Թվիթերյան դիվանագիտություն` ղարաբաղյան հարցի շուրջ

ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը փետրվարի 13-ին Twitter սոցիալական ցանցի իր միկրոբլոգում հերթական անգամ անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրին: Այս անգամ Ուորլիքը Լեռնային Ղարաբաղի խնդիրը շոշափեց մեկ այլ երկարաձգվող հիմնահարցի` Կիպրոսի թուրք-հունական հակամարտության համատեքստում:

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիասը և Թուրքական Կիպրոսի չճանաչված Հանրապետության ղեկավար Դերվիշ Էրօղլուն հանդիպել էին այս շաբաթ Նիկոսիայում և հայտարարել Կիպրոսի հիմնախնդրի շուրջ բանակցությունների նոր փուլ սկսելու մասին: «Կիպրոսի հունական և թուրքական հատվածները հայտարարել են, որ սկսելու են լիարժեք բանակցություններ` հակամարտության կարգավորման համար: Ինչո՞ւ նույնը չի կարող լինել նաև Լեռնային Ղարաբաղի դեպքում»,- գրել է Ջեյմս Ուորլիքը:
Նույն օրը` կրկին Twitter-ում, ամերիկացի համանախագահին պատասխանեց ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությունը:

«Մենք համաձայն ենք Ջեյմս Ուորլիքի հետ, որ ժամանակն է վերականգնել լիարժեք բանակցությունները` Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցությամբ»,- նշված է ԼՂՀ արտգործնախարարության թվիթերյան միկրոբլոգում:

Իր հերթին` ադրբեջանական կողմը փորձեց ետ չմնալ ԼՂՀ արտգործնախարարությունից. Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևն այսպես պատսխանեց Ուորլիքին. «Դրա համար էլ մենք բանակցում ենք Երևանի հետ` հակամարտությունը լուծելու և խաղաղության համապարփակ պայմանագիր կնքելու համար»:

Կարդացեք նաև

Մենք փորձեցինք ճշտել Հայաստանի Հանրապետության արտգործնախարարության տեսակետը Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի կոչի վերաբերյալ: Ի պատասխան` ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեզ հետ զրույցում ընdգծեց, որ ԼՂՀ արտգործնախարարությունն արձագանքել է շատ տեղին, և դրան ավելացնելու բան չկա:

Ի դեպ, ամերիկացի համանախագահի այս կոչն անտարբեր չի թողել նաև հայտնի վերլուծաբան, Վաշինգտոնի «Atlantic Council» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Սաբինա Ֆրեյզերին: «Միանշանակ,- Ուորլիքի գրառմանն արձագանքել է Ֆրեյզերը,- Եվ մինչ ղեկավարների հանդիպումը` ինչո՞ւ կիպրոսցիների նման չսկսել տեխնիկական խմբերի աշխատանքից, այդ թվում` երկու կողմերի քաղաքացիական հասարակությունների խմբերը կարող են աշխատել մանրամասների վրա»:
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը «168 Ժամի» հետ զրույցում խոսելով Ջեյմս Ուորլիքի այս նախաձեռնության մասին` կարծիք հայտնեց, թե դա դեռ ոչինչ չի նշանակում: Մանվել Սարգսյանի կարծիքով` ընդհանրապես վաղ է բանակցությունների նոր փուլի մասին խոսելը:

Մեր խնդրանքով նա անդրադարձավ Մինսկի խմբի համանախագահների երևանյան վերջին այցին, որի ժամանակ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն ասել էր, թե Մինսկի խումբը կողմերի հետ բանակցել է այժմ սեղանին դրված փաստաթղթի շուրջ:
«Որևէ հստակ բան չկա, պարզ չէ, թե ինչ փաստաթղթի մասին են խոսում, ինչ են առաջարկել կամ չեն առաջարկել:

Որևէ փաստ չկա, որը թույլ կտա կարծելու, թե հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր մոտեցումներ կան: Ընդամենը խոսակցություններ են` մկան-կատվի խաղերի պես: Լավրովն էլ մի ժամանակ խոսեց այդ մասին, որ առաջարկ կա, բայց մենք ի՞նչ տեսանք, ընդամենը սրացում շփման գծում` Ադրբեջանի կողմից, և Ադրբեջանի արտգործնախարարն էլ, Հայաստանի արտգործնախարարի հետ վերջին հանդիպումից հետո վերադառնալով Բաքու, հայտարարեց, թե իրենց դիրքորոշումը հիմնախնդրի լուծման վերաբերյալ նույնն է: Սա ցույց է տալիս` եթե անգամ ինչ-որ մի առաջարկ է եղել, ոչ ոք այն չի ընդունել»,- նշեց Մանվել Սարգսյանը:

Հարցին, թե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոր հանդիպումը կարո՞ղ է խթանել խաղաղության գործընթացը, նա պատասխանեց, թե այդպիսի հանդիպումներ պարբերաբար լինում են, և ընդամենը հայտարարվում է կողմերի պատրաստակամությունը` շարունակելու բանակցությունները, ավելին ոչինչ չկա:
«Ընդհանրապես գործընթացը պարզ չէ»,- ավելացրեց քաղաքագետը:

Տեսանյութեր

Լրահոս