ԼՂՀ-ն կարող է դիմել ՄՄ անդամներին` ասոցիացված անդամ դառնալու առաջարկով
«Կարծում եմ` ղարաբաղյան հարցի վերջնական լուծումը դրված է թե՛ Բաքվում, թե՛ Երևանում և թե՛ Մոսկվայում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու հարթության վրա: Իրականությունն ընդունելն այս հակամարտությանն ընդմիշտ վերջ տալու միակ ազնիվ ու հուսալի ճանապարհն է»,- «168 Ժամի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ռուս քաղաքագետ, Մոսկվայի Նորագույն պատմությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը` խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության մասին:
Անդրադառնալով հակամարտության շփման գծում պարբերական սադրանքներին, մասնավորապես, հունվարին ադրբեջանական ուժերի իրականացրած դիվերսիոն հարձակմանը` Մարտինովն ընդգծեց, թե այդպիսի գործողությունների, որպես կանոն, դիմում է ադրբեջանական կողմը: «Այդ սադրանքները, որպես կանոն, կատարվում են կարևոր քաղաքական իրադարձությունների նախօրեին: Ցավոք, այս դեպքը ևս բացառություն չէր»,- նշեց մեր զրուցակիցը:
Պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ նախադրյալներ են պետք, որպեսզի ղարաբաղյան հիմնախնդիրն, ի վերջո, դուրս գա դեպի որակական կարգավորման և խաղաղության ուղի, ռուսաստանցի քաղաքագետն ասաց. «Ես գտնում եմ, որ այս հարցն ընդհանրապես չափից ավելի է «հասունացել»:
Այսօր Լեռնային Ղարաբաղն արդեն կայացած պետություն է, և ղարաբաղյան հարցի լուծման գլխավոր պայմանը, եթե կուզեք, որակական անհրաժեշտությունը ղարաբաղյան կողմի լիիրավ մասնակցությունն է բանակցային գործընթացին: Չէ՞ որ խնդիրն, ըստ էության, հարևան պետությունների` Ադրբեջանի և ԼՂՀ-ի հարաբերությունների կարգավորումն է»:
Նշենք, որ Ալեքսեյ Մարտինովը փետրվարի սկզբին ադրբեջանական լրատվական կայքերից մեկին տված հարցազրույցում ղարաբաղյան հարցը` Մաքսային միությանը միանալու հարցի համատեքստում, համեմատել էր Մոլդովայում Գագաուզիայի ինքնավարության խնդրի հետ:
Ադրբեջանական կայքը Մարտինովին հիշեցրել էր, թե վերջերս խոսք է գնացել Մաքսային միությանը ԼՂՀ անդամակցության հնարավորության վերաբերյալ, և, որ այդ հարցը վերստին կարող է օրակարգ վերադառնալ Գագաուզիայի հանրաքվեից հետո, ինչին Մարտինովը պատասխանել էր. «Իսկ ինչո՞ւ ոչ: Դա ԼՂՀ-ի ու Մաքսային միության անդամների մասնավոր գործն է»:
Այս կապակցությամբ Ալեքսեյ Մարտինովին հարցրեցինք` եթե Հայաստանի Հանրապետությունը դառնա Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ, ԼՂՀ-ն ի՞նչ կարգավիճակ կարող է ունենալ այդ միությունում:
«ԼՂՀ-ն միանգամայն ինքնուրույն և կայացած պետություն է, և Մաքսային միությանը ԼՂՀ-ի ինտեգրման հարցը ՄՄ անդամ-պետությունների և Լեռնային Ղարաբաղի հարցն է:
Տվյալ դեպքում այս ինտեգրացիոն գործընթացը կապակցված չէ ՄՄ-ին Հայաստանի անդամակցության հետ: Ակնհայտ է, որ ԼՂՀ-ն` որպես ինքնուրույն, անկախ պետություն, ունի բոլոր հնարավորությունները` դիմելու ՄՄ անդամ-պետություններին` օրինակ, ասոցիացված անդամ դառնալու առաջարկով: Սա ղարաբաղյան դիվանագետների և իշխանությունների իրավասությունն է»,- ի պատասխան` ասաց Ալեքսեյ Մարտինովը: