Բաժիններ՝

SMS-ի միջոցով մեքենայի կամ ավտոտնակի առջև կանգնած մեքենաները հնարավոր կլինի տեղաշարժել

Հանդիպած կլինեք այնպիսի իրավիճակի, երբ ձեր մեքենան կայանել եք ինչ-որ տեղ, իսկ հետո գալիս-տեսնում եք, որ ինչ-որ մեկն իր ավտոմեքենան կանգնեցրել է հենց ձեր մեքենայի ետևում կամ ձեր ավտոտնակի դիմաց: Ու ստիպված եք լինում նման դեպքերում սպասել` մինչև տվյալ ավտոմեքենայի վարորդը կմոտենա, և դուք հնարավորություն կունենաք տեղաշարժելու ձեր ավտոմեքենան:

Սակայն այս խնդիրներն արդեն հնարավոր է լուծել ընդամենը մեկ SMS  հաղորդագրության միջոցով: Նոր առաջարկը պատկանում է մի խումբ երիտասարդների, ովքեր ստեղծել են 4Car.am ինտերնետային կայքը:

Ծրագրի հեղինակներից Սերգեյ Հայրապետյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց առաջարկած նոր ծառայության շնորհիվ ընդամենն անհրաժեշտ է ձեզ խանգարող ավտոմեքենայի պետհամարանիշը և ձեր հաղորդագրությունը: Օրինակ՝ «խնդրում ենք տեղաշարժել ձեր մեքենան» հաղորդագրությունն ուղարկել 1041 կարճ համարին: Արդյունքում՝ տվյալ մեքենայի վարորդը կստանա ավտոմեքենան տեղափոխելու մասին ձեր ծանուցումը և կգա այն տեղափոխելու: Նշենք, որ մեկ SMS-ի արժեքը 50 դրամ է: Նոր առաջարկը երիտասարդներն առաջին անգամ ներկայացրեցին «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ:

Ս. Հայրապետյանի խոսքով՝ նմանատիպ ծանուցումներ կստանան միայն այն վարորդները, ովքեր գրանցվել են իրենց ինտերնետային կայքում: «Մենք ցանկանում ենք այդ ցանկում ընդգրկել բոլոր վարորդներին, ինչը, իհարկե, կարող է հեշտացնել մեր բոլորիս կյանքը»,- ասաց Ս. Հայրապետյանը՝ ավելացնելով, որ ընդամենը ցուցահանդեսի երկու օրերի ընթացքում կայքում արդեն իսկ գրանցվել են 200-ից ավելի վարորդներ:

Ս. Հայրապետյանի տեղեկացմամբ, արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի ճանապարհային ոստիկանության հետ, արդյունքում, մեկ ամիս անց արդեն կգործի օն-լայն համակարգը, որի միջոցով վարորդները կկարողանան տեղեկանալ իրենց խախտումների մասին օն-լայն տարբերակով:

«Հաճախ վարորդը տեսնում է, որ տեսախցիկն իրեն նկարում է, և երկար ժամանակ անհանգստանում է, թե ինչի համար է ինքն այդ տուգանքը ստացել և որքան տուգանք պետք է վճարի: Այս ամենի մասին նա կկարողանա տեղեկանալ հենց մեր կայքի միջոցով»,- ասաց Ս. Հայրապետյանը:

Նշենք, որ 4Car.am նախագիծն իրականացվում է Microsoft ինովացիոն կենտրոնի և Nikita Mobile ընկերության հետ համատեղ ջանքերով:

Նշենք նաև, որ նոր կայքի շնորհիվ հնարավոր կլինի գտնել Հայաստանում ավտոտեխսպասարկման և ավտոլվացման քարտեզների կետերը, առցանց ստուգել ձեր գիտելիքները՝ լրացնելով վարորդական իրավունքի ձեռքբերման փորձնական թեստը, ինչպես նաև անվճար հայտարարություններ տեղադրել ձեր մեքենայի վաճառքի վերաբերյալ:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս