
Անգելա Մերկելը առաջարկել է ստեղծել եվրոպական կոմունիկացիոն ցանց

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը առաջարկել է ստեղծել եվրոպական կոմունիկացիոն ցանց, որպեսզի էլեկտրոնային փոստերն ու մյուս տվյալները ստիպված չլինեն ուղարկել ամերիկյան սերվերների միջոցով:
Մերկելն ընդգծել է, որ կողմ չէ այնպիսի ընկերություններին, ինչպիսիք են Google-ը և Facebook-ը, որոնց էջերն ունեն տվյաների ցածր պաշտպանվածություն և որոնք, ընդ որում, գործում են համակարգչային անվտանգության բարձր մակարդակ ունեցող երկրներում, ինչպիսին որ Գերմանիան է:
Կանցլերը խոստացել է եվրոպական ցանցի ստեղծումը քննարկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Մերկելը չորեքշաբթի մեկնելու է Փարիզ: Օլանդի վարչակազմը հայտնել է, որ Ֆրանսիայի կառավարությունն ընդհանուր առմամբ կողմ է Բեռլինի առաջարկին: Մերկելի խոսքերով` անկասկած է, որ պետք է ավելին անել` Եվրոպայում տվյալների պաշտպանության համար: