Ալավերդու համար 12 դպրոցում ներառական կրթահամակարգ է ներդրվել (տեսանյութ)
ankyun3.am-ը գրում է. Ալավերդու համար 12 հիմնական դպրոցում փետրվարից սկսած նաեւ ներառական կրթություն կիրականացվի: Ներառական կրթական համակարգին անցնելու համար դպրոցները կամավորության սկզբունքով հայտ են ներկայացնում, որից հետո Կրթության ազգային ինստիտուտը կազմակերպում է դասընթացներ տվյալ դպրոցի ողջ անձնակազմի համար: Երեխայի կրթական հնարավորությունները գնահատելու համար ստեղծվում է բժշկահոգեբանական մանկավարժական հանձնաժողով, որի անդամ կարող են լինել նաև ուսուցիչները: Նպատակն է առանձնացնել այն երեխաներին, որոնց համար պետք է կազմել անհատական ուսումնական պլան: Այս դեպքում հատուկ մանկավարժները, հոգեբանները, ուսուցչի օգնականները օգնում են հատուկ կրթության պահանջ ունեցող երեխային՝ հնարավորինս հեշտ ընկալել դասը դասաժամի շրջանակներում: Եթե անհրաժեշտություն կա, ապա նաև դասերից դուրս՝ լրացուցիչ պարապմունքների միջոցով: Մտավոր կամ ֆիզիկական խնդիր ունեցող երեխայի համար պետությունը տրամադրում է 4 անգամ ավելի ֆինանսավորում: