մի տղայի հետ, սկսել է շփվել նրա հետ, նրանից մի շարք բաներ հետաքրքրվել:
Դ. Թամրազյանը պատմել է, որ ինքը մի քանի անգամ հանդիպել է Խաչիկի հետ, նրանից որոշ հարցերի պատասխաններ ստացել: Ըստ Դ. Թամրազյանի ցուցմունքի՝ որոշ ժամանակ անց Խաչիկն իրենից աղջկա հեռախոսահամար է ուզել, ում հետ ցանկացել է «քնել», ինքն էլ որոշել է առաջարկել Մարիամին:
Դեպքի օրը, ըստ ցուցմունքի, ինքը գնացել է Մարիամի տան բակ, ապա այնտեղից հեռացել Միլենայի հետ, հաջորդ օրը տեղեկացել է, որ Մարիամին սպանել են: Ըստ Դ. Թամրազյանի ցուցմունքի՝ մի քանի օր անց ինքը տեսել է Խաչիկին և քանի որ արդեն հասկացել էր, որ նա է սպանել Մարիամին, հարցրել է, թե ինչու է դա արել, իսկ Խաչիկը պատասխանել է. «Այդպես պետք է»:
Այսօր դատական նիստի ընթացքում Դ. Թամրազյանը հայտարարեց, որ իր այս ցուցմունքը չի համապատասխանում իրականությանը, այդ պատմությունը հորինել է: Այսօր նա նաև ասաց, որ ինքը սատանիստ չէ: