Լյովա Խաչատրյան. Լավ կլիներ` այդ «դեմքերը» գյուղում չերևային, եկան, տեսան` գյուղում էլ ինչ կա, դա էլ վերացրին
Հարցազրույց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանի հետ
– Գյուղատնտեսության նախարարությունն ու գյուղացիները դատական քաշքշուկների մեջ են, ինչպե՞ս կգնահատեք այս իրավիճակը:
– ԳՆ ՊՈԱԿ-ը մի քանի ֆերմերի դատի է տվել, գյուղացիները հրաժարվում են վճարել սերմերի գումարը: Առաջին ատյանի վարչական դատարանում արդեն մեկ դատ հօգուտ ֆերմերի է վճռվել, որից հետո դատավորը երկրորդ նմանատիպ դատին, իմանալով նախադեպի մասին, դատավճիռը չի կարդացել, դատը հետաձգել ու փախել է դատարանից: Մինչև հիմա անորոշ վիճակ է: Գյուղատնտեսության նախարարությունն էլ սպառնում է, թե կդիմի վերաքննիչ դատարան:
Կարելի էր քաղաքական որոշում ընդունել ու գյուղացուց փողը ստիպողաբար չվերցնել: Ի՞նչ խնդիր կա: Ես զարմանում եմ, որ ԳՆ-ն գյուղացու կողքին չի կանգնում, մինչդեռ ինքը պետք է համոզվեր, որ սերմն իրոք վատն էր: Շատերն այն պարզապես խոտի տակ են քաղել: Մենք ուսումնասիրություններ կատարեցինք, երբ գյուղացուն տված ցորենի ու գարու սերմը չաճեց: Համարում ենք` կամ այն չէր համապատասխանում մեր բնակլիմայական պայմաններին, կամ էլ անորակ էր, որովհետև համատարած բերք չտվեց: Գյուղացիները պարտավոր էին 1:2 հարաբերակցությամբ վերադարձնել, իսկ դա նշանակում է` 200%-ով տարեկան վարկ տալ: 1:2 հարաբերակցությամբ եթե պետք է վերադարձնեն, ի՞նչ տարբերություն` ինչ կլինի` փող, հորթ, ցորեն թե այլ բան:
200%-ով տվեցին գյուղացուն, ու դեռ քիչ էր, որ սերմը պետք է 1-ին 2 վերադարձնեն, բերք էլ չստացան ու ամբողջ տարվա ապրուստը կորցրին: Եթե սերմ են ներկրում, պետք է 3 տարի փորձաշրջան անցնի, հետո տան համատարած ցանքի համար, իսկ սա առանց փորձաշրջանի բերեցին, բաժանեցին: Անգամ մտավախություն կա, որ այդ սերմերը կերային հիբրիդ սերմեր էին, որ 1 տարի առատ բերք են տալիս, հետո բերքատվությունը կտրուկ ընկնում է ու այլևս բերք չի տալիս:
– Հայտարարվում էր, որ ցորենի էլիտային սերմ են ներկրում:
– Ես չգիտեմ` ինչ էլիտային սերմ են բերել, բայց սերմը կամ էլիտար չէր, կամ չէր համապատասխանում մեր բնակլիմայական պայմաններին: Կարող էր և էլիտային լինել, բայց, որ պարզապես չէր համապատասխանում ՀՀ պայմաններին, հստակ է: Դրա համար օրենքով սահմանված է 3 տարի փորձաշրջան անցկացնել: Այս հարցը պետք է ուսումնասիրել, մինչև չուսումնասիրվի, ոչ մեկը չի կարող ասել` ինչ սերմ էր: Բայց փաստ է, որ այն համատարած բերք չտվեց: Ասում են` ձմեռն էր ցուրտ, ամառն էր շոգ, բայց նորմալ տարի էր:
Սերմերի հետ կապված` ԱԺ հանձնաժողովում լսումներ անցկացվեցին, հաջորդ շաբաթ կրկին կքննարկենք հարցը: Բոլոր մարզերի տվյալները վերցրել ենք, պարզվել է, որ ո՛չ մարզպետարանի, ո՛չ գյուղապետարանների, ո՛չ էլ նախարարության բերքատվության տվյալները միմյանց չեն համապատասխանում, պարզապես թվեր էին նկարել: Անփորձ աչքը նույնիսկ նման ցուցակի նայելիս` չի հավատա այդպիսի թվերի:
– Կառավարությունը նաև էժան վարկեր էր տրամադրում գյուղացիներին: Ինչպե՞ս եք գնահատում դրա արդյունավետությունը:
– Այդ երկարատև ու էժան վարկերի ծրագիրն էլ, փաստորեն, չի կատարվում: Ես 4 մարզերում ֆիզիկական անձանց ցանկ եմ ստացել, ովքեր վարկ են ստացել 3-5 տարով, մինչև 3 մլն դրամ ծավալով: Ես կարծում, որ այսօր դա արդեն բավարար չէ գյուղատնտեսությունը ոտքի կանգնեցնելու համար, ինչն էլ ցույց է տալիս տարեցտարի գյուղացիների ու ոլորտի վիճակի վատթարացումը: Այսօր արդեն ոչ միայն երկարաժամկետ վարկ պետք է տան, այլ նաև սուբսիդիա պետք է տան, որ մարդիկ կարողանան ոտքի կանգնել:
Գյուղացին այլևս սեփական պահուստ չունի, որ կարիքի դեպքում օգտագործի: Բոլորի տները գրավադրված են, բոլորը վարկի տոկոսի տակ են: Մարդիկ ստիպված գնում են արտերկիր, որ կարողանան վարկերի գումարները վճարել: Կարծում եմ` այդ 14%-անոց վարկերն էլ, որ 4% սուբսիդավորեց կառավարությունը, դրա հիմնական մասը գնաց նախկինում վերցրած մեծ տոկոսով վարկերն ինչ-որ ձևով մեղմելու համար և անմիջապես գյուղատնտեսության մեջ չներդրվեց: Կարծում եմ` այս տարի մեզ մոտ աշնանացան ցորենի բերքը վտանգի տակ է լեռնային շրջաններում, աշնանն անձրևներ չեկան, բույսերը չծլեցին, չփնջակալեցին, ու հիմա ձյունը հալչելուց հետո կերևա` բերք կամ չի լինի, կամ կորուստը շատ մեծ կլինի: Հողերն էլ կապված էին, ու շատերը չկարողացան նախապատրաստվել գարնանացանին: Գյուղատնտեսության վիճակն այժմ շատ վատ է:
– ԳՆ պաշտոնյաները մշտապես աճի մասին են խոսում, միշտ աճողական ցուցանիշներ են ներկայացնում: Ինչպե՞ս է իրենց մոտ պատկերն այդպես լավ ստացվում:
– Ձեր կարծիքով` 3.5% տնտեսական աճը որտե՞ղ պետք է ցույց տան: Չեն կարող ասել, թե գինի կամ կոնյակ են արտադրել ու արտահանել, դա սահման է անցնում, և հետևում են, իսկ գյուղատնտեսության վրա «բարդել» ու տնտեսական աճի ցուցանիշը գոնե 3.5% ցույց տալ կարող են, և դա հնարավոր է միայն գյուղատնտեսության միջոցով:
– Սերժ Սարգսյանը 2011-ին հանձնարարեց «դեմքով դեպի գյուղը շրջվել»:
– Այդ օրվանից գյուղացին սկսեց ավելի արագ աղքատանալ: Լավ կլիներ` այդ դեմքերը գյուղում չերևային: Եկան, տեսան` գյուղում էլ ինչ կա, դա էլ վերացրին:
– Փաստորեն, տապալել են նախագահի հանձնարարականը:
– Գյուղնախարարը, եթե ծանոթ եք մի քիչ, իրոք ձգտում է աշխատել ու ցանկանում է աշխատել, բայց Գյուղատնտեսության նախարարությանը ոլորտին առնչվող գործառույթների 10%-ն էլ չի ենթարկվում` ո՛չ Սննդի անվտանգության ծառայությունը, ո՛չ գյուղական վարկերի ծրագիրըգ մեկը կառավարության այսինչ եղբայրների տակ է, մյուսը` կառավարության այնինչ եղբայրների տիրապետության տակ: Մենք չունենք Գյուղնախարարություն: ԳՆ-ի անունը կա, ամանումը չկա:
ԳՆ տնօրինությանն ամբողջական հնարավորություն տրված չի գյուղատնտեսությունը կառավարել, դա նաև բյուջեից է երևում, որ գյուղոլորտին ընդհանուր մոտ 15 մլրդ դրամ` հատկացումից ԳՆ-ն տնօրինում է միայն 8 մլրդ դրամը: Այդպես գյուղտնտեսությունը ոտքի չի կանգնի: Իսկ նախարարը` միայն իր էնտուզիազմով, ցանկությամբ շատ բան չի կարող անել: Միակ, եզակի նախարարություններից է, որ ես գիտեմ, որտեղ կոռուպցիա, կաշառք վերցնել գոյություն չունի:
– Բայց կոնկրետ ցորենի սերմերի հետ կապված այս պատմության մեջ կարծես երրորդ անձ չկար…
– Ես չգիտեմ` երրորդ անձն ով է, ովքեր են տերերը: Ամեն ինչի տակ էլ շան գլուխ է թաղված` ով է բերել, ով է ծախել, ով պետք է գումարը գրպանը դնի: Գյուղնախարարությունն` ինքը, վաճառքով չի զբաղվում, ինքը կազմակերպչական հարցերն է լուծում:
– «Տավարաբուծության զարգացման» ծրագիրն ինչպե՞ս կգնահատեք, արդյունավետ համարո՞ւմ եք:
– Եվրոպայից բերված այդ թանկարժեք` 4-5 հազար դոլար արժողությամբ երինջները տեղայնացված չէին ու հիմնականում սատկեցին: Ի՞նչ արդյունավետության մասին է խոսքը: Որոշ ֆերմերներ, որ կարողացան մի կերպ խառնածին սերունդ պահել, առաջարկում են գոնե իրենցից գնել դա` ավելի էժան ու տեղայնացված, բայց չեն կարողանում հասնել արդյունքի, որ գոնե իրենց պարտքերը փակեն: Դա էլ է ինչ-որ մեկի բիզնեսը, հավանաբար: Պետք է բերեն, պետական փողով տան, իսկ որ սատկեն, ոչնչանան, ոչ մեկին չի վերաբերում:
Լուսանկարը՝ panorama.am-ի