Գալու է մեկը, սուրը քաշելու է և բոլորին մորթի
2013թ. սեպտեմբերի 13-ին, երբ նախագահ Սերժ Սարգսյանը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի թեկնածությունը չառաջադրեց խորհրդարանում վերընտրության համար, և Աղվան Հովսեփյանը համբուրելով Դատախազության դուռը` հեռացավ այդ կառույցից, լուրեր տարածվեցին, որ հատուկ նրա համար կստեղծվի միասնական քննչական մարմին: Ընդամենը մի քանի օր հետո` սեպտեմբերի 25-ին, Սերժ Սարգսյանը կարգադրություն ստորագրեց միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին, այդ հանձնաժողովի նախագահ նշանակելով Աղվան Հովսեփյանին:
Հանձնաժողովն այդ ընթացքում գրել է օրենք «ՀՀ քննչական կոմիտեի մասին», որը կառավարությունը ներկայացրել է խորհրդարան: Երեկ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովն աշխատանքային նիստում քննարկում էր օրենքի նախագիծը:
Նախագահի հրամանագրով նախատեսվում էր, որ միասնական քննչական կոմիտեի կազմում պետք է ընդգրկվեն Ոստիկանության, ՊԵԿ և ՊՆ քննչական մարմինները, սակայն հետագայում որոշվեց, որ ՊԵԿ քննչական մարմինը կշարունակի մնալ ՊԵԿ կազմում:
Քննարկման հենց սկզբում նախկին զինդատախազ, ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը՝ հիշեցնելով, որ այսօր Հայաստանում կա հինգ քննչական մարմին` Ոստիկանություն, ԱԱԾ, ՊԵԿ, Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունները և Հատուկ քննչական ծառայությունը, հարցրեց, թե ինչո՞ւ են միավորվում միայն Ոստիկանության և Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունները, որոնք միավորման առումով ամենադժվարն են, և արդյունքում ստացվում է, որ 5-ի փոխարեն` ունենում ենք 4 քննչական մարմին: Ջհանգիրյանը համոզված է, որ կարելի էր դրանց թիվը պակասեցնել:
Օրենքը ներկայացնող Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը բացատրեց, որ գործերի 93-95 տոկոսը քննվում են հենց այս երկու քննչական մարմինների կողմից, իսկ մյուս երեք քննչական ծառայություններին բաժին է հասնում գործերի ընդամենը 5 տոկոսը: Ըստ Թովմասյանի, առաջին փուլում խնդիր է դրվել` միավորել այս երկու խոշոր ծառայությունները։ Նա չբացառեց, որ ապագայում, երբ պարզ կդառնա թե ինչի է բերել այս միավորումը, կարող են միավորվել նաև մյուս քննչական մարմինները:
Գագիկ Ջհանգիրյանը մտահոգիչ է համարում նաև այն փաստը, որ Ոստիկանության և ՊՆ քնչական ծառայությունների ամբողջ անձնակազմն ազատվելու է աշխատանքից, և հետո որոշվելու է՝ նրանց ընդունե՞լ աշխատանքի, թե՞ ո՞չ: Խոսքը 450-500 մարդու մասին է, և Ջհանգիրյանն ասում է, որ այդ մարդիկ մտահոգություն ունեն, որ «Գալու է մեկը, սուրը քաշելու է և բոլորին մորթի»: Ջհանգիրյանի համար անհասկանալի էր նաև օրենքի այն դրույթը, որ կոմիտեի կազմավորումից 8 ամիս հետո պետք է անցկացվի ատեստացիա: Հրայր Թովմասյանն ասում է, որ մեխանիկորեն մարդկանց մի կառույցից մյուսը տեղափոխել հնարավոր չէ, բայց մյուս կողմից էլ Հայաստանում չկան այդքան որակավորում ունեցող քննիչներ, որ ներկայումս աշխատողներին փոխարինեն ուրիշներով:
Անկախ նրանից` կա՞ն այլ քննիչներ, թե՞ ոչ, կարելի է պատկերացնել` Քննչական կոմիտեի նոր ղեկավարի համար կադրային քաղաքականության իրականացման ինչպիսի հեռանկար է բացվում. նա հնարավորություն է ստանում միանգամից աշխատանքի ընդունել 500 մարդու, որոնցից մի մասին՝ վարչության, բաժնի ու բաժանմունքի պետ:
Որ օրենքը գրվել է հենց Աղվան Հովսեփյանի համար, ակնարկեց նաև նախկին զինվորական դատախազ, ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը: Ըստ նրա, այնպիսի տպավորություն է, որ «օրենք գրողը նախկին դատախազ է», քանի որ հիմքում դրված է «Դատախազության մասին օրենքը»: Օրինակ, օրենքում կա կետ, որ Քննչական կոմիտեի ղեկավարը պետք է ունենա իրեն առընթեր հատուկ կարևորության գործերով քննիչներ:
Ջհանգիրյանը նման դրույթն անընդունելի է համարում և հիշում է մի դեպք, որ, երբ ժամանակին փոփոխություններ էին կատարվում Դատախազության համակարգում, նախկին գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանը խնդրում էր, որ իրեն կից ունենա գոնե երեք քննիչ: Կից քննիչների գոյության դրույթին դեմ էր նաև Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:
ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ճշմարիտյանին էլ չէր բավարարում այն դրույթը, ըստ որի` Քննչական կոմիտեի քննիչները թոշակի են անցնում 60 տարեկանից: Նա առաջարկում էր, որ նրանց համար արտոնություն չսահմանվի, մանավանդ որ, նրանք բարձր թոշակ են ստանում, իսկ երեք տարի շուտ թոշակի անցնելը լրացուցիչ բեռ է պետության համար։
Բայց ամենազավեշտալին օրենքի 27-րդ հոդվածի 1-ին կետն է, ըստ որի` «Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնին համապատասխանող կոչումն արդարադատության գեներալ-լեյտենանտի կոչումն է»: Սա նշանակում է, որ, երբ այս կոմիտեն ստեղծվի, և Սերժ Սարգսյանն Աղվան Հովսեփյանին նշանակի կոմիտեի նախագահ, ապա միաժամանակ նրան պետք է շնորհի արդարադատության գեներալ-լեյտենանտի կոչում: Համեմատության համար նշենք, որ գեներալ-լեյտենանտի կոչում ունի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, իսկ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը գեներալ-գնդապետ է:
«Իսկ ինչու ոչ մարշալ»,- հարցնում է Գագիկ Ջհանգիրյանը:
Քննարկման արդյունքում պարզվեց, որ օրենքի նախագծի առնվազն 25-30 տոկոսը պետք է կրճատվի, իսկ մյուս մասը ենթակա է արմատական ձևափոխման: Այդ փոփոխությունների հեղինակներն էլ ոչ թե ընդդիմադիր պատգամավորներն էին, այլ Արդարադատության նախարարը և Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը: Լինում էին դեպքեր, երբ օրենքի ամբողջ հոդված պետք էր վերաշարադրել, և Դավիթ Հարությունյանը հայտարարում էր, որ ինքը հանձն է առնում անել այդ գործը: Ահա և Աղվան Հովսեփյանի գլխավորած հանձնաժողովի գործունեության արդյունքը: