
Աբրամովիչի կինը ռասիստական սկանդալի մեջ է հայտնվել (լուսանկար)

Buro 247 էլեկտրոնային ամսագիրը հրապարակում է պատրաստել Garage ամսագրի գլխավոր խմբագիր Դաշա Ժուկովայի մասին։ Սակայն ավելի մեծ աղմուկ է առաջացրել ոչ թե տեքստը, այլ դրա հետ զետեղված լուսանկարը։ Ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչի կինը՝ Դաշա Ժուկովան այդ լուսանկարում նստած է աթոռի դիրք ընդունած կիսամերկ սևամորթ կնոջ վրա։ Այս մասին գրում է Huffingtonpost.com-ը։
Լուսանկարը մեծ աղմուկ է առաջացրել համացանցում՝ իր ռասիստական բնույթի համար։
FashionBombDaily.com-ի խմբագիր Քլեր Սալմերսը Huffingtonpost.com-ի հետ զրույցում ասել է, որ լուսանկարը ցույց է տալիս սպիտակամորթի գերիշխանությունը՝ սևի նկատմամբ, և թեպետ առաջին հայացքից այն խաղաղ բնույթ ունի, սակայն ակնհայտորեն մարդու արժանապատվությունը նվաստացնող ենթատեքստ ունի։
Buro 247 կայքը արագ խմբագրել է նկարը՝ կտրելով սևամորթ կնոջ մասը, սակայն համացանցում տարածվել է բնօրինակը։ Սոցիալական ցանցերում և հատկապես Twitter-ում չեն դադարում քննադատական գրառումները։