«Քոչարյանի ակտիվությունը համաձայնեցված է Կրեմլի հետ». Վադիմ Դուբնով

«Առաջին լրատվական»-ը զրուցել է կովկասյան խնդիրներով զբաղվող ռուսաստանցի փորձագետ, ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության վերլուծաբան Վադիմ Դուբնովի հետ:

– Պարոն Դուբնով, ԱՊՀ գործադիր կոմիտեն հայտարարություն է տարածել այն մասին, որ Եվրասիական տնտեսական միության համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի միջև, որից հետո Մոսկվան կդառնա կառույցի քաղաքական մայրաքաղաքը, Ալմաթին՝ ֆինանսական, իսկ Մինսկը՝ դատական մայրաքաղաքը: Հայաստանը մինչ այդ կմիանա Մաքսային միությանը, որից հետո էլ Եվրասիական միության հիմնադիրներին: Իսկ ի՞նչ է բաժին ընկնելու Երևանին:

– Ինձ բարդ է երևակայել, թե ինչ կարող է բաժին ընկնել Երևանին, եթե  դատական մայրաքաղաքի պարտականությունն արդեն բաժին է ընկել Բելառուսին: Բայց կարող է, օրինակ, Երևանը լինել սպորտային մայրաքաղաք, կամ չգիտեմ` շատ բան կարող է լինել: Իսկ եթե էական, ապա քիչ հավանական է, որ Երևանին որևէ բան բաժին ընկնի, քանի որ Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին լինելու է շատ ավելի սիմվոլիկ և ֆորմալ, քան Բելառուսի և Ղազախստանի դեպքում, որովհետև Հայաստանը կարող է շատ արժանապատիվ դերակատարություն ունենալ այս ամենում: Հայաստանն այս ողջ միավորումը կվերածի օրգանական կառույցի, քանի որ կարելի էր ինչ-որ կերպ կատակել, սնահավատություն փոխանցել միամիտ մարդկանց, երբ խոսքը Ղազախստանի և Բելառուսի մասին էր, որովհետև այդ միությունն ուներ երկար պատմություն, քանի որ այդտեղ պատմական զարգացման տրամաբանություն կար, իսկ Հայաստանը իր ողջ պատմությամբ, կենսագրությամբ, իր ներքաղաքական և արտաքին քաղաքական երկիմաստությամբ դուրս է մնում այս հարթությունից և այս ամենին հաղորդում է լակոնիկ արհեստականություն, ուստի վախենամ, որ դուք մայրաքաղաք չդառնաք:

– Այդ դեպքում ԼՂ-ն ի՞նչ կարգավիճակ է ունենալու այն ժամանակ, երբ ՀՀ-ն միանա ՄՄ-ին, և ամենակարևորը` որտե՞ղ է ավարտվելու ՄՄ սահմանը:

– Ես կարծում եմ, որ այս ողջ պատմությունը, «ճանապարհային քարտեզը», քննարկումները, որոնք պետք է լինեն այս տարվա ընթացքում, կլինեն ԼՂ հարցը փակագծերից դուրս բերելու փորձ: Ես կարծում եմ, որ ԼՂ-ն այն անունն է, որը ոչ մեկը չի տալու, իսկ փաստաթղթերում լինելու է որոշակի պայմանավորվածություն, որևէ կողմ չի փորձելու գրգռել Ադրբեջանին և դիպչել կարգավիճակային հարցերին: Սահմանն անցնելու է Գորիսի սահմանով, դա կլինի պաշտոնական, իսկ ոչ պաշտոնական ԼՂ-ն Հայաստանի մասն է, և դա ոչ մեկին այս պարագայում չի խանգարի:

– Վերջերս բավականին ակտիվ քննադատության է անցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա մասնավորապես քննադատել էր կառավարության գործող համաձայնագրերը «Գազպրոմի» հետ և վերջին տարիների գործունեությունը: Հնարավո՞ր է երկրորդ նախագահի ակտիվությունը  թելադրված կամ համաձայնեցված լինի Մոսկվայի հետ:

– Ես կարծում եմ` այո: Ես կարծում եմ, որ Քոչարյանն իր խաղն է խաղում, ես այդ հայտարարություններում որևէ սենսացիոն բան չեմ տեսնում, սա տեղավորվում է   այն ամբողջ տրամաբանության մեջ, որով վերջին տարիների ընթացքում  շարժվում է Քոչարյանը: Կարծում եմ, որ սա համաձայնեցված է Մոսկվայի հետ, բայց չեմ կարծում, որ սա գնում է ընդդեմ Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին  ձեռք բերված համաձայնությունների, ավելի ճիշտ` այստեղ Սարգսյանն ու Քոչարյանը հանդես են գալիս որպես ընդդիմախոսներ, կարծում եմ, որ սա պարզապես կարող է դիտարկվել որպես Սերժ Սարգսյանի նկատմամբ հավելյալ ճնշում, որովհետև այն, ինչ ստորագրվել է Մոսկվայում ՄՄ-ի վերաբերյալ, դա ոչ թե անվտանգության սպառնալիքի ճնշում էր, ինչպես ընդունված է համարել, այլ` ներքաղաքական խնդիրների արդյունք, որոնց մասին Մոսկվայում Սերժ Սարգսյանին ակնարկեցին: Այդ խնդիրներից մեկը Ռոբերտ Սեդրակովիչն է: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ ճնշում է, որը հիմնված չէ տարածաշրջանային անվտանգության սպառնալիքի վրա, այլ մաքուր ներքաղաքական բախումների, որոնց պայմաններում Սերժ Սարգսյանը ստիպված է ապրել:

 

Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս