
Ես ինձ չեմ տեսնում Յանուկովիչի կառավարությունում. Վիտալի Կլիչկո (տեսանյութ)

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնոր Վիտալի Կլիչկոն հրաժարվել է հումանիտար հարցերի գծով փոխվարչապետ դառնալու մասին նախագահ Վիկտոր Յանուկովիչի առաջարկից: Այս մասին պետության ղեկավարի հետ ընդդիմադիր առաջնորդների հանդիպումից հետո հայտարարել է «ՈՒԴԱՌ»-ի մամլո ծառայությունը:
Կլիչկոն հայտարարել է, որ իրեն չի տեսնում Յանուկովիչի կառավարությունում. «Անիմաստ է կառավարությունում աշխատելու մասին ինձ հետ քննարկելը: Անգամ անիմաստ է այդ հարցը բարձրացնելը»: Կլիչկոն հույս է հայտնել, որ նախագահն Ուկրաինայում չի մտցնի արտակարգ դրություն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ընդդիմադիր «Բատկիվշչինա» խորհրդարանական խմբակցության առաջնորդ Արսենիյ Յացենյուկը հրաժարվել է գլխավորել Ուկրաինայի կառավարությունը:
Հունվարի 25-ին ընդդիմադիր առաջնորդների հետ բանակցություններում Յանուկովիչը հայտարարել էր, որ պատրաստ է կառավարության արձակմանը և Յացենյուկին առաջարկել էր վարչապետի, իսկ Կլիչկոյին՝ փոխվարչապետի պաշտոնները: