Արամ Սարգսյան. «Ռուսաստանը մեր տարածքն է ուժեղացնում, բայց ոչ մեր պետությունը» (տեսանյութ)

«Եթե դուք կուտակային հիմնադրամի դեմ հանդես չեք գալիս, կնշանակի՝  դուք ուզում եք, որ վերջին այն երիտասարդ մասնագետները, որոնք իսկապես մասնագետներ են, նրանք էլ հեռանան երկրից»,- այսօր հրավիրված բանավեճի ժամանակ ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) նախագահ Արամ Սարգսյանը:

Նա նշեց, որ երկրի ներքին խնդիրներն են մեզ այսօր ստիպել այս վիճակում հայտնվել. «Ոչ ոք թող չասի, թե ինչ-որ մեկը դրսից պարտադրեց, որ մենք դարձանք այսպիսին: Ինչ արել ենք՝ մենք ենք արել: Ես պետք է ասեմ, որ գործը հասել է նրան, որ, փորձելով ինչ-որ ձևով արտագաղթն արդարացնել, արդեն որոշ չինովնիկներ ասում են, թե 7000-ով պակաս են գնացել այս տարի, 49-50 հազարի փոխարեն 42 են գնացել, այն էլ՝ միայն պաշտոնական թվերով,- ասաց Ա. Սարգսյանը և ավելացրեց,- Ժողովուրդը գնում է Բագրատաշենով և Բավրայով, այսինքն՝ ինքնաթիռներով գնում են նրանք, ովքեր կարողություններ ունեն, իսկ հիմնականում արտագաղթի մեծ մասը արտահայտվում է ավտոբուսներով այստեղից հեռանալով:

Ի՞նչ է սա նշանակում:  Սա նշանակում է, որ մենք մեր ամբողջ սահմանամերձ գյուղերն ամայացնում ենք»: Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, Ա. Սարգսյանն ասաց. «Ասեք խնդրեմ, թե ո՞վ է հաշվարկներ կատարել, որ այդ սահմանը բացելուց հետո մեր սահմանամերձ՝ արդեն լքված գյուղերը չեն զբաղեցնելու նրանք, ովքեր ապրում են այդ սահմանից այն կողմ: Եվ, ընդհանրապես, ո՞վ է հաշվարկել բոլոր այն վտանգները, որոնք բերում են այդպիսի հնարավոր ներգաղթի: Պետությունն այսօր անվտանգության տեսանկյունից այսպիսի հարցերւմ կարող է լինել շատ խոցելի»: Բանախոսը նաև նկատեց. Ռուսաստանը մեր տարածքը ուժեղացնում-ամրապնդում է, բայց ոչ մեր պետությունը. «Մեր պետությունը մենք պետք է ամրապնդենք: Ռուսաստանն այստեղ հետապնդում է իր շահերը»:

Շարունակելով Արամ Սարգսյանին՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն ասաց. «Ես նույնպես այն կարծիքին եմ, որ ամեն ինչը բարդել հարևանների վրա՝ ուղղակի անթույլատրելի է: Խնդիրը մեր մեջ է: Խոսքը՝ մեր մտածելակերպպի մեջ լուրջ տեղաշարժեր իրականացնելու մասին է, ոչ միայն անցյալում, ոչ միայն վաղ անցյալում, այլև այսօր: Խնդիրը սա է»:

Կարդացեք նաև

Խոսելով արտագաղթի խնդրի մասին` Խ. Հարությունյանը նշեց, որ եթե ինչ-որ մեկը համեմատական վերլուծություն է անում, ապա ոչ թե գլուխ գովալու համար է դա անում, այլ ուզում է ասել, որ, միգուցե, իրավիճակը մի քիչ բարվոք է դարձել, և որ հեռացողների թիվը նվազել է, բայց դա չի նշանակում, թե արտագաղթը չի մտահոգում իշխանություններին:

«Եկեք հասկանանք` ինչո՞ւ են արտագաղթում և ո՞ւր են գնում հիմնականում: Գնում են Ռուսաստան, որի սոցիալական, քաղաքական, բարոյահոգեբանական միջավայրը ավելի բարվոք չէ, քան Հայաստանինը: Բայց, այդուհանդերձ, գնում են: Ինչո՞ւ: Որովհետև խոսքը գնում է շատ պարզ բանի մասին, մարդիկ եկամուտ են ուզում վաստակել, հետևաբար խնդիրը Հայաստանում աշխատատեղերի ստեղծումն է: Խնդիրը սա է` պետք է ստեղծել աշխատատեղեր»:

Խ. Հարությունյանը նշեց, որ խոսքը խանութների, ռեստորանների մասին չէ, այլ խոսքը՝ գիտատեխնիկական  կադրային պոտենցիալը արդյունավետ  օգտագործելուն միտված աշխատատեղերի մասին է. «Իրականությունն այնպիսին է, որ մեր հայաստանյան տենտեսական, ֆինանսատնտեսական կարողությունները թույլ են, որպեսզի բարձր արտադրողական, ժամանակակից աշխատատեղեր ստեղծվեն»: Իսկ աշխատատեղեր ստեղծելու համար Խ. Հարությունյանն առաջարկում է ներդրումներ բերել: «Ուզո՞ւմ եք արտագաղթը կասեցնել, ուրեմն նախ և առաջ ստեղծեք աշխատատեղեր, իսկ աշխատատեղեր ստեղծելու համար պետք է ներդրումներ բերել»: Նա նշեց 3 հիմնական կետերը, որոնց պատճառով, հնարավոր ներդրողները չեն ցանկանում ներդրումներ անել Հայաստանում. «Քաղաքական ռիսկեր կա՞ն: Անշո՛ւշտ կան: Երկրորդ խոչընդոտը, որը կարող է որևէ ներդրողի զերծ պահել նման որոշումներից, մեզանում կաշառակերության առկայությունն է: Եվ, երրորդը` մեզանում  առկա տնտեսական ստանդարտներին, տեխնիկական կարգերի ոչ եվրոպական, ոչ արդիական վիճակն է: Այս երեք խոչընդոտներն են, որ որևէ ներդրողի խոչընդոտում են, կամ սահմանափակում են Հայաստանում ներդրում կատարել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս