Ստյոպա Սաֆարյան. Եվրամիությունն ընդամենը փորձում է չկորցնել Հայաստանը
«Որքան էլ Եվրոպան հիասթափություններ ունենա, ատամներ կրճտացնի, նա չի ուզենա կորցնել Հայաստանը և հիմա դա է անում»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիքը հայտնեց «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը` խոսելով Եվրոպական միության նոր փաստաթղթի, մասնավորապես` դրա կետերից մեկի մասին, ըստ որի` ԵՄ-ն պատրաստվում է նոր համաձայնագիր մշակել Հայաստանի հետ:
«Ես բազմիցս առիթ ունեցել եմ նշելու. տեսնելով սեպտեմբերի 3-ից հետո եվրոպական պաշտոնյաների, դիվանագետների դեմքի արտահայտությունը և զայրույթի աստիճանը` կարելի էր հասկանալ, որ Հայաստանի իշխանություններին պատժելու՝ Եվրոպայի ցանկությունն ակնհայտ է, բայց նրանք հասկացել են, որ չեն կարող երկիրը և ժողովրդին կորցնել: Հետևաբար, որքան էլ Եվրոպան հիասթափություններ ունենա, ատամներ կրճտացնի, նա չի ուզենա կորցնել Հայաստանը և հիմա դա է անում»,- ավելացրեց «Ժառանգության» ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է «Արևելյան գործընկերության 20 կետերը` Վիլնյուսից հետո» ծրագրին, որը ԵՄ-ն մշակել է` «Արևելյան գործընկերություն» ծրագիրն ամրապնդելու և այդ ծրագրի մասնակից երկրների` Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի հետ հարաբերությունները զարգացնելու նպատակով:
Խոսելով ընդհանուր փաստաթղթի վերաբերյալ` Ս. Սաֆարյանն այն առանձնացրել է 3 մասի, որոնցից առաջինը վերաբերում է Մոլդովային և Վրաստանին, որոնք արդեն ԵՄ-ի հետ նախաստորագրել են Ասոցացման/Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերը. «Նրանց հետ կապված` ԵՄ-ն որոշել է արագացնել գործընթացը և նաև այդ երկրներին առաջարկել ավելին, քան առաջարկվում է Ասոցացման համաձայնագրով` ԵՄ-ի հետ խորը և լիակատար ինտեգրման առումով, իհարկե, անդամության մասին խոսք չկա»:
Երկրորդը վերաբերում է Ուկրաինային. «Այս առումով` նկատելի է, որ ԵՄ-ն փորձում է ներկայիս քաղաքական իրավիճակն օգտագործել` Ուկրաինայի գործող իշխանություններին բերելու Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը: Բայց Եվրոպան նաև գիտակցում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևորությունը և փորձում է Ռուսաստանին ներքաշել եվրոպական ինտեգրման դիսկուրսի մեջ` Ուկրաինայի համար վտանգները թեթևացնելու համար: Եվրոպացիները հստակ գիտակցում են, որ դա այնքան էլ իրատեսական չէ, բայց ցանկանում են Ռուսաստանին, այսպես ասած, շահագրգռել և փորձել առնվազն նրան բերել բանակցային դաշտ»:
Վերջապես, «20 կետերի» երրորդ մասը Ստեփան Սաֆարյանը հատկացրեց Հայաստանին և Ադրբեջանին` նշելով. «Այդ երկրների հետ կապված` ԵՄ-ն ընդամենը մեկ նպատակ է հետապնդում` առնվազն պահել առկա հարաբերությունները»:
Նշենք, որ հենց այդ նպատակով ԵՄ 13 անդամ-պետությունները, որոնք ստեղծել են այս նախագիծը, մասնավորապես` առաջարկում են Հայաստանի հետ մշակել «տարբերակված» պայմանագիր` «Գործընկերության և համագործակցության համաձայնագիր +» («PCA+») ձևաչափով: Խոսքը վերաբերում է 1999 թվականին Հայաստանի և ԵՄ-ի միջև կնքված «Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը» («PCA») ինչ-որ կերպ թարմացնելուն կամ դրան ինչ-որ ավելացումներ կատարելուն:
Ինչպես Ս. Սաֆարյանը նշեց, քանի որ «Գործընկերության և համագործակցության» նախկին ծրագիրն ամբողջապես ավարտուն փաստաթուղթ է, բնականաբար, դրանով հնարավոր չէ պահպանել հարաբերություններ, ուստի` ԵՄ-ն առաջարկում է «Գործընկերության և համագործակցության համաձայնագիր +» («PCA+»), որը, մեր զրուցակցի բնորոշմամբ, անգամ չի կարելի համարել Ասոցացման պայմանագրի «lights» տարբերակը, բայց, ամեն դեպքում, ԵՄ-ն դրանով փորձում է պահել Հայաստանի հետ իր հարաբերությունները:
Ստյոպա Սաֆարյանն ընդգծեց` Եվրոպային ինչ-որ միջնաժամկետ ծրագիր է պետք` հարաբերությունները պահպանելու համար, եթե Եվրոպան չանի դա, ապա Ռուսաստանը կարող է ամբողջությամբ կլանել Հայաստանը և նրան զրկել Եվրամիության հետ բոլոր հնարավոր կապերից:
Դիտարկմանը, թե այն փաստը, որ Հայաստանը և Եվրոպան վերադառնում են 1999 թ. ստորագրված համաձայնագրին, փաստորեն, մեկ աստիճանով իջեցնում է Հայաստանի եվրոպական ինտեգրումը, Սաֆարյանը պատասխանեց. «Այսպես ասեմ, քանի որ այս պահի դրությամբ կա ճգնաժամ, Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում դատարկություն է առաջացել, ապա պարզապես փորձ է արվում թարմացված ինչ-որ ծրագրով լրացնել այդ դատարկությունը, այսինքն` Եվրամիությունն ընդամենը չի կորցնում Հայաստանը, նրա հետ պահում է ֆորմալ հարաբերությունները` ինչ-որ ծրագրերի շրջանակներում:
Հայաստանը փակեց ավելին ստանալու բոլոր պատուհանները, և այս առումով` Եվրամիությունն ընդամենը պահում է Հայաստանի հետ հարաբերությունները, նվազագույն շեմը: Իհարկե, ամեն ինչ կախված է նրանից, թե կոնկրետ ինչ ծրագրեր կդրվեն ՀՀ-ԵՄ «Գործընկերության և համագործակցության համաձայնագրում», բայց, ներեցեք, դրա անունն արդեն իսկ ասում է, որ գործընկերության և համագործակցության ծրագիր է, ոչ թե ինտեգրման, իսկ Վրաստանի և Մոլդովայի, միգուցե՝ նաև Ուկրաինայի պարագայում (եթե ԵՄ-ն լուծեց խնդիրը, իսկ ես վստահ եմ, որ կլուծի, և Ուկրաինան կստորագրի Ասոցացման համաձայնագիրը)՝ խոսքն ինտեգրման մասին է»: