Շանթ Հարությունյան. Փետրվարի 2-ին 1 ժամով հավաքվեք Ազատության հրապարակում

Քիչ առաջ Շանթ Հարությունյանի ֆեյսբուքյան էջում գրառում է տեղադրվել, որտեղ Շանթ Հարությունյանը դիմում է իր ֆեյսբուքյան ընկերներին:

«Ամեն տարի փետրվարի 3-ին՝ ծննդյանս օրը, գրառումների տեսքով տասնյակ ու հարյուրավոր շնորհավորանքներ եմ ստացել: Ինչպես գիտեք, գտնվելով բանտում, այս տարի չեմ կարող կարդալ այդ գրառումները: Ահա և դիմում եմ բոլոր իմ ընկերներին, բոլոր նրանց, ովքեր այս տարի ևս կհիշեն և կշնորհավորեն ծննդյանս օրը, կոչ անելով՝ ֆեյսբուքում գրելու փոխարեն հավաքվել Ազատության հրապարակում և այնտեղ նշել, շնորհավորել ծննդյանս տարեդարձը:

Կարծում եմ՝ այս ձմռան ցրտին կես ժամից մինչև մեկ ժամ տրամադրելն ու Ազատության հրապարակում գտնվելը մեծ զոհողություն չի լինի իմ ֆեյսբուքյան և մյուս ընկերների համար: Խոսքս, անշուշտ, չի վերաբերվում արտասահմանում ապրող ընկերներիս:

Ասեմ, որ ազատության մեջ գտնվելիս շատ հաճախ չեմ էլ հիշել ծննդյանս օրը, հաճախ էլ՝ առավոտ շուտ հեռացել եմ տանից, որպեսզի առիթ չունենամ նշելու այն: Ուզում եմ ասել, սիրելի՛ ընկերներ, որ իմ այս կոչն անձնական քմահաճույքի դրսևորում չէ, այլ առիթ` ևս մեկ անգամ հայ հասարակությանը հիշեցնելու, որ Հայաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է հեղափոխություն:

Նշեմ նաև, որ իմ ընկերներից ոմանք իրենց ծննդյան տարեդարձը նույնպես դիմավորեցին բանտում: Բայց, ի վերջո, ես իրավունք չունեի նրանց մտերիմներին ու հարազատներին կոչելու, որ այդ օրերը նշեն Ազատության հրապարակում. դա կարող էին անել բանտում գտվող ընկերներս:

Այնպես որ, որևէ բարոյական սկզբունք չեմ խախտում ընկերներիս հանդեպ, երբ այժմ դիմում եմ իմ կողմնակիցներին, որ փետրվարի 2-ին, մեկ ժամով հավաքվեն Ազատության հրապարակում և դարձյալ հաստատեն, որ Հայաստանին անհրաժեշտ է հեղափոխություն:
Բոլորիդ շատ կարոտել եմ և համբուրում եմ:
Շանթ»:

 

Տեսանյութեր

Լրահոս