
Կահիրեում գրանցվել է ուժգին պայթյուն. կան զոհեր

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կահիրեում ուժգին պայթյուն է գրանցվել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 4 և վիրավորվել է մոտ 50 մարդ: Նախնական տվյալներով՝ պայթեցվել է պայթուցիկով լեցուն ավտոմեքենա:
Միջադեպը գրանցվել է ոստիկանության շտաբ-բնակարանի մոտ: Պայթյունից անմիջապես անց լսվել են կրակոցներ: Պայթյունի հետևանքով տուժել է ոչ միայն ոստիկանատունը, այլև՝ ոչ հեռու ընկած թանգարանն ու դատարանի շենքը: Մի շարք դեպքերում ոստիկաններից պահանջվել է ավելի քան 2 ժամ՝ փլատակների տակ մնացած մարդկանց հանելու համար:
Դեռ որևէ կազմակերպություն չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: Եգիպտական ԶԼՄ-ներն ուշադրություն են հրավիրում, որ պայթյունը տեղի է ունեցել «Արաբական գարնան» հերթական տարեդարձի նախաշեմին: