Ո՞վ կհաղթի Ազատության հրապարակի համար պայքարում

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի այսօրվա հանրահավաքը կարելի է հաջողված համարել՝ որպես առաջին նման մասշտաբային ակցիա: Հանրահավաքի մասնակիցների թիվը հասնում էր 4000-5000-ի, ինչը շուրջ երկու տարվա հանրահավաքային պայքարի դադարից հետո կարելի է անգամ աննախադեպ թվաքանակ համարել: Հատկապես, որ գոնե ֆորմալ առումով հանրահավաքը կազմակերպել էին ոչ թե քաղաքական ուժերը, այլ քաղաքացիական նախաձեռնությունները: Հանրահավաքին հաջորդեց նույնքան տպավորիչ երթ, որը նույնպես կարելի է համարել քաղաքացիական պայքարի այս փուլի կարևոր հաջողությունը:

Այդուհանդերձ, այսօրվա հանրահավաքի հիմնական արձանագրումը, թերևս, դրա «քաղաքական միջուկի» բացակայությունն էր: Թեև կուտակային համակարգի դեմ պայքարն ինքնին քաղաքական է, ինչպես որ դրա մասնակիցների պահանջները, սակայն, ընդհանուր առմամբ, այսօրվա հանրահավաքն իր բնութով ապաքաղաքական էր կամ ոչ այնքան քաղաքական: Չնայած՝ ինչպես հարթակում, այնպես էլ հրապարակում, բազմաթիվ քաղաքական ուժերի ներկայացուցիչների առկայությանը:
Պարտադիր կուտակային համակարգի դեմ պայքարող ակտիվիստները հայտարարել են, որ պայքարն այսօրվա հանրահավաքով չի սահմանափակվելու, առաջիկայում լինելու են բողոքի այլ գործողություններ, անհնազանդության տարբեր ակցիաներ:

Սակայն նաև այսօրվա հանրահավաքը ցույց տվեց, որ այս պայքարը կարող է հաջողության հասնել միայն քաղաքական բովանդակություն և ուղղվածություն ստանալու դեպքում: Կուտակային համակարգի դեմ պայքարը նախաձեռնած երիտասարդներից շատերը դեմ են պայքարը քաղաքականացնելուն: Նրանցից շատերն իրավացիորեն մտավախություն ունեն, որ այդ դեպքում իրենք ու իրենց պայքարը կարող է օգտագործվել քաղաքական ուժերի կողմից՝ սեփական նպատակներին հասնելու համար:

Մյուս կողմից՝ առկա է այն հրամայականը, որ մինչև պայքարը քաղաքական ուղղվածություն չստանա, չի կարող հաջողության հասնել: Հետևաբար՝ այսօրվա հանրահավաքային հաջողությունը, երիտասարդներին ոգևորելուց բացի, պետք է ստիպի նաև գտնել այդ դիլեմայի լուծումը, եթե, իհարկե, նրանք ցանկանում են հասնել վերջնական հաղթանակի: Իսկ լուծումն այն է, որպեսզի պայքարի քաղաքականացումը չընդունվի սվիններով, միևնույն ժամանակ այնպես անելով, որպեսզի որպես գործիք օգտագործվեն ոչ թե քաղաքացիական ակտիվիստները, այլ քաղաքական ուժերը:
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը դադարեցնելու երկու հիմնական տարբերակ կա. կամ քաղաքացիների ճնշումը պետք է այնքան հզորանա, որպեսզի իշխանությունները ստիպված չեղյալ հայտարարեն այն, կամ պայքարը պետք է խորանա քաղաքական հունով, մինչև այն հանգեցնի իշխանափոխության, և նոր իշխանությունները չեղյալ հայտարարեն այդ համակարգը:

Ակնհայտ է, որ երկու վատագույն տարբերակներից իշխանությունների համար ձեռնտու է առաջինը. Եթե պայքարն այնուամենայնիվ պետք է ծավալվի, ապա ավելի նախընտրելի է, որ այն դուրս չգա քաղաքացիականության հարթությունից և ավարտվի կուտակային համակարգը չեղյալ հայտարարելով կամ հետաձգելով:

Եթե այս դեպքում իշխանությունը ստիպված կլինի զիջել միայն այս հարցում, ապա երկրորդ տարբերակի պարագայում՝ ստիպված կլինի զիջել ամբողջը, այսինքն՝ իշխանությունը: Այս համատեքստում չպետք է անգամ բացառել, որ ինչ-որ պահի իշխանություններն իրենք փորձեն հզորացնել քաղաքացիական պայքարը՝ կրիտիկական պահին հերթական «սիրուն չի» օպերացիան իրականացնելու համար:

Քաղաքացիական ակտիվիստներից շատերին այդ տարբերակը կարող է գոհացնել, քանի որ նրանք են հայտարարում, իրենք պայքարում են միայն առանձին վերցրած այս խնդրի դեմ:

Բայց պայքարողների շարքում կան նաև այնպիսիք, ովքեր այս շարժումը համարում են համընդհանուր պայքար սկսելու լավ հնարավորություն, որը կարող է Հայաստանում հանգեցնել իրական փոփոխությունների: Իսկ այդպիսիք հնարավոր են միայն իշխանափոխության դեպքում: Պայքարը քաղաքականացնելու հրամայականը վերաբերում է առաջին  հերթին՝ այս շերտին: Նրանց խնդիրը բավական դժվար է, քանի որ նրանք ստիպված են լինելու պայքարել ոչ միայն իշխանությունների, այլև Ազատության հրապարակում գտնվող քաղաքական ուժերի գոնե մի մասի ստվերային նպատակների դեմ:

Կկարողանա՞ն արդյոք քաղաքական պայքարի պատրաստ երիտասարդները ֆիլտրել իրենց աջակցող քաղաքական ուժերին, թե՞ վերջիններիս կհաջողվի ազդեցություն հաստատել իրենց նպատակներին ծառայելու պատրաստ ակտիվիստների նկատմամբ: Սա է հիմնական հարցը, որն առաջադրեց այսօրվա հանրահավաքը: Ազատության հրապարակը կրկին քաղաքական գործոն դառնալու հայտ է ներկայացնում, ու հիմա սկսվելու է ներքին պայքար՝ հրապարակի համար:

Տեսանյութեր

Լրահոս