Եվրահանձնաժողովը հրաժարվել է խոչընդոտել ռուսական «Հարավային հոսք» գազատարի կառուցմանը
Ռուսական Ведомости թերթի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովը հրաժարվել է ռուսական «Հարավային հոսք» գազատարի կառուցմանը խոչընդոտելու գաղափարից: Խոսքը գնում է ռուսական «Գազպրոմի» հետ կնքած համաձայնագրերը վերանայելու նպատակով ԵՄ-ի երկրներին հարկադրելու մասին:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարար Անատոլի Յանովսկին: Նախորդ շաբաթ «Հարավային հոսքի» վերաբերյալ բանակցությունների վարելու համար Մոսկվա է ժամանել էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Օթթինգերը:
Բանակցությունների արդյունքներով կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ, որի շրջանակներում պլանավորված է քննարկել նախագծի տեխնիկական ու իրավական կողմերը: Коммерсантъ թերթն իր հերթին գրում է, որ «Հարավային հոսքի» վերաբերյալ Մոսկվայի ու Բրյուսելի միջև տեղի ունեցած առաջին բանակցություններն անարդյունավետ են եղել:
«Հարավային հոսք» գազատարի կառուցումը պաշտոնապես մեկնարկել է 2012 թվականի դեկտեմբերին: Գազատարի թողունակությունը կազմելու է տարեկան 63 միլիարդ խորանարդ մետր: Խողովակաշարի անցկացման մասին միջկառավարական համաձայնագրեր են ստորագրվել Ավստրիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Հունաստանի, Սերբիայի, Սլովենիայի ու Խորվաթիայի հետ: