Իրանի խորհրդարանը հավանության է արժանացրել Կասպից ծովից Ուրմիա լիճ ջրանցքի կառուցման նախագիծը
Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանը հավանության է արժանացրել ջրանցքի կառուցման նախագիծը, որով Կասպից ծովի ջրերը կհասցվեն երկրի կենտրոնական շրջաններ ու Ուրմիա լիճ: Այս մասին հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը:
Վերջին շրջանում Ուրմիա լիճը բավական չորացել ու աղակալել է: Ներկա դրությամբ նրանում պետք է գտնվեր 32 միլիարդ խորանարդ մետր ջուր, սակայն այն կիսով չափ ավելի պակաս է: Չիթչիանի խոսքերով՝ Իրանի պետբյուջեից միջոցներ են հատկացվել տվյալ նախագծի իրագործման համար:
Նա հիշեցրել է, որ Ուրմիա լճի փրկության համար երկրում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որի նախագահը երկրի առաջին փոխնախագահ Իսհագ Ջահանգիրին է:
2012 թվականին Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ներկա գտնվեց Կասպից ծովի ջրերը տեղափոխելու համար ջրանցքի կառուցման բացման արարողությանը, սակայն իրանցի պատգամավորները և մի շարք փորձագետներ հայտարարեցին, որ այդ նախագիծն արդյունավետ չէ, ինչից հետո կասեցվեց ջրանցքի կառուցումը:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ Չիթչիանը հայտարարել էր, որ Ուրմիա լճի վերականգնումը կպահանջի 10-15 տարի: