Թանկացող ապրանքների ցուցակները նոր են կազմվում

Մաքսային միությանը միանալու «ճանապարհային քարտեզով» նախատեսվում է իրականացնել բազմաթիվ օրենսդրական, Հայաստանի կողմից արդեն իսկ ստորագրված միջազգային պայմանագրերի փոփոխություններ, Մաքսային միության շրջանակներում միջպետական պայմանագրերի ստորագրում, ինչպես նաև Հայաստանի` Մաքսային միության անդամ դառնալու միջազգային պայմանագրի ստորագրում: Մաքսային միությանը միանալու համար օրենսդրական լայնածավալ փոփոխություններ են կատարվելու ոչ միայն մաքսային և հարկային ոլորտներում, այլև Հայաստանի քրեական և վարչական օրենսգրքերում, ինչը շատերի գնահատմամբ, հակասահմանադրական է:

Այս առնչությամբ 168.am-ի հետ զրույցում, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասաց, թե այդ մասին խոսելը դեռ վաղ է: Նա շեշտեց, թե «Ճանապարհային քարտեզը» ընդամենը փաստաթուղթ է, համաձայն որի՝ Հայաստանը պետք է կատարի որոշակի քայլեր, որից հետո միայն կլուծվի ՄՄ-ին միանալու խնդիրը:

«Պետք է լինի պայմանագիր, պայմանագրին կից պետք է լինեն հավելվածներ, և բնական է, որ դրանք չեն կարող ուժի մեջ մտնել՝ առանց ԱԺ-ի վավերացման, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ այդ պայմանագիրը պարտադիր պետք է անցնի Սահմանադրական դատարանով։ Սա է իրավական գործընթացը և այսօրվանից խոսել, որ «ճանապարհային քարտեզը» իրավակա՞ն է, իրավական չէ՞՝ վաղ է»,- ասաց նա:

Մեր հարցին՝ արդոք Հայաստանը պայմաններ թելադրելու հնարավորություն ունի՞, թե՞ նախապայմանները գործում են միայն Հայաստանի նկատմամբ, Շավարշ Քոչարյանը պատասխանեց, թե ՄՄ-ի տարածքի երկրներում կան «ընդհանուր խաղի կանոններ» և բնական համարեց, որ Հայաստանը շարժվում է այդ խաղի կանոններով:

Կարդացեք նաև

«Բնական է, որ դու այդ խաղի կանոններով առաջնորդվես։ Այսինքն՝ բացառվում է, որ այնպիսի բան լինի, որ Հայաստանին ավելի վատ պայմաններ առաջարկեն, քան մյուսններին՝ դա այդպես չէ։ Իրականում դրանք ընդհանուր խաղի կանոններ են։ Այլ բան, որ դա կտրուկ անցում է և որոշ հարցերում կարող է խնդիրներ առաջացնել, այլ բան, որ բանակցվելու են այն անցումային դրույթները, որոնք կմեղմացնեն այնտեղ, որտեղ կարող է լինել բացասական ազդեցություն։

Կան ընդհանուր պայմաններ՝ ինչպես մնացած պետությունների համար, և դու միանում ես այդ պայմաններին: Կան դեպքեր, որ մեր համար շատ ավելի ձեռնտու է, քան ներկա իրավիճակը, և կան դեպքեր, որ այդ միանալը առաջացնում է որոշակի խնդիրներ, որն իր հերթին պետք է բանակացությունների առարկա դառնա, որպեսզի, օրինակ, լինեն անցումային դրույթներ։ Իսկ դա կերևա բանակցություններից հետո, երբ արդեն լինի պայմանագիրը, և դրան կից հավելվածները, և նշված կլինի՝ որտեղ, ինչ անցումային դրույթներ կան, կամ՝ որ դրույթն է, որը մենք չենք ընդունում, այսպես կոչված՝ изъятие»,- նշեց նա՝ ավելացնելով, որ միայն այդ ժամանակ կարելի է դատողություններն անել:

Ինչ վերաբերում է այն ապրանքատեսակներին, որոնք Հայաստանի՝ Մաքսային միության անդամակցելու դեպքում թանկանալու են, ապա Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեցինք, թե ՀՀ ԱԳՆ-ն քայլեր ձեռնարկո՞ւմ է՝ թանկացումները մեղմելու համար:

«Այն, ինչ այսօր հրապարակվում է՝ առաջ են ընկնում: Այլ խնդիր է, որ ընդհանուր առմամբ կան մաքսատուրքեր, մաքսատուրքերի տարբերություն կա։ Հայաստանը առանձին սննդամթերքների համար ավելի ցածր մաքսատուրքեր ունի, քան մաքսային միության մյուս երկրները։ Այդ տեսակետից եթե դու միանում ես ՄՄ-ին, դու հայտնվում ես երկակի վիճակում։ Մի կողմից բարձրացնել մաքսատուրքերը այլ պետություններից ներկրվող սննդամթերքի համար, մյուս կողմից՝ որևէ մաքսատուրք չի լինի ՄՄ երկրներից եկող ապրանքների համար։ Այստեղ հաշվարկ է պետք։ Ամեն դեպքում նմանատիպ զգայուն ապրանքների նկատմամբ բնական է՝ ցուցակներ են կազմվում և այդ բոլորը բանակցվելու է։ Այստեղ լինելու են դեպքեր, որ այս կամ այն ապրանքի համար նշանակվեն որոշակի անցումային դրույթներ։ Խնդիրը գումարային պետք է նայենք, դրա համար վաղ է այսօր խոսել, երբ դեռ այդ ցուցակը նոր է կազմվում, և դեռ բանակցություններ չկան»:

Տեսանյութեր

Լրահոս