Այս շուկան էլ ռուսներին. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակը» գրում է. Դեպի Հայաստան նավթամթերքների ներկրման աշխարհագրության մեջ արմատական փոփոխություններ են սպասվում։ Այս դեպքում ևս սպասվող փոփոխությունները պայմանավորված են դեպի Մաքսային Միություն Հայաստանի բռնած ճանապարհով։ Հայաստանի նավթամթերքների շուկան, ըստ պաշտոնական վիճակագրության. 330-350 հազար տոննա է։ Համենայն դեպս 2012-ին Հայաստան է ներկրվել ընդհանուր առմամբ 327 հազար տոննա, 2013-ին՝ 346 հազար տոննա։ Սրա մեջ մտնում են բենզինը, դիզվառելիքը, մազութը և այլն։ Ամենաշատը նավթամթերք ենք ներկրում Ռումինիայից և Ռուսաստանից։ 2013 թվականին այդ երկու երկրներից ներկրվել է մոտ 100 հազարական տոննա։ Բուլղարիան այս ցանկում եղել է երրորդը՝ ավելի քան 45 հազար տոննա։ Չորրորդը Իսրայելն է՝ 40 հազար տոննա։ Այնուհետև գալիս են Իրաքը, Իրանը և այլն։ Սրանք ՀՀ պետեկամուտների կոմիտեի հրապարակած պաշտոնական վիճակագրական տվյալներն են։ Անցած տարվա դեկտեմբերին գազի համաձայնագիրի հետ մեկտեղ Ռուսաստանի հետ ստորագրված փաստաթղթերում անդրադարձ կար նաև նավթամթերքների մատակարարմանը։ Ըստ այդմ, Ռուսաստանը որոշակի քվոտաների սահմաններում Հայաստանին կմատակարարի նավթամթերքներ, որոնք չեն հարկվի մաքսերով։ «news.am» կայքի թղթակցին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտնել է, որ 2013 թվականի համար Հայաստանը Ռուսաստանին մոտ 300 հազար տոննա նավթամթերքի հայտ է ներկայացրել։ Եթե այն բավարարվի, ապա պետք է սպասել, որ նավթամթերքը գրեթե ամբողջությամբ կարող Է ներկրվել Ռուսաստանից։ «Ռուսաստանի հետ համաձայնությունը՝ առանց մաքսերի ՌԴ-ից նավթամթերքի ներկրման վերաբերյալ, չի նշանակում, որ Հայաստանում մյուս երկրները չեն կարող նավթամթերք ներկրել»,-֊ կայքի թղթակցին հայտնել է նախարարը։ Ինչ վերաբերում է Ռումինիայից և Բուլղարիայից ներկրվող նավթամթերքներին, նախարարը ասել է. «Եթե նրանց բենզինն էժան ու շահավետ լինի, նրանք կարող են մնալ մեր շուկայում։ Պարզապես համաձայնությունը պայմաններ է ստեղծել ռուսական արտադրանքի ընդլայնման համար»։

Ավելի մանրամասն կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս