Ըստ Վարդան Բոստանջյանի՝ ՄՄ-ին անդամակցությունը կարող է հանգեցնել ոչ թե բենզինի թանկացման, այլ՝ հակառակը
Մաքսային միությանն անդամակցելուց հետո հայկական արտադրողները հումքի ներկրման առումով խնդիրներ չեն ունենա: Նման տեսակետ այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ՄՄ անդամությունից հետո այլ երկրներից ներկրվող հումքի թանկացումը ինչպե՞ս կազդի ՀՀ մրցունակության վրա:
«Արդյունաբերական ապրանքների մետաղական հումքը բերվում է հիմնականում Ռուսաստանից: Խորհրդային տարիներին տարեկան 1 մլն տոննա երկաթ էինք օգտագործում: Այժմ թեթև արդյունաբերության հումքը բերվում է Ղազախստանից, իսկ որ Ուզբեկստանն էլ միանա ՄՄ-ին, այնտեղից էլ բամբակ կբերենք: Մենք ժամանակին այստեղ բամբակ վերամշակող հսկայական ֆաբրիկաներ ունեինք: Չեմ կարծում, որ կարող ենք թուլացումներ ունենալ և փլուզումներ լինեն տնտեսությունում»,- ասաց Վ.Սաֆարյանը:
Ըստ նրա՝ եթե տրիկոտաժի հումքը բերվի Չինաստանից և այստեղ արտադրություն կազմակերպվի Ռուսաստանում իրացնելու համար, ապա հայ-չինական ձեռնարկությունները կարող են ակտիվանալ և այդ իմաստով ՀՀ-ն կարող է բավականին շահեկան վիճակում հայտնվել: Վ.Սաֆարյանի կարծիքով՝ սա նոր հնարավորություն է բացում այդ երկրների համար ՄՄ տարածքում գործելու համար, իսկ հումքի գների բարձրացումը համադրելի կլինի ռուսական շուկայում իրացնելու համար:
ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի գնահատմամբ՝ բազմաթիվ արտադրողներ էլ ողջունում են ՄՄ-ում հանգրվանելը: Նրա խոսքով՝ այսօր ՀՀ-ն բենզին ներկրում է Ռումինիայից և Բուլղարիայից, բայց ՄՄ դեպքում կարող է ավելի էժան գնով այդ ապրանքը ձեռք բերել, և մաքսատուրքի մեծությունը նշանակություն չունենա ու էժանացում լինի:
«ՄՄ կազմում անուղղակի վերահսկողություն է լինելու: Այսօր մենք չենք իմանում՝ ինչ ապրանք ու ինչքան է մտնում մեր երկիր: ՊԵԿ-ը նույնիսկ ինքն իրեն չի տալիս տվյալներ: Մաքսային կամ որևէ միության մեջ գտնվելով՝ նման թաքուն գործունեություն նման չափերով հնարավոր չէ»,- նկատեց Վ.Բոստանջյանը: