Տիգրան Սարգսյանն առաջնորդվում է «Շմայսի սկզբունքով»

Կառավարությունն իր երեկվա նիստում հաստատել է պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միացած մասնակիցների մասին հարկային մարմնի կողմից գործատուներին տեղեկացնելու կարգը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ որոշման ընդունումը թելադրված է «Կուտակային կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքի հոդվածներից մեկով: Այս որոշումն, իհարկե, զուտ տեխնիկական նշանակություն ունի, սակայն, դրանով հանդերձ՝ կառավարությունն այդ առիթն օգտագործել է հասարակությանը հերթական անգամ ցույց տալու համար, որ քաղաքացիներին վերաբերվում է այնպես, ինչպես ՀՀԿ-ական Շմայսը՝ բոլորին: Այսինքն՝ «փաթթած ունի» հասարակության բողոքը:

Վաղը նախատեսված է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքող ակտիվ քաղաքացիների հանրահավաքը, որը, ըստ ամենայնի, կարող է բավական բազմամարդ և ազդեցիկ լինել: Անցած երկու ամիսներին այդ համակարգի դեմ բողոքող քաղաքացիական խմբերը, անհատներն ու այս պայքարին աջակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչները տասնյակ, հարյուրավոր փաստարկներ են ներկայացրել՝ ապացուցելու համար այդ համակարգի կիրառման աննպատակահարմարությունն ու վտանգավորությունը:

Կառավարությունը, սակայն, այդ փաստարկներին ի պատասխան՝ որևէ հիմնավորում չի ներկայացրել, բացի անգիր արված այն տեքստից, որ բոլոր նմանատիպ բարեփոխումները դիմադրություն են ունենում, և այսօր բացասաբար ընկալվող քայլերը 20-30 տարի հետո ցույց կտան իրենց բարեբեր ազդեցությունը: Եվ ահա, այդ համակարգի դեմ սպասվող քաղաքացիական-քաղաքական ընդվզման հանրահավաքի նախօրեին կառավարությունը նման որոշում է ընդունում: Խնդիրը ոչ թե ինքնին այդ որոշումն է, այլ այն, որ կառավարությունը դա ընդունում է՝ որևէ կերպ չանդրադառնալով այն խնդրին, որ հազարավոր մարդիկ դեմ են դրան:

Կարող էր, չէ՞, կառավարության նիստերում դասախոսություններ կարդալու սեր ունեցող վարչապետ Տիգրան Սարգսյանն այս որոշման ընդունումից առաջ կամ հետո գոնե ձևի համար մի քանի նախադասություն ասել այն մասին, որ որքան էլ կառավարությունը հավատում է այս բարեփոխմանը, այդուհանդերձ, հազարավոր քաղաքացիներ դեմ են դրան, ինչը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Իհարկե, շատ ավելի արդարացված կլիներ, եթե վարչապետը, ասենք, սոցապ նախարարին հանձնարարեր ևս մեկ անգամ քննարկել այս օրենքի կիրառման հարցը, սակայն, ինչպես հայտնի է, Տ. Սարգսյանը նման հանդուրժողականություն է ցուցաբերում միայն այն առաջարկների հանդեպ, որոնք հեղինակում են ՀՀԿ-ականները:

Իսկ պարտադիր կենսաթոշակային համակարգի դեմ պայքարողները ոչ թե հանրապետականներ են, այլ քաղաքացիներ: Հենց նրանց է ուղղված կառավարության այս որոշումը և ոչ թե՝ այս համակարգին միացած «կամավորներին», որոնց թիվն, ըստ ամենայնի, ծիծաղելիորեն փոքր է, այլապես իշխանությունները բոլոր հնարավոր միջոցներով կներկայացնեին, որ, ասենք, այսքան հազար քաղաքացի կամավոր միացել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Իսկ դրա դեմ բողոքող քաղաքացիներին կառավարությունն այսպիսով հասկացնում է՝ որքան ուզում եք՝ բողոքեք, միևնույն է, ոչինչ չի փոխվելու:

Կշարունակվի՞ կառավարության այս ինքնավստահությունը, թե՞ ոչ՝ կախված է հունվարի 18-ի հանրահավաքի մասնակիցների քանակից ու հետևողականությունից: Կառավարությունն իր այս արհամարհական վարքագծով քաղաքացիներին այլ ելք չի թողնում, քան համարժեք պատասխան տալ՝ ապացուցելով, որ իշխանությանը վերաբերվում է «Շմայսի սկզբունքով»՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Ի դեպ, քաղաքացիական ակտիվիստները կարող են մարտավարական փոփոխություն կատարել իրենց պայքարում և «Դեմ եմ» կարգախոսը փոխարինել «Փաթթած ունեմ» լոզունգով: Հաշվի առնելով գործող իշխանությունների որակը՝ դա շատ ավելի ընկալելի կլինի նրանց համար:

Տեսանյութեր

Լրահոս