ՏՏ ոլորտի հետագա զարգացումը կախված է հեղինակային իրավունքի պաշտպանությունից. Կարեն Վարդանյան
«Հեղինակային իրավունքի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի դրույթները վերանայվել և համապատասխանեցվել են Եվրամիության հեղինակային իրավունքի պաշտպանությանը վերաբերող նոր ընդունված դիրեկտիվներին: Այսօր կազմակերպված քննարկման ժամանակ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը խիստ կարևորեց հեղինակային իրավունքը, որը կարգավորում է նաև մտավոր սեփականության հարցերը:
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համար շատ կարևոր է հեղինակային իրավունքը, և ոլորտի հետագա զարգացումը դրանից է կախված»,- ասաց Կ.Վարդանյանը՝ պարզաբանելով, որ եթե նախկինում ՏՏ ձեռնարկությունները զբաղվում էին հիմնականում աութսորսինգով, ապա այժմ սկսել են առավել շատ սեփական արտադրություն տալ, և մտավոր սեփականության պաշտպանությունն այս դեպքում առաջնային խնդիր է:
ԱՄՆ ՄԶԳ «Ի–Դի–Էմ–Սի» ծրագրի Գործարար միջավայրի բարելավման թիմի ներկայացուցիչ Սիրանուշ Իսկանդարյանի խոսքով՝ ներկայումս հրապարակային լայն քննարկումներ են կազմակերպվում ՀՀ մարզերում և Երևանում, որպեսզի բոլոր շահագրգիռ կողմերի կարծիքը հաշվի առնեն:
Օրինագծի հեղինակ, ԻՏՁՄ փորձագետ Սոնա Վարդանյանը նշեց, որ նախորդ տարբերակի համեմատ փոփոխությունը էական է, քանի որ պայմանավորված է ԵՄ դիրեկտիվների փոփոխությունների հետ: Ըստ նրա՝ օրինագծում նոր կերպ են շարադրվել երգի համահեղինակների (երաժշտության և խոսքերի), անհայտ հեղինակի ստեղծագործության օգտագործման դեպքում, հրատարակչության մեջ, տեսալսողական ստեղծագործությունների, պատվերով, ծառայողական և այլ ստեղծագործությունների հեղինակային իրավունքը, ինչպես նաև նախագիծը կարգավորում է թվային միջավայրում հեղինակային իրավունքի դրույթների կիրարկումը, այդ թվում՝ ԶԼՄ-ների վերաբերյալ: Նախագծում տեղայնացվել են դրույթները, ինչպես նաև Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու հետ կապված Հեղինակային իրավունքին վերաբերող օրենսդրական անհրաժեշտ փոփոխությունները:
168.am-ի հարցին՝ եթե օրինագիծը մշակվել է ԵՄ չափանիշներով, արդյոք դա հակասություն չի՞ առաջացնի ՄՄ շրջանակներում, Ս.Վարդանյանը պատախանեց, որ մեծ հակասություն չկա, իսկ ՄՄ անդամությամբ պայմանավորված նախագծում ընգրկվել է կետ, որի համաձայն՝ անձն իր օգտագործման նպատակով կարող է թվային կրիչի վրա վերարտադրել որևէ ստեղծագործություն և չվճարել, սակայն վճարում իրականացնում է CD ներկրող անձը:
Նշենք, որ 2013 թվականի հոկտեմբերից ԻՏՁՄ-ն շահերի պաշտպանության և բիզնեսի խթանման նպատակով ձեռնամուխ է եղել նոր ծրագրի իրականացմանը` «Հանրային շահերի պաշտպանություն և հանրային քարոզարշավ` հեղինակային իրավունքի օրենքի նախագծի ընդունման նպատակով»: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի հետ համատեղ` նպատակ ունենալով աջակցել հեղինակային իրավունքի մասին օրենքի նախագծի վերջնական տարբերակի լրամշակմանը և ընդունմանը` արդյունավետ և գործուն հանրային քարոզարշավի իրականացման միջոցով: