Գիրքը փոխանցում է գլխավոր հերոսի ապրումները սենսորների օգնությամբ (լուսանկարներ)
Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի (MIT) ուսանողները յուրօրինակ գիրք են ստեղծել, որը հատուկ սենսորների օգնությամբ ընթերցողին ստիպում է բառացիորեն իրեն զգալ հերոսի «կաշվի մեջ», հաղորդում է naked-science-ը:
Գիրքը «հետեւում է», թե որ էջն է կարդում ընթերցողը եւ հատուկ բաճկոնակի միջոցով նրա մարմնին փոխանցվում են ազդակներ, որպեսզի վերջինս իրեն զգա գլխավոր հերոսի դերում:
«Զգացմունքային եւ ֆիզիկական վիճակի յուրաքանչյուր փոփոխության ժամանակ բաճկոնին հատուկ ազդակ է փոխանցվում: Օրինակ, այդպես հնարավոր է փոխել սրտի զարկերի ռիթմը, ստիպել պահել շունչը կամ բարձրացնել մարմնի ջերմաստիճանը»,-նշել են հեղինակները:
Բաճկոնը պարունակում է ոչ մեծ տաքացնող սարք` մարմնի ջերմաստիճանի փոփոխության համար, ինչպես նաեւ օդային բարձիկներ, որոնց միջոցով հնարավոր է ավելացնել կամ նվազեցնել ճնշումը մարմնի վրա: Բաճկոնի միջոցով հնարավոր է նաեւ տատանումներ փոխանցել:
«Սենսորային գրականություն» կոչվող նախագիծը ստեղծվել է MIT-ի ուսանողների կողմից` «գիտական ֆանտաստիկա` գիտության համար» դասընթացի շրջանակում:
Առաջին սենսորային գրքի համար օգտագործվել է Ջեյմս Թիփթրիի «Աղջիկը, որին միացրել են ցանցին» ֆանտաստիկ պատմվածքը: