Յանուկովիչին կտապալե՞ն, թե՞ նա կպահանի իր իշխանությունը. մեկնաբանում է փորձագետը

«Վիճակը շուտ չի կարգավորվի, եթե ընհանրապես կարգավորվի, բայց ես չեմ հավատում, որ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմ կլինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանաբնակ հայտնի քաղաքագետ, միջազգայնագետ Ալեքսանդր Ռառը` գնահատական տալով Ուկրաինայում ներկայումս ստեղծված լարված իրավիճակին:

Փորձագետի խոսքերով` Ուկրաինան, որպես ամբողջական պետություն, ԽՍՀՄ փլուզումից և անկախանալուց հետո շարունակել է մնալ պառակտված արևելյան և արևմտյան հատվածների միջև, սակայն միաժամանակ Ուկրաինայի քաղաքական էլիտաները կարողացել են կլոր սեղանի շուրջ լեզու գտնել և համաձայնության գալ:

«Ամենագլխավորն այն է, որ այժմ փողոցում ոստիկանության և ժողովրդի միջև պայքարը տեղափոխվի խորհրդարան և կլոր սեղանի շուրջ: Կարծում եմ` հենց սա է այսօր տեղի ունենում Ուկրաինայում. մարդիկ սկսում են վիճել, երկրի ապագան, Սահմանադրության փոփոխության, օրենսդրության փոփոխման հարցերը քննարկել կլոր սեղանի շուրջ, ոչ թե փողոցում: Սա լավ է, բայց այս գործընթացը բավական երկար կտևի: Իսկապես երկիրը հասել է քաղաքացիական պատերազմի շեմին, երբ ո´չ իշխանությունը, ո´չ ընդդիմությունը չի կարողանում վերահսկել իրավիճակը: Եվ միևնույն ժամանակ մենք տեսանք արտաքին ուժերի ուղղակի միջամտությունը. Եվրոպական միությունն աջակցում էր ընդդիմությանը, իսկ Ռուսաստանն իր վարկերով աջակցում էր Ուկրաինայի իշխանությանը: Այդ պատճառով` իրավիճակն իսկապես շատ բարդացավ, այն պայթունավտանգ էր: Բայց վերջին 2-3 օրերին իրադրությունը մի փոքր հանդարտվում է»,- կարծիք հայտնեց քաղաքագետը:

Ռառը կարծիք հայտնեց, թե Ուկրիանայի խնդիրը գլխավորն է եղել երեկ Գերմանիայի Մյունխեն քաղաքում մեկնարկած անվտանգության միջազգային համաժողովում, և թե´ ամերիկացիները, թե´ եվրոպացիները, թե´ ռուսները շահագրգռված են, որպեսզի հիմնախնդիրը լուծվի համատեղ ջանքերով: Ըստ քաղաքագետի` ո´չ արևմտյան պետությունները, ո´չ էլ Ռուսաստանը չեն ցանկանում, որ Ուկրաինայում իշխանափոխությունը տեղի ունենա բռնի ճանապարհով:

Կարդացեք նաև

Պատասխանելով ուկրաինական խնդրին առնչվող գլխավոր հարցերից մեկին` արդյոք Ուկրաինայի գործող նախագահ Վիկտոր Յանուկովիչը կկարողանա՞ պահպանել իր իշխանությունը, թե՞, այուամենայնիվ, նրան կտապալեն, Ալեքսանդր Ռառը նախևառաջ ընդգծեց, որ այժմ Յանուկովիչի համար ամենակարևորն այն է, որ նա ուժ չկիրառի Մայդանի հրապարակում հավաքված ժողովրդի նկատմամբ և իր քաղաքական հակառակորդների` ընդդիմության վրա փորձի ազդել «քաղաքակիրթ մեթոդներով»` բանակցություններով` Արևմուտքի ու Ռուսաստանի հետ օգնությամբ, որպեսզի ընդդիմադիր ուժերը նույնպես կատարեն իրենց խոստումները:

«Եթե Յանուկովիչը գործի օրենքի շրջանակներում և ուժ չկիրառի ցուցարարների նկատմամբ, այդ դեպքում նա կպահպանի իր իշխանությունը գոնե մինչ հաջորդ նախագահական ընտրությունները, եթե, իհարկե, ընդդիմությունը նույնպես կատարի իր պարտականությունները` իրավիճակը վերադարձնել օրենքի դաշտ և ազատել գրավյալ շինությունները:

Ըստ իս` ընդդիմությունն այժմ բարոյապես պարտավոր է դա անելու: Հետո պայքարը կընթանա խորհրդարանական ընտրությունների մակարդակով, չեմ բացառում, որ իշխանություններն, այնուամենայնիվ, կգան համաձայնության, որպեսզի խորհրդարանի ընտրություններն անցկացվեն եթե ոչ վաղը, ապա գոնե այս տարվա կեսերին կամ տարվա վերջին: Դրանից հետո բոլոր ուժերը կսկսեն նախապատրաստվել նախագահական ընտրություններին, որոնք ինչ-որ արդյունք պետք է ունենան: Բայց, ցավոք սրտի, դա շատ դժվար է, որովհետև նորից թեկնածու կլինի Ուկրաինայի արևելքի և Ուկրաինայի արևմուտքից, և բարդ իրավիճակ կստեղծվի:

Միգուցե, Ուկրաինան խորհրդարանական հանրապետություն դարձնելու գաղափարն իսկապես ավելի լավ է երկրի համար,- ասաց Ռառը:- Մեկ շաբաթ առաջ ես մտածում էի, որ Յանուկովիչն ընդհանրապես հնարավորություն չունի մնալու, հիմա կարծում եմ, որ նա կպահպանի իր իշխանությունը մինչև հաջորդ նախագահական ընտրությունները»:

Քաղաքագետ Ալեքսանդր Ռառը շեշտեց, որ ներկա իրադրությունում կանխատեսումներ անելը չափազանց դժվար է, սակայն եթե նույնիսկ Յանուկովիչը դիմանա մինչև մյուս ընտրությունները, այդ պարագայում էլ նրա համար չափազանց դժվար կլինի վերընտրվելը:

Տեսանյութեր

Լրահոս