Եվրոպայում կրթություն ստացած Մարթան իր ապագան տեսնում է Երևանում
Երիտասարդ դասախոս Մարթա Սանդոյանի կածիքով՝ եթե ուսանողներին դարձնեն հետազոտող, ապա www.kursayin.am և նման ծառայություններ մատուցող կայքերը կփակվեն:
2008 թ.-ին, ավարտելով Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետը, Մարթան ընդունվում է Վիեննայի միջազգային համալսարան: Այստեղ սովորում է «Դիվանագիտություն և ռազմավարական հետազոտություններ», այնուհետև «Լույս» հիմնադրամի կրթաթոշակով մեկնում է Լոնդոն: Լոնդոնի համալսարանական քոլեջում «Մարդու իրավունքներ» սովորելուց հետո ստանում է մագիստրոսի աստիճան: Այժմ Մարթան որպես տնտեսագետ աշխատում է «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնում», միաժամանակ դասավանդում է Հայ-սլավոնական համալսարանում, գրում է hetq.am-ը:
Հայաստանում ուսանողի լավ սովորելը կախված է կոնկրետ դասախոսից
Ունենալով թե արտերկրում ուսանելու, թե այժմ Հայաստանում դասավանդելու փորձ՝ հետաքրքիր էր իմանալ, թե երիտասարդ հետազոտողը կրթական ոլորտի ինչ հիմնական բացթողումներ է նկատում Հայաստանում: Մարթայի խոսքով՝ խնդիրները բազմաթիվ են, բայց առաջնայինը կրթական համակարգի բացակայությունն է: Ըստ նրան` հայկական իրականությունում ուսանողի լավ սովորելը կախված է կոնկրետ դասախոսից: Եթե դասախոսը հաջող է, նա ուսանողին կտա նյութեր, տեսլական, հակառակ դեպքում՝ ուսանողի կրթական գործընթացը կարող է անհաջողության մատնվել: Այնինչ, առաջատար համալսարաններում կրթական համակարգն այնքան հզոր է, որ ուսանողը կարող է սովորել և վերցնել առավելագույնը: Երկրորդ խնդիրը, որ առանձնացնում է Մարթան, համալսարանական ազատ ինքնավարության բացակայությունն է: Նրա խոսքով՝ առաջատար համալսարաններն այնքան ինքնավար են, որ պետությունը չի կարող ազդել դրանց մենեջմենթի և ուսանողական գործընթացի վրա:
«Մինչդեռ Հայաստանի այօրվա համակարգը Ռուսաստանում գործող համակարգն է. կենտրոնացված համակարգ, որտեղ համալսարանները լիովին ենթարկվում են ԿԳՆ-ին», – ասում է Մարթան:
Համալսարանում Մարթան դասավանդում է «Հետազոտությունների մեթոդներ» առարկան: Նրա խոսքով՝ ուսանողների շրջանում կան լավ գաղափարներ, բայց շատ հաճախ նրանք չեն կարողանում դրանց գիտական հիմնավորում տալ, փաստարկել իրենց տեսակետը:
«Կարևորը ոչ թե այն է, թե ինչ մասնագիտություն ես սովորում առաջատար համալսարանում, այլ այն, թե ինչպես են քեզ սովորեցնում դառնալ հետազոտող: Հայաստանում նման մոտեցում գրեթե չկա», – ասում է երիտասարդ դասախոսը: Այնուհետև նա բացատրում է, թե ինչու է ուսանողության շրջանում այդքան տարածված ուսանողական գրագողությունը: Նրա կարծիքով՝ պատճառը բնավ այն չէ, որ ուսանողները չունեն զարգացած միտք ու ստեղծագործական մոտեցում, այլ այն, որ նրանց չեն սովորեցնում՝ ինչպես կիրառել, զարգացնել ու խորացնել այդ միտքը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: