
ԲՀԿ-ում` ինչպես ՀՅԴ-ում

Այսօր տեղի կունենա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «խորհրդավոր» համագումարը: ԲՀԿ-ի հերթական` թվով 7-րդ համագումարը հրավիրված է կուսակցության կենտրոնական գրասենյակում և անցնելու է դռնփակ: Թե ինչո՞ւ է առաջին նիստն անցկացվելու փակ ռեժիմով, ԲՀԿ ներկայացուցիչները հստակ պատասխան չեն տալիս: Կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակը` Իվետա Տոնոյանը, լսելով 168.am-ի հարցը, թե արդյոք Գագիկ Ծառուկյանի կա՞մքն է` փակ, գաղտնի համագումար անցկացնել, պատասխանեց, որ ինքը ԲՀԿ լրատվական կենտրոնի հայտարարությանն ավելացնելու ոչինչ չունի:
«Լրատվական ծառայությունն արդեն իսկ հայտարարել է, որ առաջին նիստը դռնփակ է լինելու, և ավելացնելու ոչինչ չունեմ այս պահի դրությամբ»,- ասաց Տոնոյանն ու անջատեց հեռախոսը:
ԲՀԿ-ականներն էլ երեկ մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին, նրանց բջջայինները վերցնում էին օգնականները, ասում, որ զբաղված են, խոսել չեն կարող: Միայն Արագած Ախոյանը հեռախոսազանգին պատասխանեց, սակայն ասաց, թե համագումարի հետ կապված հարցերին պատասխանել չի կարող:
«Վաղը (այսօր,- հեղ.) ամեն ինչ կհայտարարվի. նախօրոք ոչինչ չեմ կարող ասել: Մնացել է մեկ օր. եկեք սպասենք վաղվան»,- ասաց է նա: Իսկ ի պատասխան հարցին, թե ինչո՞ւ է համագումարը դռնփակ, Ախոյանը նշեց, թե դրա պատասխանն էլ կստանանք համագումարին. «Հիմա որ ասենք` էլ ի՞նչ… Վաղը (այսօր,- հեղ.) ամեն ինչ պարզ կլինի»: