Հայկական վիրտուալ համալսարանն ունի ավելի քան 3000 ուսանող՝ աշխարհի 65 երկրներից
Հայկական վիրտուալ համասարանն այսօր ունի ավելի քան 3000 ուսանող՝ աշխարհի 65 երկրներից: Այդ երկրների մեջ համալսարանի ծրագրերն ամենաշատ տարածվածությունն ունեն ԱՄՆ-ում: Այս մասին այսօր` հունվարի 29-ին, «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր և նախագահ Երվանդ Զորյանը:
«Սփյուռքի մեջ հայերեն լեզվին, դժբախտաբար, ամեն մարդ չի տիրապետում, հենց այդ պատճառով մենք դասընթացներն անում ենք տարբեր լեզուներով: Ամենաշատն անգլերեն լեզվով ուսանողներն են՝ 38%, ռուսերենով` 20%, այնուհետև՝ իսպաներենով ուսուցումն է, թուրքերենով, և այլն»,- ասաց Ե. Զորյանը:
Ըստ բանախոսի` վիտուալ համալսարանը հիմնականում կենտրոնանում է երեք առարկաների վրա` լեզու, պատմություն և մշակույթ, որոնք ներկայացվում են տարբեր մուլտիմեդիա հնարավորություններով`փորձելով այս կերպ մատուցվող նյութն ավելի գեղեցիկ և հասանելի դարձնել աշխարհի չորս կողմերում բնակվող ժամանակակից երիտասարդների համար:
Ի դեպ, ըստ Զորյանի` վերջերս Հայկական վիրտուալ համալսարանը սկսել է նաև շախմատի օնլայն դասընթացներ անցկացնել` մուլտիմեդիա հնարավորություններով:
Ե. Զորյանը նշում է, որ Հայկական վիրտուալ համալսարանը միայն դպրոց չէ, կամ միայն համալսարան չէ, այլ ավելին է. «Այն ստրատեգիական նշանակություն ունի, որը, ուսուցանելուց բացի, ավելի առաջ է գնում` ներկայացնելով մեր ինքնությունն ամեն հայի, և, ինչո՞ւ ոչ, նաև նպաստում, որպեսզի կապեր կստեղծվեն տարբեր մարդկանց միջև, և այդ կերպ համախմբում նրանց»,- ասաց Ե. Զորյանը: