Ֆենոլների հակասկլերոտիկ և հակաքաղցկեղային հատկությունների մասին

Հատապտուղների, պտուղների և բանջարեղենի օգտակարության մասին հայտնի է բոլորին։ Կիտրոնի, խնձորի, գինու և այլ օրգանական թթուները կարգավորում են աղեստամոքսային համակարգի աշխատանքը, բջջանքը և պեկտինային նյութերը բարելավում են աղիների օգտակար միկրոֆլորան, քանի որ նվազում են նեխման գործընթացները։ Պտուղ-բանջարեղենից ենք ստանում մեզ անհրաժեշտ կենսանյութերի մակրո և միկրոտարրերի անհրաժեշտ չափաբաժինների զգալի մասը։ Վերջին տարիներին պտուղ-բանջարեղենում հայտնաբերվել են տասնյակ նոր նյութեր, որոնց թվին են պատկանում նաև ֆենոլային թթուները։
Ֆենոլներն անհամեմատ ուժեղ հակաօքսիդանտներ են, քան A, C, E վիտամինները։ Դրանցից առավել հայտնի են քլորոգենի, կումարի, սալիցիլի, էլլագի, գալլի թթուները և այլն։
Սալիցիլի թթուն հայտնի է հնուց, այն պարունակվում է կաղամախու և ուռենու կեղևներում, և արդեն 1853 թ. այդ հումքից առանձնացվել է ասպիրինը (տե՛ս Ջ. Սահակյան, «Պահապան ծառերի բուժիչ զորությունը», Երևան 2012թ.)։
Սալիցիլաթթուն ունի մի շարք կարևոր հատկություններ, որոնցից երկուսի շնորհիվ լայնորեն կիրառվում է սիրտ-անոթային հիվանդությունների բուժման համար. նվազեցնում է անոթների ներքին մակերեսի վրա ընթացող բորբոքումները և ճնշում է թրոմբոցիտների կպչունակությունը։ Միրգ-բանջարեղենի և հատապտուղների 100 գ զանգվածի մեջ պարունակվող ացետիլաթթվի զանգվածը տատանվում է 2,4-7,8 մգ սահմաններում, իսկ մարդու օրգանիզմի մեկ օրվա պահանջարկը 25-30 մգ է։ Սալիցիլաթթուն անհամեմատ ավելի շատ է համեմունքներում` մոտ 200 մգ` քաղցր կարմիր պղպեղում, 183 մգ` չոր ուրցի մեջ, 45 մգ` չամանի սերմում, 4,5 մգ` թարմ կոճապղպեղի արմատում (100 գ հումքի մեջ)։ Հասկանալի է, որ համեմունքների կիրառումը սահմանափակ է։
Բժիշկները խորհուրդ են տալիս ասկորբինաթթվի անհրաժեշտ չափաբաժինը լրացնել ասպիրինով։ Սակայն, ինչպես ցանկացած սինթետիկ դեղամիջոց, ասպիրինը նույնպես ունի կողմնակի ոչ ցանկալի ազդեցություն. գրգռում է ստամոքսի լորձաթաղանթը, որի հետևանքով կարող է զարգանալ ստամոքսի բորբոքում, խոց և արյունահոսություն։
Ժամանակակից բժշկությունը լրջորեն հետազոտում է պտուղ-բանջարեղենի սպառման չափի ազդեցությունը սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման վրա։ Արդեն իսկ ապացուցված է, որ սալիցիլաթթուն ունի բարերար ազդեցություն առողջական վիճակի վրա։ Սալիցիլաթթու պարունակող մթերքներից կարելի է առանձնացնել չամիչը` մինչև 7,8 մգ (100 գ հումքի մեջ), սև սալորը և սամիթը` 6,9 մգ, լոլիկը և վարունգը` 6 մգ, մորին և ելակը` 5,1 մգ, փյունիկյան խուրման` 4,5 մգ, կարմիր և սև հաղարջը` 5,6 մգ և 3,6 մգ, նաև բալը, կեռասը, ծիրանը, նարինջը, արքայանարինջը` 2,4 մգ-3 մգ։
Խորհուրդ է տրվում ուտել առնվազն 300 գ հատապտուղներ, միրգ-բանջարեղեն, ապուրները համեմել չամանի, սամիթի կամ հազրեվարդի մանրացրած սերմով, իսկ թեյի (սևը հարուստ է սալիցիլաթթվով), սուրճի և այլ ըմպելիքների մեջ ավելացնել մի փոքր կոճապղպեղի փոշի։
Նման սննդակարգն ունի արտահայտված հակասկլերոտիկ ազդեցություն։
Վերջին տարիներին ապացուցված է, որ պտուղ-բանջարեղենով հարուստ սննդակարգը կարող է զգալիորեն նվազեցնել նաև օնկոլոգիական հիվանդությունների զարգացման հավանականությունը։
Գիտնականները սահմանել են սննդամթերքի հակաուռուցքային հատկությունները նկարագրող չափորոշիչը, որը կոչվում է «սննդամթերքի հակաօքսիդանտ ակտիվություն»։
Պարզվել է, որ էլլագաթթուն ունի ճնշող ազդեցություն նոր ձևավորվող` միկրոուռուցքների վրա, և, ի տարբերություն քիմիական եղանակով սինթեզվող դեղորայքի, չունի օրգանիզմը թունավորող ազդեցություն։ Ապացուցված է, որ էլլագաթթուն շրջափակում է ուռուցքի աճի ամենավտանգավոր փուլը` երբ միկրոուռուցքի հետ սկսում են սերտաճել դրան սնող արյունատար անոթները, և այն ձեռք է բերում չարորակ ուռուցքին բնորոշ մետաստազներ առաջացնելու հատկություն։ Էլլագաթթուն ի զորու է առաջացնել ուռուցքի մեջ գենետիկորեն ծրագրավորված ինքնաոչնչացման գործընթացը` ապոպտոզ։
Էլլագաթթվով առավել հարուստ են ազնվամորին, գետնամորին, մոշը, որոնք աճում են ՀՀ և Արցախի բնական պայմաններում, և լայնորեն մշակվող ելակը։ Գիտնականները նկատել են նաև մի այլ ուշագրավ և շատ կարևոր օրինաչափություն. նոր պատրաստված ջեմի մեջ էլլագաթթվի պարունակությունը մոտ 2 անգամ ավելի է` թարմ հատապտղի համեմատությամբ, իսկ 20C ջերմաստիճանի պայմաններում 6 ամիս պահպանելուց հետո էլլագաթթվի պարունակությունն աճում է արդեն մոտ 5 (!) անգամ։ Ակնհայտ է, որ էլլագաթթուն ջերմային մշակման արդյունքում և երկար պահպանման ժամանակ արտազատվում է սերմերից` ջեմի մեջ։ Խորհուրդ է տրվում ուտել օրը 2 թ/գ ջեմ։ Էլլագաթթվով հարուստ են նաև ընկույզը և մրգեղենը։
Ըստ հակաօքիսիդանտ չափորոշիչի արժեքի` առաջատարն են համեմունքները` դարչին-268.000, չաման-76.800, կոճապղպեղ-28.800, կարմիր պղպեղ (փոշի)-17.900, հատապտուղներ` հապալաս սև (և երկնագույն)-13.400, մորի-5000, մրգեր` խնձոր-4300, նարինջ-1800, բանջարեղեն` կարտոֆիլ-1060, վարունգ-210 և այլն։
Հապալասների, հատկապես` սևի մեջ շատ են ֆենոլային կումարաթթուները, որոնք նվազեցնում են ինֆարկտի և ինսուլտի առաջացման հավանականությունը։
Հակաօքսիդանտային, հակաբորբոքային և հակաուռուցքային հատկություններ ունեն խուրմա կովկասյանի և արքայանարնջի տերևները (տե՛ս «168 Ժամ», 21.11.2013թ. «Արքայանարինջ. բուժում է ոչ միայն պտուղը»)։
ՋՈՒԼԻԵՏԱ ՍԱՀԱԿՅԱՆ

Արդեն վաճառքում է
«Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը:
Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

 

Տեսանյութեր

Լրահոս