Արտեմ Ասատրյան. Պարտադիր կուտակային վճարները չկատարելու դեպքում սանկցիաներ չեն կիրառվում
«Սահմանադրական դատարանի որոշումից հետո գործատուներին և աշխատողներին հնարավորություն է ընձեռնվել չկատարելու պարտադիր կուտակային վճարը: Սակայն Կառավարությունը՝ համապատասխան որոշմամբ, ՊԵԿ-ի հրահանգով և Ֆինանսների նախարարության համաձայնությամբ հաստատված եկամտային հարկի հաշվետվության մեջ չկա այս հնարավորությունը ընձեռված գործատուներին, աշխատողներին»,- այս մասին ԱԺ-Կառավարություն հարց ու պատասպանի ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:
Նա նշեց, թե Կառավարության որոշումից ստացվում է, որ գործադիր մարմինը չի կատարում ՍԴ որոշումը կամ չի ստեղծում պայմաններ, որպեսզի գործատուներն ու աշխատողները հայտնեն իրենց կամարտահայտությունը: Ա. Մինասյանը հետաքրքրվեց՝ արդյոք Կառավարությունը մտադի՞ր է շտապ կարգով վերանայել «հրահանգ կոչվածը», փոփոխության ենթարկել այն ծրագրային մոդուլը, որտեղ նախատեսված են այս դրույթները: «Հակառակ դեպքում ստացվում է, որ Կառավարությունը խոչընդտում է կամ խափանում է ՍԴ-ի՝ գործի անաչառ քննությանը»,- հավելեց պատգամավորը:
Ի պատասխան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ ՍԴ որոշումը հստակ ամրագրել է երկու խնդիր՝ պարտադիր կուտակային վճարները չկատարելու դեպքում սանկցիաներ չեն կիրառվում և երկրորդ՝ աշխատակիցներն իրավունք ունեն այս ընթացքում չընտրել ֆոնդեր:
«Մնացած դրույթները, որոնք ուժի մեջ են, ենթադրում են պարտադիր կուտակային վճարների կատարում այն գործատուների կողմից, ովքեր իրենց պարտավորությունները չեն կատարում զուտ սանցկիաներ լինելու հանգամանքով, այլ իրականացնում են օրենքով սահմանված պարտավորություններ»,- նշեց նախարարը:
Նա շեշտեց, որ Կառավարության որոշում չկա, որով այդ խնդիրնները պիտի կանոնակարգվեին և չեն կանոնակարգվել: Արտեմ Ասատրյանը նաև հիշեցրեց, որ օրենքը մշակվել է տասը տարի, ապա շեշտեց, թե օրենքի մասին «չի կարելի այդպես թեթևությամբ խոսել»: