Փաստաբան Շարբաթյանի գործով դատավորը վկաներին բերման ենթարկելու որոշում կայացրեց

Հունվարի 30-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի լեփ-լեցուն դահլիճում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակվեց 2014թ. նոյեմբերի 18-ին «Մուշ» ռեստորանային համալիրում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արեն և Արտակ Վերանյանների դռնբաց դատական նիստը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այս դատական նիստին հարցաքննվեցին Աղասի Վիրաբյանի ընկերները՝ Գուրգեն Փութուլյանն ու Տիգրան Պետրոսյանը:

«Տիգրանի հետ մեր հայաթում կանգնած էինք, Աղասին եկավ, ասավ՝ գնում ենք լավ տեղ: Տղերքը (Վերանյան եղբայրներն ու Սամվել Դիլոյանը:- հեղ.) Արտակի հավանած աղջկա քեռու հետ ցերեկվանից խմում են, գնանք մենք էլ քեռու հետ ծանոթանանք, մի-մի բաժակ խմենք»,- ասաց վկա Գուրգեն Փութուլյանը: Սակայն տեղ հասնելով նրանք հանդիպել են հեռացող տղաներին և նրանց մեքենային ճանապարհ տալով՝ իրենք էլ հեռացել են: Գ. Փութուլյանն ասաց նաև, որ նախքան հեռանալը ինչ-որ հայհոյանքներ են լսել ռեստորանի մոտից և տղաներից մեկն էլ ասել է՝ վաղը կօյաղանանք, կտեսնենք, կխոսենք: Ճանապարհին Տիգրանը զանգահարել է Արեն Վերանյանին և հարցրել՝ ի՞նչ է պատահել: Արենն ասել է՝ գնացեք տուն, հետո կխոսենք: Ասվածը հաստատեց նաև Տ. Պետրոսյանը:

Վկա Վոլոդյա Պետրոսյանը ծանոթ չէր ո՛չ Սամվել Դիլոյանին, ո՛չ էլ Վերանյան եղբայրներին: Նա դեպքին նախորդող ժամանակահատվածում որոշակի շինաշխատանքք է կատարել «Մուշ»-ում և ճանաչում է Էդվարդ Խլղաթյանին, ով ըստ նրա, հեղինակություն է իր համար:

Այդ օրն էլ մասնավորի տանը ֆիզիկական աշխատանքից և տանտիրոջ հյուրասիրությունից ու ոգելից խմիչք օգտագործելուց հետո, «համարյա հարբած վիճակում», ընկերոջ՝ Արեն Հովհաննիսյանի հետ, իր ասելով՝ ժամը 20.00-ի սահմաններտում, գնացել են «Մուշ»՝ նպատակ ունենալով այնտեղ իրենց կերուխումը շարունակել: Հասնելով այնտեղ՝ «տեսանք խառնաշփոթ է. դրսում հավաքված են, զրուցում են, չմտանք ռեստորան: Մոտեցա Էդվարդ Ազատիչին, բարևեցի ու կանգնեցի կողքին»,- հայտնեց վկան:

Միայն տղաների հեռանալուց հետո, երբ Շշարբաթյանի քրոջ որդին՝ Հայկ Ասլիկյանը, լացելով քեռի-քեռի է կանչել ու գնացել Շարբաթյանի կողմը, Վ. Պետրոսյանը նկատել է պատի տակ ընկած Շշարբաթյանին: Է. Խլղաթյանի հորդորով ընկերոջ հետ մոտեցել է և Շարբաթյանին ներս են տարել: Հետո եկել են շտապօգնությունը, ոստիկանները, Շարբաթյանի քույրը՝ Հասմիկ Մանուչարյանը՝ որդու հետ:

Վկան, իր ասելով, ռեստորանում մնացել է մինչև լուսաբաց՝ որպես ընթերակա ներգրավվելով քննչական գործողություններին, թեև այդպես էլ չկարողացավ բացատրել «ընթերակա» բառի իմաստը:

Դատարանի դահլիճում տված և 15.04.2013թ. թվագրված իր նախաքննական ցուցմունքի միջև առկա են էական հակասություններ, ինչի առթիվ նրան բազմաթիվ հարցեր ուղղեցին դատավարության բոլոր կողմերը:

Արձանագրվեց, որ վկային հարցաքննության են կանչել առանց պատշաճ ծանուցելու, Վանաձորի «Արցախ» պուրակի մոտից նրան իր մեքենայով քննչական է տարել անձամբ քննիչը, նրա նկատմամբ քննչականում ֆիզիկական և հոգեբանական ճնշումներ չեն գործադրվել, նա անձամբ է գրել իր 6-7 էջ կազմող ցուցմունքը, որը պնդեց դատարանում: Ասաց, որ կրակոցի ձայներ չի լսել:

Նշենք, որ վկայի՝ դատարանում ասված խոսքերի միջև էլ առկա էին էական հակասություններ, ինչին նա տրամաբանական բացատրություն չգտավ՝ դատավարության կողմերի և նիստին ներկաների մոտ առաջացնելով ողջամիտ կասկածներ ընդհանրապես իր խոսքի, մասնավորապես՝ վկայությունների արժանահավատության վերաբերյալ:

Դատավոր Ն. Հովակիմյանը պատշաճ ծանուցված, բայց շարունակ դատական նիստերին չներկայացող 10 վկայի բերման ենթարկելու որոշում կայացրեց:
Ս. Դիլոյանի և Ա. Վերանյանի շահերի պաշտպան Ռուբեն Հակոբյանը նկատեց և դատարանի ուշադրությունը հրավիրեց հանգամանքին, որ նախաքննական մարմնի համար ցանկալի ցուցմունք տված վկաները ոստիկանություն են բերվել նրանց կողմից: Նա դատավորին խնդրեց հնարավորինս կարճ ինտերվալներով նշանակել դատական նիստերը:

Հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 11-ին ժամը 11-ին:

Հովհաննես Սարդարյան

Տեսանյութեր

Լրահոս