80 հազարից ավելի առցանց հաղորդագրություն է ուղարկվել ավտոմեքենաների խախտումների վերաբերյալ
www.4car.am կայքի շնորհանդեսը տեղի ունեցավ 2013թ. հոկտեբերի 22-ին: Մինչ օրս կայքի բաժանորդ է դարձել մոտ 25 հազար քաղաքացի, և ավտոմեքենաների խախտումների վերաբերյալ ավելի քան 80 հազար առցանց հաղորդագրություն է ուղարկվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց www.4car.am նախագծի ղեկավար Լևոն Եղիյանը: Նրա խոսքով` կայքում գրանցվողների թիվը գնալով մեծանում է, և, եթե երկու ամիս առաջ օրական 80 հոգի էր գրանցվում կայքում, ապա այժմ այդ թիվն օրական 120-130 է: Սրանք, ըստ մեր զրուցակցի` միջինացված թվեր են, որոնք երբեմն տատանվում են, սակայն ընդհանուր առմամբ արտացոլում են այն, որ կայքի նկատմամբ հետաքրքրությունը գնալով մեծանում է, վերջինիս նպաստող մի շարք նաև այլ հանգամանքներ կան, օրինակ՝ այն, որ կայքում նաև պարբերաբար ավելացվում են անվճար խաղեր, տեսանյութեր, լուսանկարներ և այլ ծառայություններ:
Նշենք, որ կայքը հնարավորություն է տալիս նաև տեղափոխել Ձեր ավտոտնակի կամ մեքենայի առջև կայանած` Ձեզ խանգարող ավտոմեքենան ընդամենը 1 SMS հաղորդագրության միջոցով:
Այդ ծառայության միջոցով ուղարկվել է 4320 հաղորդագրություն:
Լ. Եղիյանը նշեց նաև, որ այժմ կայքում գրանցված է մոտ 22 հազար մեքենա, ու այդ թիվը գնալով ավելի է մեծանում:
«Իհարկե, խանգարող մեքենաների ոչ բոլոր վարորդներն են տեսնում իրենց ուղարկված հաղորդագրությունները և տեղափոխում իրենց մեքենան, քանի որ դեռ կան մեքենաներ, որոնք գրանցված չեն մեր համակարգում»,- ասաց նա: