Հելսինկյան Կոմիտեն՝ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած կրակոցների, Ոստիկանության գործադրած բռնությունների մասին

Մարդու իրավունքների ասպարեզում Հայաստանը 2013թ. առաջընթաց չի ունեցել: Այս մասին ասված է Հայաստանի Հելսինկյան Կոմիտեի՝ «Մարդու իրավունքները Հայաստանում 2013» զեկույցում:

Զեկույցում կոմիտեն անդրադարձել է 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքերին: «Նախկինում հայտնի էին տարբեր աղմկահարույց դեպքեր, որոնցում ներգրավված Ս. Խաչատրյանը և նրա ըն­տանիքի անդամներն իրենց կատարածի հա­մար պատասխանատվության չէին ենթարկ­վել։ Վերջին դեպքերից հատկապես մեծ արձագանք էր գտել 2011 թ. նոյեմբերի 14-ին գործարար Սիլվա Համբարձումյանին հա­սարակական վայրում հարվածելու դեպքը. միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործը կարճվել էր, և Ս. Խա­չատրյանը հերթական անգամ պատասխանատվության չէր ենթարկվել: Այս անգամ Ս. Խաչատրյանի առանձնատան կողմից արձակված կրակոցներից մահացավ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, և ծանր հրազենային վնասվածք ստացավ նրա եղ­բայրը՝ բանակի հրամանատար Արտակ Բու­դաղյանը։

Հարուցվեց քրեական գործ, 2 ամ­սով կալանավորվեցին Ս. Խաչատրյանի որ­դին և թիկնապահը։ Մարզպետի պաշտոնից հրաժարական տվեց Մ Խաչատրյանը։ Դեպքից մի քանի օր անց զինդատախազ Գևորգ Կոստանյանը, ով վարում էր սույն քրեական գործը, հայտարարեց, որ Ս. Խա­չատրյանի տան վրա տեղի է ունեցել զինված հարձակում, իսկ Ս. Խաչատրյանի կողմից եղել է ինքնապաշտպանություն։

Հայտարա­րությունից հետո հասարակության մոտ առաջացան մտահոգություններ, որ գործի ելքն արդեն իսկ կանխորոշված է՝ Ս. Խա­չատրյանը և մերձավորները խուսափելու են պատժից։ Մտահոգությունները հաստատվե­ցին՝ Ս. Խաչատրյանի որդու և թիկնապահի նկատմամբ գործը կարճվեց, իսկ սպանված Ա. Բուդաղյանի եղբորը՝ Արտակ Բուդաղյանին, մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության սպառնալիքի համար»,- նշված է զեկույցում։

Զեկույցում անդրադարձ կա նաև 2013 թ. փետրվարին կայացած՝ ՀՀ նա­խագահի, իսկ մայիսին՝ Երևանի ավագանու ընտրություններին: Ըստ զեկույցի՝ ընտրություններից հետո դիտորդություն իրակա­նացրած տարբեր հասարակական կազմակերպություններ ահազանգեցին, որ հերթա­կան անգամ ընտրություններն անցել են բազմաթիվ ընտրախախտումներով և ընտրակեղծիքներով. «Նախագահի ընտրություններից հետո ընդդիմության կողմից կազմակերպվեցին բազմաթիվ ցույցեր ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Թեև ընդհանուր առմամբ ցույցերն անցել են առանց լուրջ միջադեպե­րի, այնուամենայնիվ մի քանի դեպքերում արձանագրվել են բախումներ ոստիկանների և ցուցարարների միջև»։

«2013թ. ՀՀ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ հանդես էին գալիս Եվրոպա­կան միության հետ Ասոցացման համաձայ­նագիր ստորագրելու վերաբերյալ հայտա­րարություններով, և բոլոր քննարկումները կարծես թե գնում էին այդ ուղղությամբ, սա­կայն սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անսպասելիորեն հայտարարեց Մաքսային միությանը Հայաստանի անդա­մակցության որոշման մասին։ Մեկ օրվա մեջ Հայաստանը վերջ դրեց շուրջ 3,5 տարի Ասո­ցացման համաձայնագրի շուրջ տարվող բա­նակցություններին։ Հայտարարությանը հաջորդեցին բողոքի ակցիաներ, ակտիվիստնե­րի ձերբակալումներ, նրանց նկատմամբ բռնությունների դեպքեր»,- նշված է զեկույցում։

Հելսինկյան կոմիտեի զեկույցի համաձայն՝ 2013թ. աչքի ընկավ հավաքների բազմա­զանությամբ և Ոստիկանության կողմից հա­վաքներն արգելելու, մասնակիցների նկատ­մամբ բռնություններ և վարչական տույժեր կիրառելու աննախադեպ ակտիվությամբ։ Ստեղծվեցին նաև տարբեր քաղաքացիա­կան նախաձեռնություններ՝ «Վճարում ենք 100 դրամ», Երևանի Կոմիտասի 5 հասցեում նոր բնակելի շենքի կառուցման աշխա­տանքների վերսկսման, Երևանի Ծածկած շուկան «Երևան սիթի» սուպերմարքեթի վե­րածելու դեմ և այլն. «Հավաքների ազատության խախտման գագաթնակետը դեկտեմբերի 2-ին էր՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցի օրը։ Այդ օրը Երևանում կազմակերպ­ված բողոքի ակցիաների հետևանքով Ոստի­կանությունը բերման ենթարկեց 110 ցուցա­րարների։

Արձանագրվել են դեպքեր, երբ անհայտ անձինք հարձակումներ են գործել քաղաքացիական ակտիվիստների վրա, նրանց են­թարկել են ծեծի և մարմնական վնասվածք­ներ պատճառել։ Մինչ օրս, սակայն, բռնու­թյուն գործադրողները չեն բացահայտվել և չեն պատժվել»։

Հելսինկյան կոմիտեն արձանագրել է, որ մարդու իրա­վունքների ասպարեզում Հայաստանն առա­ջընթաց չի ունեցել. «Այս գնահատականն ամեն տարի կրկնվում է Հայաստանին վերա­բերող թե՛ տեղական, և թե՛ միջազգային իրա­վապաշտպան կազմակերպությունների զե­կույցներում։ Որպես կանոն՝ մարդու իրա­վունքների տարբեր ոլորտների զեկույցնե­րում իրավիճակի բարելավումը կապվում է իշխանությունների քաղաքական կամքի առ­կայության հետ։ Դա վերաբերում է և ընտ­րությունների ժամանակ միջազգային դի­տորդական առաքելությունների առաջարկություններին, և մասնավորապես Եվրո­պայի խորհրդի Խոշտանգումների կանխար­գելման կոմիտեի առաջարկություններին, և այլ ոլորտների։ Կարելի է եզրակացնել, որ մարդու իրավունքների ասպարեզում բարե­փոխումների համար անհրաժեշտ է իշխա­նությունների բարի կամքը։

Արդյոք այս մոտեցումը ճի՞շտ է, արդյոք ավելի կարևոր չէ՞ մարդու իրավունքների վիճակը բարելավելու համար բարեփոխում­ներ անել Հայաստանի քաղաքական համա­կարգում։ Արդյոք մարդու իրավունքների ոլորտում առաջընթացի բացակայության հիմնական պատճառն այն չէ՞, որ Հայաս­տանում իշխանությունների տարանջատում գոյություն չունի, երբ դե յուրե Հայաստանի դատական համակարգը կախված է մեկ մարդուց՝ հանրապետության նախագահից». սահմանադրորեն նշված է, որ «Հանրապե­տության Նախագահր հետևում է Սահմա­նադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանու­թյունների բնականոն գործունեությունը» (ՀՀ Սահմանադրություն, հոդված 49)։ Են­թադրվում է, որ ըստ Սահմանադրության՝ հանրապետության նախագահն օժտված է լինելու «հրեշտակի կանխավարկածով» և չի ունենալու իր իշխանությունը երկարացնելու ձգտում, որևէ անձնական շահագրգռություն և այդ պայմաններում ապահովելու է նաև մարդկանց իրավունքները։

Կարծում ենք, որ Հայաստանի ժո­ղովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում իրական բա­րելավում և վեկտոր ունենալու համար ան­հրաժեշտ են և՛ սահմանադրական, և՛ օրենս­դրական բարեփոխումներ՝ իրականում տա­րանջատելու դատական իշխանությունը, ապահովելու տեղական ինքնակառավար­ման մարմինների ինքնիշխանությունը, որը խթան կհանդիսանա և՛ ժողովրդավարու­թյան, և՛ մարդու իրավունքների զարգացման ոլորտներում։ Իսկ այս պայմաններում, երբ Սահմանադրության և օրենքների շրջանակ­ներում չկա իշխանությունների տարանջա­տում, իրատեսական չէ հույս դնել իշխանու­թյունների քաղաքական բարի կամքի վրա։ Եվ քանի դեռ մի կողմից վերևից չկա այդ կամքը՝ իրական բարեփոխումներ անելու, և մյուս կողմից՝ չկա ներքևից ճնշում այդ բարեփոխումների համար, փոխարենը Հայաս­տանում քաղաքական պայքար գնում է մի­այն իշխանության լծակներին տիրանալու համար, մենք երկար ժամանակ կարձանագ­րենք նույն փաստը, որ Հայաստանում մար­դու իրավունքների ոլորտում էական առաջրնթաց չկա։

Եթե, անկախ այդ ամենից, գնահատենք 2013թ., ապա կարող ենք արձանագրել, որ ժողովրդավարության բնագավառում, այն է՝ ընտրություններում, որևէ առաջընթաց չկար, խաղաղ հավաքների բնագավառում մենք ունեցանք հետընթաց, չնայած միջազգային չափանիշներին համապատասխանող՝ 2011-ին ընդունված «Հավաքների ազատու­թյան մասին» օրենքին, որը, ինչպես ցույց տվեցին հատկապես դեկտեմբերի 2-ի դեպքերը, առ ոչինչ է։ Որևէ առաջրնթաց չկա նաև խոշտանգումների կանխարգելման և այլ ոլորտներում ևս։

Եվ քանի դեռ Հայաստանի իշխանու­թյունների միակ նպատակը մնում է ցանկա­ցած գնով իշխանությունը պահպանելը, և որևէ լուրջ բարեփոխումներ իշխանություն­ների տարանջատման ուղղությամբ չեն իրա­կանացվում, մենք տարեցտարի մարդու իրավունքների բնագավառում կարձանագ­րենք մոտավորապես նույն պատկերը»:

Տեսանյութեր

Լրահոս