Հովհաննես Իգիթյանը` Պրահայում Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարությունների մասին. «Ես տեսնում եմ վախեցած մարդու արտահայտություններ»
Երեկ Պրահայում Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ ասուլիսում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի հարցերին՝ ի՞նչն է Հայաստանին ստիպում այդքան արագ միանալ այդ միությանը, և սա այն դեպքում, երբ այդ միության նախաձեռնող երկիր Ռուսաստանն անտարբերությամբ է հետևում, թե ինչպես են մեր սահմանամերձ շրջաններն ամեն օր գնդակոծության ենթարկվում Ադրբեջանի կողմից, և եթե Ռուսաստանը ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի դաշնակիցն է, ապա ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, որ Ռուսաստանը հսկայական քանակությամբ զենք է վաճառում Ադրբեջանին, նախ ասել էր, թե ինքը սովոր չէ բողոքելու, հետո ավելացրել էր.
«Երկրորդը, ցանկացած գործ, որին ձեռնամուխ ես լինում, պետք է հնարավորինս արագ և որակով անել: Եթե մենք որոշել ենք միանալ ՄՄ-ին, ապա դա պետք է անենք հնարավորինս արագ, ինչո՞ւ դանդաղեցնենք: Եթե մեր որոշման հիմքում ընկած է ազգային շահը, ապա այդ որոշումը պետք է օր առաջ իրականություն դարձնել: Մաքսային միությունը տնտեսական կառույց է և ոչ ռազմական: Բնավ, պետք չէ կասկածի տակ դնել հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը: Այո´, Ռուսաստանը համագործակցում է նաև Ադրբեջանի հետ, բայց դա չի նշանակում, որ մենք իրավունք և հնարավորություն ունենք ռուսական կողմին արգելելու համագործակցությունը Ադրբեջանի հետ»:
Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության վարչության անդամ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը 168.am-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միություն շտապելու վերաբերյալ հայտարարությունները, նախ նշեց, որ մենք ընդհանրապես չպետք է մտնենք ՄՄ, հետևաբար` չպետք է շտապենք:
«Սերժ Սարգսյանը փորձում է արագացնել, ինձ թվում է` դրա կարիքը չկա, որովհետև Սերժ Սարգսյանին և իր փորձագետներին ավելի շատ ժամանակ է պետք հասկանալու, որ ՄՄ-ն ոչ միայն քաղաքական և տնտեսական ապագա չէ Հայաստանի համար, այլ նաև վնաս է բերելու: Այս իմաստով` գտնում եմ, որ կառավարությունն ավելի դանդաղ պետք է գնա այս գործընթացով, որպեսզի հասկանա, որ դա բացի վնասից` որևէ օգուտ չի բերելու,- ասաց Հովհաննես Իգիթյանը:- Ես զարմանում եմ, որ Հայաստանի քաղաքական գործիչները, հատկապես՝ իշխանական գործիչները և նաև Սերժ Սարգսյանը անում են հայտարարություններ, որ կարող էր Լավրովն անել կամ Պուտինը:
Նրանք շատ հաճախ ավելի կաթոլիկ են ձևանում, քան Հռոմի պապը. ավելի ռուսամետ են, քան ինքը Պուտինը: Բոլորը դեպքերում ես գտնում եմ, որ Սերժ Սարգսյանը պետք է իր անհամաձայնությունը և դժգոհությունը հայտնի` Ռուսաստանի այս դիրքորոշման հետ կապված: ՀՀ արտգործնախարարությունը պետք է նոտաներ հղի Ռուսաստանին և այլն: Այսինքն` եթե հայկական կողմը չի կարողանում ազդել Ռուսաստանի վրա, գոնե «դիսկոմֆորտ» պետք է ստեղծի, որ այդքան էլ համաձայն չէ Ռուսաստանի հետ կամ ուղղակի դժգոհ է»:
Իսկ մեր հարցին, թե, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանի` «մենք իրավունք և հնարավորություն չունենք ռուսական կողմին արգելելու» արտահայտության մեջ կա՞ դիվանագիտորեն քողարկված դժգոհություն, միջազգային հարաբերությունների փորձագետ Հովհաննես Իգիթյանը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում` մենք իրավունք կամ հնարավորություն չունենք: Դիվանագիտության մեջ դժգոհությունները արտահայտելու ձևեր կան, և սովորաբար դա արվում է հայտարարություններով կամ բողոքի նոտաներով: Ես նույնիսկ թաքնված դժգոհություն չեմ տեսնում, ես տեսնում եմ վախեցած մարդու արտահայտություններ: Կարող է` ինքը հոգու խորքում ինչ-որ դժգոհություն ունի, որն արտահայտում է խոհանոցում կամ իր ընկերներին` սեղանի շուրջ, բայց դիվանագիտության մեջ այդպես չի արվում»: