
Լիբիայում ընդունել են նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ «ճանապարհային քարտեզը»

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լիբիայի համընդհանուր ազգային կոնգրեսը (խորհրդարան) հաստատել է «ճանապարհային քարտեզը», որը նախատեսում է հատուկ հանձնաժողովի ստեղծում, որն էլ իր հերթին կզբաղվի երկրի նոր Սահմանադրության տեքստի պատրաստմամբ:
Մինչև մայիս հանձնաժողովի աշխատանքներում կներգրավվի 60 մարդ, ապա առաջընթացի բացակայության դեպքում կհայտարարվի ազգային կոնգրեսի վաղաժամ ընտրությունների ժամկետի մասին: Սակայն եթե հանձնաժողովն արդյունավետություն ցուցաբերի երկրի հիմնական օրենքի տեքստի մշակման հարցում, ապա ազգային կոնգրեսն իր գործունեությունը կշարունակի առնվազն մինչև դեկտեմբեր:
Դիտորդների կարծիքով՝ «ճանապարհային քարտեզի» ընդունումը միտված է քաղաքական գործիչներին խթանելուն՝ հաղթահարելու համար առկա տարաձայնությունները՝ հանուն Լիբիայի բարձրագույն շահերի և անցումային ժամանակաշրջանը շուտափույթ ավարտելու:
2012 թվականի հուլիսին ընտրված կոնգրեսը քանիցս ենթարկվել է քննադատությունների՝ կարևոր փաստաթղթեր ընդունելու անկարողության համար, ինչը վերաբերում է նաև նոր Սահմանադրություն ընդունելուն: