Տխուր եղանակ՝ ուրախ տրամադրություն
Սննդաբան (դիետոլոգ), գաստրոէնտերոլոգ Վարդանուշ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է «ձմեռային խորհուրդներ»՝ եղանակի բացասական ազդեցությունից խուսափելու համար.
Ձմեռն իր ամբողջ ուժով փորձում է շեղել մեզ մեր բռնած ուղուց ու տանել իր ծուռումութ ոլորաններով, թելադրել իր ալարկոտության ու ընկճվածության կանոնները: Այն ազդում է մեզ վրա և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես: Պարզվում է, որ եղանակի բացասական ազդեցությունը կանանց տրամադրության և ինքնազգացողության վրա 4 անգամ ավելի ուժեղ է, քան տղամարդկանց վրա:
Ինչպե՞ս կուլ չգնալ ձմռան հորդորներին և ինչպե՞ս դիմակայել
1. Նախապես ամրապնդեք իմունային համակարգը: Մի սպասեք հիվանդանալուն: Կարելի է վիտամինային կոմպլեքսներ ընդունել, պատվաստվել գրիպի դեմ:
2. Օգտագործեք վիտամիններով, հակաօքսիդանտներով և Օմեգա-3-ով հարուստ սնունդ: Վիտամինները գտեք սեզոնային տեղական մրգերի ու բանջարեղենի մեջ (կաղամբ, գազար, բազուկ, խնձոր, տանձ և այլն), կամ` ստացեք սեզոնին ձմեռվա համար սառեցված բանջարեղեններից, հատապտուղներից, կանաչեղենից: Օմեգա-3-ը ստացեք ծովային ձկներից:
3. Ձեր սննդակարգում ավելացրեք տարբեր տեսակի բուսայուղերը: Եթե մինչև հիմա ուշադրություն չեք դարձրել դրանց բազմազանությանը, ձմեռը գործի անցնելու ճիշտ ժամանակն է: Մի՛ մոռացեք, որ արևածաղկի և եգիպտացորենի բուսայուղերից բացի, մեր օրգանիզմին անհրաժեշտ են ձիթապտղի և կտավատի բուսայուղերը (որպես Օմեգայի պաշար):
4. Օրվա ընթացքում օգտագործեք տարբեր տեսակի տաքացնող թեյեր (իմբիրով, մեխակով): Դրանք տաքության, հանգստության, ապահովության զգացողություն կպարգևեն:
5. Ֆիզիկական ակտիվությունը ցրտի պատճառով չպետք է տուժի:
Աչքաթող չպետք է անել նույնիսկ փոքր մանրուք թվացող ձմեռային պատրաստությունները
6. Սկսեք ձեր մարմնի խնամքից, հայաստանյան՝ առանց այն էլ չոր կլիմայական պայմանները ձմռանն ավելի են խստանում: Ձեր մաշկն ավելի քան երբևէ ունի խնամքի կարիք: Անհրաժեշտ է զինվել դեմքը խոնավեցնող, ձեռքերը ցրտից պաշտպանող (և այլ) քսուքներով` ամբողջ ընտանիքի համար:
7. Ձյան տեղալու հետ մեկտեղ սկսում են ձյուն մաքրելու աշխատանքները: Բահով ձյուն մաքրելիս պետք է զգույշ լինեն հատկապես նրանք, ովքեր սրտի հետ կապված խնդիրներ ունեն: Այս աշխատանքը շատ վտանգավոր է հատկապես նրանց համար և կարող է հանգեցնել սրտի կաթվածի:
8. Հոգեկան հանգստությունը պահպանելու համար՝ ռեալ եղեք Ձեր նպատակներում, Նոր Տարվա հետ անիրականանալի երազանքներ մի կապեք: Ձեր առջև իրագործելի նպատակներ դրեք, իրագործելի ժամանակահտված որոշեք և անցեք գործի, ոչ թե ձեռքերը ծալած նստեք:
ՎԱՐԴԱՆՈՒՇ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Սննդաբան (դիետոլոգ), գաստրոէնտերոլոգ