Բաժիններ՝

Քաղաքացուն օրենքով չի կարող խորհուրդ տրվել կատարել այս կամ այն վճարումը. Հայկ Գրիգորյան

Օրերս Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարեց, թե՝ «եթե պարտաճանաչ գործատու ես, պետք է վճարես պարտադիր կուտակայինի գումարը: «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնության անդամ Հայկ Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ իրավական ակտերի մասին օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ իրավական ակտը, այդ թվում՝ օրենքը, սահմանում է պարտադիր պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, պատասխանատվություններ, սահմանափակումներ կամ այլ կանոններ (այսուհետ` վարքագծի կանոններ): Այսինքն՝ քաղաքացուն օրենքով չի կարող խորհուրդ տրվել կատարել այս կամ այն վճարումը իսկ պարտաճանաչ լինել-չլինելն իրավական կատեգորիա չէ:

«Այս հայտարարությունը կենցաղային բնույթի և նախարարին անվայել դատողություն է, քանի որ չունի իրավական արժեք»,- ասաց Հ.Գրիգորյանը:

Ըստ նրա՝ ՍԴ որոշումը կուտակային կենսաթոշակների մասին օրենքի՝ վճարում կատարելու դրույթները զրկել է իրավական պաշտպանությունից, այսինքն՝ դրանց չկատարելը չի առաջացնում տուգանք կամ պատասխանատվություն, այսինքն՝ այդ դրույթներն այլևս պարտադիր չեն՝ համաձայն «Իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի: Ընդ որում՝ ՀՀ օրենքները չեն կարող հակասել ՍԴ որոշումներին:

«Լավ, ասենք՝ նախարարը հեռու է իրավաբանությունից, բա Կենտրոնական բանկի՞ն ինչ ասենք, որ հայտարարում է՝ պարտադիր վճար վճարելու պարտականությունը դեռևս ուժի մեջ է և կասեցված չէ: Կասեցնելն էլ ո՞նց է լինում: Կասեցում նշանակում է՝ նաև իրավական պաշտպանությունից զրկել: ՍԴ-ն զրկել է վճարում կատարելու դրույթն իրավական պաշտպանությունից, այսինքն՝ չվճարելու համար պատասխանատվություն չկա: Էլ ինչպե՞ս է լինում կասեցնելը: Ինչ մնում է հետևանքները ծանր լինելուն, մի փոքր թող համբերեն գիտունիկները, հետո կերևա՝ ում համար ու ինչն է ծանր հետևանքներ ունենալու»,- նշեց Հ.Գրիգորյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս