Կբացահայտվի՞ արդյոք «հայ ժողովրդի պատմության մեջ ամենախորհրդավոր գործարքը»
Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերը հայտնի «գազային պայմանագրերի» հետ կապված հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով առաջարկում են ստեղծել խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով: Հիմնական զեկուցող, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, թե ոչ իշխանական չորս խմբակցությունները առաջարկում են ստեղծել ժամանակավոր հանձնաժողով՝ բացահայտելու, թե ինչպե՞ս է առաջացել գազի գծով Ռուսաստանի նկատմամբ 300 մլն դոլար պարտքը, ինչպե՞ս է գոյանում գազի գինը և ինչպե՞ս է առաջացել մանրամեծածախ գնի և սպառողների համար նախատեսված գնի միջև եղած տարբերությունը: «Հարցերը շատ են, բայց այս երկու հարցն է հասարակությանը այսօր հուզում: 650 հազար սպառող կա, բայց այս ամենը արվել է գաղտնի, պահվել է գաղտնի, և մենք ուզում ենք այն խորհրդավոր մթնոլորտը պարզել, որի հարցերի պատասխանները արդեն մի քանի ամիս է` չեն տրվում»,- հավելեց նա:
Արամ Մանուկյանի խոսքով՝ պետական նման պարտք կուտակվել չէր կարող, որովհետև ոչ մի արտակարգ, ֆորսմաժորային իրավիճակ տեղի չի ունեցել. «Ոչ մի քաղաքացի կամ ոչ մի հիմնարկ չի հրաժարվել մուծումներից, բոլորը մուծում են արել «ՀայՌուսգազարդին»՝ գազ քաշելու համար»:
ՀԱԿ պատգամավորի խոսքով՝ հանձնաժողովը լինելու է բազմակուսակցական, որն աշխատանքները ավարտելուց հետո համապատասխան զեկուցում է ներկայացնելոււ խորհրդարանին: Նա հիշեցրեց, որ պարտքը գաղտնի է պահվել, ձևավորվել է 2011թ.-ից սկսած, բայց պարտքի առկայությունն ի հայտ է եկել 2013թ. մայիս ամսին: «Շուրջ երկու տարի որևէ մեկն այս մասին տեղեկություն չի ունեցել, իսկ պաշտոնյաները գաղտնի են պահել, թաքցրել են պարտքի գոյության մասին տվյալները, այն եպքում, երբ բանակցությունները տևել են տարիներ շարունակ, բայց տեղյակ չի պահվել անգամ ԱԺ-ին»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է ՀայՌուսգազարդ» ընկերության 20 տոկոս բաժնեմասի վաճառքին, ապա Արամ Մանուկյանը հայտարարեց, որ դրա արժեքը սխալ է գնահատավել. «Մեր հաշվարկներով՝ 20 տոկոսի արժեքը մի քանի անգամ ավելի է»:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ հետարքրքվեց, թե դեկտեմբերի 2-ին, երբ «գազային պայմանագրերը» ընդունվեցին, տեղեկություն ունե՞ք, հենց այսօր պարտք կուտակվո՞ւմ է, թե՞ ոչ: Ի պատասխան՝ Արամ Մանուկյանը հիշեցրեց ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հայտարարությունը: «Ես հիշում եմ Արմեն Մովսիսյանի ասածները, որ նա հայտարարեց, թե մենք դեռևս ունենալու ենք 600 մլն-ի բեռ, որը լինելու է մինչև 2018 թվականը: Ես խոստովանում եմ, ես չեմ հասկանում սա ի՞նչ է նշանակում, ի՞նչ է նշանակում՝ բեռ ենք ունենալու… Կամ ասում է 150 միլիոնը զեղչեցին, տվեցին։ Ինչի՞ են զեղչել, ես չգիտեմ այս հարցի պատասխանը: Պայմանագրե՞ր կան, որտեղ կա գրված, որ զեղչելու են մեր լավ ու սիրուն աչքերի համար: Հենց այս խութերի համար է, որ հարկավոր է ստեղծել հանձնաժողով»,- նշեց Ա. Մանուկյանը՝ ավելացնելով, որ հանձնաժողովը պետք է բացահայտի «հայ ժողովրդի պատմության մեջ ամենախորհրդավոր գործարքը»։
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ ողջունեց նախաձեռնությունը: Նա նշեց, թե պայմանագրերը ուղղված են Հայաստանի տնտեսության ինքուրույնության վերացմանը, ապա հարցրեց. «Սա խայտառակ պայմանագիր է, չգիտեմ, Մոզամբիկի հետ մի էսպիսի պայմանագիր կնքվե՞լ է, թե՞ ոչ»: Արամ Մանուկյանն էլ ասաց, թե ԱԺ-ն պետք է ընդունի օրենք՝ 5-10 տարուց ավելի երկար ժամկետով պայմանագիր չկնքելու մասին: «Ո՞նց կլինի՝ ընդունում ենք, տանջվում ենք… Ի՞նչ է նշանակում 30 տարով կնքել քաղաղաքական նվաստացման պայմանագիր ու կախված լինել դրանից»:
Գագիկ Ջհանգիրյանն էլ հավելեց, որ այս պայմանագրով Հայաստանի Սահմանադրությունն է առոչինչ դառնում: «Ապագա նախագահները, ԱԺ-ն չեն կարող ինչ-որ բովանդակությամբ պայմանագրեր ստորագրել, օրենքներ ընդունել: Եկեք մի հատ հասկանանք՝ ի՞նչ է կատարվում: Մեր ամբողջ տնտեսության սուվերենիտետը մենք սրանով կորցրել ենք»,- ասաց Գ. Ջհանգիրյանը: