Լյովա Խաչատրյանը՝ Ռոբերտ Քոչարյանի ԲՀԿ նախագահ դառնալու մասին. Այսօր մեր կուսակցության ղեկավարը Գագիկ Ծառուկյանն է
Օրերս, Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը հայտարարել էր, թե փետրվարին սպասվող ԲՀԿ համագումարում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կընտրվի կուսակցության ղեկավար: 168.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով այս հայտարարությանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը դա անհավանական համարեց՝ ասելով.
«Դա հնարավոր է այնքանով, որքանով մարքսիստների համագումարում կարող է ընտրվել Լենինը: Այսօրվա դրությամբ մենք ունենք կուսակցության ղեկավար»:
Մեր հարցին, թե կուսակցության ղեկավարի փոփոխությունը հնարավոր չէ՞, Լյովա Խաչատրյանը կրկնեց. «Այսօր մեր կուսակցության ղեկավարը Գագիկ Ծառուկյանն է»:
Թե ի՞նչ է սպասվում ԲՀԿ առաջիկա համագումարում, Լյովա Խաչատրյանը տեղյակ չէ. «Հիդրոմետները կանխատեսում են անձրև, բայց ես համոզված եմ, որ բարձրադիր վայրերում ձյուն էլ կարող է լինել»:
Հարցին, թե մառախուղ չի սպասվո՞ւմ, Լյովա Խաչատրյանը պատասխանեց. «ԲՀԿ-ում մառախուղ չի լինում. լինելու է պարզ, արևոտ եղանակ և մեր որոշումներից շատ բան է լինելու կախված երկրի ապագա ճակատագրի մասով»: