Բաժիններ՝

Ովքեր են մեր ուսուցիչները

Անցած շաբաթ մամուլում լուրեր հրապարակվեցին ուսուցիչների հերթական ու հնարավոր կրճատման մասին: ՀՀ Կրթության նախարար Արմեն Աշոտյանն` իրեն բնորոշ անմիջականությամբ, այդ լուրերը հերքեց: Բնականաբար` սոցցանցերում: Եվ, բնականաբար, հերքումից այդպես էլ միանշանակ չհասկացվեց` ուսուցիչների քանակը կրճատվելո՞ւ է, թե՞ ոչ:

Որովհետև նախարարի հրապարակածից ակնհայտ էր, որ հանրակրթական դպրոցում աշխատողների թիվն ավելանալու է, բայց ուսուցիչների քանակը նվազելու է: Այս խառնաշփոթում կողմնորոշվելու համար կարելի է դիտարկել պաշտոնական վիճակագրությունը: Կրթության հետ կապված տվյալներն, ի վերջո, ավելի արժանահավատ են, քան տնտեսության ոլորտինը:

Այստեղ մեր վիճակագիրները պատվեր չունեն` որևէ թիվ «մեղմել» (ինչպես, օրինակ, գնաճի հաշվարկի պարագային): Ոչ էլ պատվեր կա` ինչ-որ թվեր աճեցնել (ինչպես ՀՆԱ-ի, կամ արդյունաբերական արտադրանքի հաշվարկի դեպքում): Ուստի վիճակագրությունը բավական ճշգրիտ նկարագիր է տալիս: Վերջին չորս տարիներին Հայաստանի հանրակրթության ոլորտում աշխատող ուսուցիչների թիվը կայուն տեմպերով կրճատվում է: Տարեկան մոտ 500 ուսուցիչ աշխատատեղ է կորցնում:

2008/09 ուսումնական տարում մեր երկրում գործում էր 1475 դպրոց: 2012/13 ուստարում դպրոցների թիվը կրճատվել է 40-ով: Բայց այս ամենը չի կարելի համարել մեր Կրթության նախարարության քմահաճույքի արդյունք: Նույն ժամանակահատվածում աշակերտների թիվը կրճատվել է մոտ 46 հազարով: 2008/09 ուստարվա 415 հազարի փոխարեն` 2012/13թթ. դպրոց հաճախում էր 369 հազար աշակերտ: Հետևաբար` բոլոր կրճատումները տրամաբանական են:

Օրինակ` կրճատված 40 դպրոցից 38-ը քաղաքային են: Այսինքն` նախարարությունը հնարավորինս փորձում է պահել գյուղական համայնքներում գործող դպրոցները: Հենց սկզբից պատրաստվում էի այս ու այլ տվյալներով ներկայացնել մեր հանրակրթության պատկերը, բայց մի փաստ ակնհայտ դարձրեց, որ հանրակրթական դպրոցի վիճակի ու որակի մասին վիճակագրական տվյալներով դատելը սխալ է: Վիճակագրությունն ասում է, որ մեր դպրոցներում աշխատող 42 հազար 600 ուսուցչից չորս տարում մնացել է 40 հազար 800-ը: Բայց ովքե՞ր են մեր ուսուցիչները:

Հասարակական հնչեղություն ստացած վերջին դեպքը Երևանի 139 դպրոցի հետ է կապված: Նախ` փետրվարի 4-ին հայտարարվեց, որ այդ դպրոցում տեղի է ունեցել ծեծկռտուք: Հաջորդ օրերին Ոստիկանությունը հայտարարեց, որ քրեական գործ է հարուցվել:

Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում էր, որ դպրոցի ռազմագիտության ուսուցիչ, մայոր Հրաչ Գրիգորյանը բողոքել է, որ աշակերտն իրեն մարմնական վնասվածք է հասցրել:

Մամուլի համար հետաքրքիր թեմա էր: Հատկապես, որ մեղադրվող աշակերտը Շանթ Հարությունյանի որդին է: Շանթին ճանաչող բոլորս վստահ կարող ենք պնդել, որ նա իր համոզմունքների ու մոլորությունների մեջ անկեղծ է: Անկեղծ ու, որ ավելի կարևոր է` ազնիվ: Հետևաբար` պիտի որ իր որդուն նույն արժեհամակարգում դաստիարակած լինի: Մտադիր չեմ վերաշարադրել աշակերտ Շահեն Հարությունյանի և ուսուցիչ Հրաչ Գրիգորյանի պատմածները:

Հատկապես, որ հենց առաջին իսկ հարցազրույցից պարզվեց, որ աշակերտի հետ «վիճող» մանկավարժը ստում է: Ինքն էր բողոք գրել Ոստիկանությունում, բայց հարցազրույցում պնդում էր հակառակը: Չգիտեմ` ի՞նչ զինվորական ուղի է անցել իրեն ուսուցիչ համարող մայորը: Փոխարենը` կարող եմ պնդել, որ դպրոցը նրա տեղը չէ: Պարոնն իր բողոքը Ոստիկանությունից ետ է վերցրել: Ու հայտարարում է` «Որպես ուսուցիչ, զինվորական` էդ խլուրդի հետ հավես չունեմ»: Հայտարարում է ու ավելացնում. «Նման ճիճուները պիտի Հայաստանում չապրեն»: Ահա Ձեզ ավագ սպայի ուսադիրներ կրող «ուսուցչի»` իր իսկ բերանով կերտած պատկերը:

Այս ամենն ասելուց հետո նա դեռ սպառնում է, որ «Շատ երեխեքի եմ դաստիարակել, նրան (իմա` Շահենին.- Ա.Գ.) էլ կդաստիարակեմ»: Լավ է, որ այս մարդիկ չեն որոշում, թե ովքեր իրավունք ունեն Հայաստանում ապրելու: Բայց կարծում եմ, որ հասարակությունն իրավունք ունի պահանջելու, որ նման մարդիկ դպրոցում դաստիարակությամբ չզբաղվեն: Ռազմագիտության ուսուցիչները` որպես կանոն, մանկավարժական կրթություն չունեն:

Անչափահասների ու դեռահասների հետ շփվելու նրանց փորձը զրոյական է: Որքան տեղյակ եմ` ռազմագիտություն դասավանդելու հավակնություն ունեցողներին ուսուցչի աշխատանքի հանրակրթական դպրոցները վերցնում են զինվորական կոմիսարիատների տված երաշխավորագիր-բնութագրի առկայության դեպքում:

Հետևաբար` աշակերտին «խլուրդ» ու «ճիճու» անվանող մարդու մասնագիտական որակների մասին հետաքրքիր կլինի լսել հանրակրթության քաղաքային կառույցի ղեկավարի, երաշխավորագիր-բնութագիր տված զինկոմի և, վերջապես, ՀՀ Կրթության, ՀՀ Պաշտպանության նախարարների կարծիքները: Կհամակերպվեի՞ն նրանք, եթե մայոր Գրիգորյանն այդ բառապաշարով իրենց զավակների մասին խոսեր: Թե՞ վստահ են, որ ավագ սպան իրենց զավակներին Դուք-ով կդիմի, այլապես…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս